Իմ բադիկը

Իմ բադիկը

Իմ բադիկը, իմ փոքրիկ, իմ կաղլիկ բադիկը, որ ինձ ընծայեց իմ քեռեկին Մարոն։

Կուզեք պատմեմ, թե ինչպես եղավ, որ բադիկն ինձ ընծայեցին։

Մի օր մայրիկս ինձ ասաց․

-Աթի՛կ ջան, չե՞ս գալիս գնանք քեռանցդ, ես մենակ վախում եմ։

Քեռանցս գյուղը, Ղալթաղչին, մոտ երկու վերստ հեռու է մերից։ Ես շատ ուրախացա, որ
մայրիկս ինձ էլ է ուզում տանել քեռանցս։ Ես էն ժամանակ յոթ տարեկան կլինեի, ոչ
ավելի։ Փայտը ձի արի, մի բարակ ճիպոտ՝ մտրակ, ոտաբոբիկ, անգոտիկ, գլխաբաց ընկա
մայրիկիս առաջը և գնացինք քեռանց տուն։

Ճամփին մայրիկս ծիծաղում էր ինձ վրա․

-Մի տղա կա՝ անունն Աթիկ,
Ոտաբոբիկ, անվարտիք,
Թռչկոտում է ինչպես հորթիկ,
Համ ձի ունի, համ մտրակ,
Չունի գուլպա ու գտակ։

-Հա, հասկանում եմ, մայրիկ ջան, էդ ինձ հետ ես,- ասում էի ես։ – Մայրի՛կ ջան, որ գնանք
քեռանց, դու ասա՝ էս երեխան էլ բոբիկ է հո։ Մարո քեռեկինը, էն է, կհասկանա, բուրդ
կտա, դու էլ ինձ համար գուլպա կգործես․ հա՞, մայրիկ ջան, կասե՞ս։

-Չէ, չեմ ասի, Աթիկ, գուլպան դու պիտի հագնես, դու էլ ասա։

-Ես ամաչում եմ, մայրիկ ջան, ինչպե՞ս ասեմ, ամոթ չի՞։ Է՛ մայրիկ ջան, դու գիտես, եթե
չասես, էս է ձիուս գլուխը ետ դարձրի, գնում եմ մեր գյուղը, դու մենակ կաց ու վախեցիր։

Հը, կասե՞ս, թե ոչ։

-Լավ, լավ, մի՛ բարկանա, Աթիկ, կասեմ, կասեմ, ինձ մենակ մի՛ թողնի, եթե ոչ կգնամ և
կկորչեմ, էն ժամանակ քեզ ով մայրիկ կլինի։

-Որ էդպես է գնանք, մայրիկ ջան,- վազեցի և փաթաթվեցի նրան։
Շուտով հասանք քեռանց տուն։

Սիրտս թպրտում էր, թե առաջին անգամ ինձ ով կպատահի։ Լավ էր՝ դռանը ոչ ոք չկար,
որ ինձ տեսներ։ Մայրիկս դռնից կանչեց ձայնը փոխած։

Էյ, ո՞վ կա տանը, դուրս եկեք, ձին ներս քաշեցեք, հյուր է եկել։

Էդ ձայնի վրա մեծ քեռիս, Մնացը, դուրս եկավ, ես ձիս թողած կպա մայրիկիս։
-Սրբուհի ջան, դո՞ւ ես, ա՛յ, մասխարա,- ասավ քեռիս մայրիկիս և բռնելով ինձ
համբուրեց։

Որ լսեցին մայրիկիս գալը՝ հավաքվեցին նրա ազգականները, մոտիկ հարևանները և
սկսեցին բաներ պատմել տալ մայրիկիս, որովհետև նա պատմելու մեջ շատ ընդունակ
էր, շատ հանաքչի․ մարդկանց խոսելու, քայլելու ձևերն ու շարժումներն այնպես էր
վերցնում, պատկերացնում, որ բոլորը ծիծաղու թուլանում էին և երկար ժամանակ չէին
ուզում հեռանալ նրա մոտից․ նա բոլորի սիրելին էր։

Մայրիկս ինձ վրա էլ ծիծաղեց, ճամփի խոսակցությունը ջոկ-ջոկ պատմեց։ Ես
երեսս ձեռքերիս մեջ առած՝ կպել էի մայրիկիս ծնկին և ոտներովս բուլդի-բուլդի անում,
բարկանում էի, որ նա ինձ ամաչացնում է։

Ամեն բան լավ, բայց ես գուլպի տեր չդարձա։ Մարո քեռեկինն ասավ, որ
ոչխարները դեռ չեն խուզել, պատրաստի բուրդ չկա։ Սիրտս շահելու համար նա
խոստացավ մի բադիկ տալ ինձ։

Դռանը կռթկռթում էր թուխսը, որի ճտերի մեջ կային նաև մի երկու բադի
ճուտիկներ։ Մարո քեռեկինը ձվերը խառն էր դրել թուխսի տակ։ Բադիկներից մեկը կաղ
էր դուրս եկել ձվից և չէր կարողանում հասնել մոր հետևից, մյուս ընկերներից ետ էր
մնում։ Մարո քեռեկինը հենց կաղ ճուտիկին ինձ ընծայեց, ավելի շուտ՝ նրանից
ազատվելու համար։

Ես շատ ուրախացա, համարյա ոտներս գետնից կտրվեցին։ Բոլորովին մոռացա
գուլպի մասին։

Գրկեցի բադիկիս և հենց նույն օրը ուրախ ճամփա ընկանք մայրիկիս հետ դեպի
մեր գյուղը։

Ճամփին պատմում էի մայրիկիս, թե ինչպես պիտի կտեմ, ջրեմ բադիկիս, ինչպես
պիտի նրան պահեմ և առողջացնեմ ոտը։ Մայրիկս դարձյալ հանգիտս չէր թողնում ինձ,
կատակներ էր անում և ինձ չարացնում։

-Չար Աթիկը, բաց թաթիկը, կաղ բադիկը, կաղ բադիկը, չար Աթիկը, բաց թաթիկը,-
կրկնելով գալիս էր։

Հենց որ մեր գյուղին մոտեցանք, ես մայրիկիցս առաջ ընկա և վազեցի տուն։ Հասնելուս
պես մի կավե ամանի մեջ բուրդ դրի, բուրդն էլ հանելով մի բարձից․ բադիկիս կտեցի,
ջրեցի և դրի բրդի մեջ, որ տեղը տաք և փափուկ լինի։ Հետո վազեցի Հոռոմ մորքուրանցս
տունը, իմաց տվի, որ ես և մայրիկս գնացել էինք քեռանց․ Մարո քեռեկինն էլ ինձ մի
բադիկ է ընծայել, բայց մի ոտից կաղ։ Ասի մորքուրիս՝ արի ճուտիկիս ոտը կապի, որ
առողջանա։

Մորաքույրիս հետ եկանք մեր տուն։ Նա համ տեղեկություն առավ մայրիկիցս քեռանց
մասին, համ էլ ճուտիկիս ոտը կապեց։ Ես դարձյալ դրի նրան բրդի մեջ։ Ես և բադիկս
միասին էինք քնում։ Ես շատ սիրեցի բադիկիս, այնպես որ նա իմ խաղընկերն էր դարձել։

Մի օր էլ բադիկս թևերը կախեց, ոչինչ չկերավ և իրիկնապահին էլ շունչ չքաշեց,
փետացավ մնաց։ Ես լալիս էի ու լալիս։ Նրան պաչում էի, կրծքիս էի սեղմում,
տաքացնում, բերանից փչում, որ շունչ տամ նրան, բայց չելավ, որ չելավ։ Նա արդեն մեռել
էր։

Մայրիկս ինձ սիրտ էր տալիս, գուրգուրում էր․

Մի առողջ բադիկ կտամ, մի′ լաց լինի,- ասում էր ինձ։

Չե՛մ ուզում, չե՛մ ուզում, – ոտներս գետին էի խփում, – ես ուրիշ բադիկ չեմ ուզում:

Մայրիկ, դո՛ւ արիր, որ իմ բադիկը մեռավ։ Դու նրան կաղ անվանեցիր, նա էլ սրտին
առավ, խռովեց ու մեռավ։

Ես լաց եմ եղել, լաց եմ եղել և այնպես քնել։ Գիշերը շատ եմ զառանցել բադիկիս մասին․
էդպես էր պատմում մայրիկս։

Մյուս առավոտ ես տեղիցս էլ չկարողացա վեր կենալ, բերանս չորանում էր, տաքությունս
շատանում։ Մի շաբաթից ավելի բավականին լուրջ հիվանդացել եմ։

Ահա էն օրվանից է, որ ես սաստիկ սիրում եմ թռչունների ճուտիկներին և փոքրիկ
կենդանիներին։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում