Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում հռչակավոր սպորտսմենուհի, երկու սկսնակ սպրոտսմենների՝ տասնամյա հոկեիստ Արտյոմի և յոթնամյա գեղասահորդուհի Վարվարայի մայրը հայ գեղասահորդների և նրանց ծնողների համար կացկացնի վարպետության դաս: Հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի սպորտային կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին և սկսնակ գեղասահորդների հետ կկիսվի մասնագիտական վարպետության գաղտնիքներով:
Այս մասին տեղեկացնում է  Aysor.am-ը։

Իրինա Էդուարդի Սլուցկայան հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդ է, մենակատար, համաշխարհային սպորտի լեգենդ, հասարակական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կամավոր ֆիզկուլտմիության նախագահ, Մոսկվայի շրջանային Դումայի պատգամավոր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, Գրան Պրի շարքի քառակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր: Վարում է ակտիվ հասարակական գործունեություն՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը, հիմնել է գեղասահքի մարզադպրոցների ցանց: 

Չմուշկներով սկսել է սահել 4 տարեկանից, իր ողջ սպորտային կարիերան անցել է մարզիչ Ժաննա Գրոմովայի հետ՝ ցուցադրելով իրենց բարդությամբ ու գեղեցկությամբ ցնցող ելույթների ծրագրեր:

Կարիերայի սկզբում մարզիչները վստահ չէին աղջկա հնարավորությունների և հեռանկարների հարցում՝ համարելով նրան ոչ ճկուն և արտիստիկ: Մեծանալով և հղկելով կատարման տեխնիկան՝ նա ձեռք բերեց հմայիչ կանացիություն և այդ ժամանակից ի վեր սառցե բեմերում ցուցադրում է ոչ միայն անհավանական բարդ պտույտների, ցատկերի և սահընկումների կատարման թեթևություն, այլև՝ բացառիկ արտիստիկություն:

Առաջին հաղթանակը, որը դարձավ փայլուն կարիերայի մեկնարկը, նա նվաճել է 8 տարեկանում: Նրա՝ մարզումներով հագեցած կյանքում, եղավ մի շրջան, երբ հասցնում էր հաճախել նաև բալետի և երաժշտական դպրոց: Մանկուց նրա մեջ առկա էին հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր որակները՝ համառություն և համբերություն, պատասխանատվություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ, աշխատասիրություն, կարգապահություն և ամուր նյարդեր:

Գեղասահորդուհու փայլուն կարիերայում եղել է նաև սարսափելի շրջան, երբ աննկարագրելի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել անոթների լուրջ հիվանդությունից հետո և հաղթել 2005 թվականի աշխարհի և 2006 թվականի Եվրոպայի չեմպիոնատները, ինչպես նաև նվաճել Իտալիայի օլիմպիադայի բրոնզե մեդալը:

2006 թվականի նոյեմբերին գեղասահորդուհին, ով այդ պահին արդեն իսկ նվաճել էր 40 ոսկե, 21 արծաթե և 18 բրոնզե պարգևներ, հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում