Մեր շունը

Մեր շունը

Ամեն բանի էլ լավը լինում է։

Մենք շատ շներ ենք ունեցել, բայց մի շուն ունեինք, որ գյուղի մեջ մի հատ էր։ Ուրիշ շուն
էր մեր շունը, հասկացող, խելոք, հավատարիմ։ Լավն էր, շատ լավն էր, իսկի չեմ
մոռանում մեր Մշկոյին։

Առավոտյան կովերին նախրամեջ տանողը մեր Մշկոն էր, երեկոյան նախրից տուն
բերողը մեր Մշկոն էր։

Հաց թխելու ժամանակ հավ ու ճիվ տանից դուրս անողը մեր Մշկոն էր։

Երեկոյան դեմ հավ ու ճիվ․ թխսամորն իր ճուտերով ներս անողը մեր Մշկոն էր։

Այսպես՝ մեր Մշկոն մի շատ լավ, հասկացող, խելոք, հավատարիմ շուն էր։

Բայց մի բան կա, որ ես իսկի չեմ մոռանում մեր Միշկոյին և մտքումս ասում եմ, մի՞թե
շունը կարող է այդչափ հասկացող լինի։

Կալի ժամանակ, դե՛, գիտեք, թե ինչքան աշխատող ձեռք է հարկավոր գյուղացուն։

Կամերը պետք է քշել, կալի բոլորը վրա գցել, կալը երես լինելիս պետք է շրջել, տակը
վրա անել, մանրել, թեղել, տակը ավելել։

Բա ի˜նչ կրակ բան է, երբ տեսնում ես արև արեգակ օրը՝ մին էլ հանկարծ երկնքի վրա մի
թաշկինակի չափ ամպ դուրս եկավ, մի երկու րոպեի մեջ լայնացավ, մեծացավ, սևացավ
ու կաթկթոցն ընկավ, գոռգոռոցն էլ հետևից։

Այդ ժամանակ կալի մեջ սկսվում է մի դժվար աշխատանք․ որը եղանն է քաշում, որը
թին, որը փոցխը, որը ցախավելը, կալը հավաքում են, ջոկ-ջոկ հուկուլներ են դնում և
անձրևի ձեռքից կալը ազատում։

Մայրիկս մենակ էր, բայց շատ ժիր։ Առավոտ կանուխ վեր էր կենում, տան բանը անում,
կերակուր եփում, հացը թխում։ Փոքրիկ եղբորս էլ ծիծ էր տալիս, քնացնում իր օրորոցում,
դուռը վրան փակում ու գալիս կալը՝ մեզ օգնելու։

Մեր Մշկոն դռանը չէր պառկում, դես-դեն չէր ընկնում, բարձրանում էր կտուրը,
պառկում կտրան ծերին, առաջին թաթիկները երկարացնում էր դեպի երդիկը, գլուխն էլ
դնում էր թաթերի վրա ու պառկում, ականջը ձենի պահած։

Հենց որ եղբայրս զարթնում էր ու լաց լինում, շունը բարձրանում էր հետի ոտներին,
երեսը դեպի կալը դարձնում ու հաչում, կոնծկոնծում էր։

Մայրս ասում էր․

Դե ես գնամ, շան հաչոցը գալիս է, երեխան զարթնել է, լաց է լինում։

Այսպես խելոք, հասկացող, հավատարիմ շուն էր Մշկոն։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում