Երեք դարդատեր

Երեք դարդատեր

Ժամանակով իրեք ջահել տղա գնում են աշխատանքի։ Գնում են հասնում մի ճամփաբաժանի։ Նրանք իրար խոսք են տալիս՝ ով որ առաջինը ետ դառնա, սպասի մեկելներին. ոնց որ իրար հետ դուրս են եկել գեղիցը, էնպես էլ իրար հետ ետ գան։

Անց ա կենում մի քանի տարի։ Էդ տղերքը ետ են գալիս իրենց նշանակած տեղը։ Ամեն մեկը սկսում ա պատմել իր գլխի եկածը։ Նրանցից մեկը ասում ա,- ես յոթ տարի Վանա թագավորի մոտ ձիապան էի։ Աստծու ամեն առավոտ թագավորն ինձ հարուր ոսկի էր տալիս ու հրամայում, որ տանեմ աղքատներին բաժանեմ։ Ես էլ էդ հրամանը հալալությունով կատարում էի։ Յոթ տարին որ թամամեց, թագավորը շատ փող տվեց ինձ ու ճամփու դրեց։

Ընկերները հարցնում են.

– Բա, դու, որ յոթ տարի թագավորի մոտ ձիապան կացար, ու նա քու ձեռով ամեն առավոտ փող էր բաժանում աղքատներին, օրից մի օր չհարցրի՞ր, թե թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ էդ բանը անում ես։

– Չէ,- ասաց տղեն,- որ սիրտս միամիտ էր, էլ չհարցրի։ Հիմի ես էլ ձեզ նման մտածմունքի մեջ ընկա։ Դուք գնացեք տուն, ես ետ դառնամ Վանա թագավորի մոտ, նրա դարդն իմանամ։

Գալիս ա, հասնում Վանա թագավորի պալատը, թագավորը հարցնում ա.

– Ւնչի՞ ետ եկար, այ տղա։

– Թագավորն ապրած կենա,- ասում ա տղեն,- ես յոթ տարի քու դռանը ձիապան էի, ու դու ամեն առավոտ իմ ձեռով փող էիր բաժանում աղքատներին։ Ոչ դու օրից մի օր ինձ հարցրիր, թե. «Այ տղա, փողերն ի՞նչ ես անում», ոչ էլ ես մի օր հարցրի, թե. «թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ դու էդ բանը անում ես»։ Հիմի թագավորն ապրած կենա, ես ետ եկա, որ ոտներդ ընկնեմ, աղաչանք-պաղատանք անեմ, քու դարդն ինձ ասես։

Թագավորը մի խոր հոգոց հանեց ու ասավ.

– Է, ախպեր, իմ դարդը զուլում դարդ ա, քեզ ասելու չի։ Ամա թե կարաս,

գնա Բաղդադ, էնտեղ մի հարուստ կույր վաճառական կա, թե նրա դարդը կիմանաս, կգաս ինձ կպատմես, ես էլ իմ դարդը քեղ կպատմեմ։

Էս տղեն գնաց։ Յոթ օր քաշեց, յոթ ամիս, թե յոթ տարի, հասավ Բաղդադ։ Հարց ու փորձ անելով գտավ վաճառականին։ Սա մի ալևոր, կույր մարդ էր, միրուքը մինչև ծնկները։ Առոք-փառոք նստել էր իր հարուստ վաճառատան առաջ։ Հարցրեց, ասին. «Քաղաքի կեսի տներն ու խանութները նրանն ա»։

Էս տղեն մոտեցավ, բարով տվեց, բարով առավ, հարցրեց.

– Վաճառական աղա, քու դարդն ի՞նչ ա, որ ես իմանամ, գնամ Վանա թագավորին պատմեմ, որ նա էլ իր դարդն ինձ պատմի։

Վաճառականը մի ծանր ախ քաշեց ու ասավ.

– Է, որդի, իմ դարդը շատ մեծ դարդ ա, քեզ ասելու չի. ամա թե կգնաս կհասնես Չինումաչին, էնտեղ մի քոլի վրա մի կենտ ծառ կա, էն ծառի առաջին էլ մի դարբնոց, թե էնտեղի դարբնի դարդը կիմանաս, կգաս ինձ կասես,

էլ իմ դարդը քեզ կասեմ։

Էս տղեն վեր կացավ, գլուխը փեշը գրեց ու ճամփա ընկավ. Չինումաչին որդի՞ ես, գալիս եմ։ Շատ գնաց, թե քիչ, շատն ու քիչը աստված գիտի, շատ աշխարհներ անց կացավ, շատ չար ու բարի տեսավ, վերջը հասավ Չինումաչին։ Գնաց կենտ ծառի մոտի դարբնոցը գտավ ու առավոտահան դուռը կտրեց։

Դարբինը եկավ, մի ծեր մարդ, ամա բոյով-բուսաթով, շենքով-շնորհքով, ոնց որ ղալամով քաշած մի սրբապատկեր։ Եկավ դարբնոցի դուռը բաց արեց,

քուրի կրակն էլ վառեց, փուքսը փչեց, թեժացրեց։ Երկաթը դրեց կրակը, որ կարմրեց, հանեց որ զնդանի վրա ծեծի, մին էլ ասես աչքին մի բան երևաց, մնաց շիվարած կանգնած, ձեռները թիլացան, սառավ անշարժ, անկենդան։

Կրակը հանգավ, երկաթը հովացավ, օրն էլ անց կացավ։ Մութը որ րնկավ, դարբինը նոր ուշքի եկավ, գործիքները հավաքեց, դարբնոցի դուռը փակեց ու

գնաց տուն։ Էս տղեն էլ նրա ետևից։ Տուն մտան։ Տղեն դարբնին բարով տվեց, բարով առավ, պատմեց իր գլխի էկածը, նրա ոտն ու ձեռն ընկավ, աղաչանք արավ, որ իր դարդը ասի։

Դարբինը սրտի խորքից մի «ախ» արա՛վ ու ասավ.

– Իմ դարդը անպատմելի, դարդ ա. ինձ էրում ա, խորովում ա, խաշում։ Ամա որ ուզում ես իմանալ, պատմեմ։

– Հերս ու մերս աղքատ էին, չկարացան ինձ ուսումի տալ։ Որ դառա տասներկու տարեկան, քսաներկու տարեկանի բոյ ու բուսաթ ունեի, ինձ տվին դարբնի աշակերտ, ես սիրով կպա իմ արհեստին, ուստես էլ ինձ աչքի լուսի պես էր սիրում։ Կարճ ժամանակում դառա մեծ ուստա։ Դարբնի գործը հո անում էի ու անում, դրա հետ մեկտեղ ինչ որ սիրտս ուզեր, ինչ որ աչքս տեսներ ձեռաց կշինեի, էլ երկաթի վարդ ու մանուշակ, էլ երկաթի սոխակ ու ծիծեռնուկ, էլ երկաթի շվի ու պկու։ Երկաթը ձեռիս խաղացնում էի, ոնց որ փափուկ թրջած կավ։ Առավոտվանից մինչև իրիկուն իմ դարբնոցի դռնիցը խալխը կտրվում չէր։ Ես էլ աշխատում էի ու աշխատում։ Աշխատանքս խաղ ու պար էր ինձ համար, եկամուտս էլ գալիս էր քչքչան աղբրի նման։

Մի օր էլ տեսնեմ, մեր դարբնոցի դռան կենտ ծառի վրա մի սիրուն ղուշ ա վեր եկել։ Հագար ռանգի նրա բմբուլները պեծպեծին, հուրհրատին են տալիս, մի զարմանալի, մի զարմանալի սիրուն ղուշ։

Էդ ղուշը ինձ բռնեց ու թռցրեց, տարավ վեր բերեց ծովի միջի մի կղզու վրա, մի պալատի դռան։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ ես տեսա։ Երկնային դրա՜խտ։ Մեկ էլ թևերի խշշոց լսեցի, պալատի դռանը վեր եկան մի երամ աղունակներ ու տեղնուտեղը դառան աղջկերք։

Նրանց մեջ մեկը ամենից սիրունն ու արմաղանն էր։ Էդ աղջիկը, էդ երկնային դրախտի տերն էր, կղզու հրամայողն ու իշխողը, մոտեցավ ինձ, փաթաթվեց ու պաչեց.

– Մարդու որդի,- ասաց,- շատ անգամ եմ քու դարբնոցի կենտ ծառի ճղքին վեր եկել ու աչքս քեզ գցած հալվել ու մաշվել։ Քու սիրով էրված, ես ղրկեցի իմ հազարառանգ ղուշը, քեզ բերեց ինձ համար։ Դու իմն ես, ես քոնն եմ հավիտյան, միայն թե դու էլ ինձ սիրես, մենակ ի՛նձ սիրես ու մնաս միշտ հավատարիմ։

Նրա խոսքերը սիրտս տակնուվրա արին, սիրեցի նրան գժվածի պես, ախր ես առաջին անգամն էի սիրում։ Հետի հուրի-մալաք աղջկերքը նրա աղախիններն էին ու ինչքան էլ սիրուն էին, նրա կողքին ոնց որ հող ու մոխիր:

Ու մենք իրար սիրեցինք անսահման, անհատնում սիրով։ Պսակվեցինք։ Կնկանս անունը Չնաշխարհիկ էր, դրուստ որ չնաշխարհիկ, նրա նմանը ոչ գետնի էրեսին կգտնվեր, ոչ երկնքում։ Ու էսպես սիրով ու բախտավոր ապրեցինք յոթ տարի, ունեցանք երեք տղա, էլանք բախտավոր ծնողներ։

Մի օր իմ կնիկը աղունակի կտցավ նամակ ստացավ, նրան հրավիրում էին մի ուրիշ կղզի, իրա ազգականի տղի հարսանիքին։ Գնալուց առաջ նա ինձ ասեց.

– Այ մարդ ջան, իմ երեխեքը քեզ ամանաթ, նրանցով ուրախացիր, ես էլ ձեր սիրով ու կարոտով կապրեմ։ Ւմ գնալ-գալը կքաշի քառասուն օր։ Մենակ թե, ոնց որ առաջին օրը խոսք ենք տվել իրար, հավատարիմ պետք ա մնաս ինձ։

Զարմացա կնկանս ասածի վրա. նրանից հետո ուրիշի՜ն սիրեմ։ Իմ սիրտը անարատ էր ոնց որ պարզ ախպրի ջուրը։ Ու ես իմ էրեխանց հետ ապրեցի ուրախ ու բախտավոր երեսուն ու հինգ օր։ Երեսունվեցերորդ օրը մի չար մտավ սիրտս, գլուխս պղտորվեց, աչքերս ուրիշ տեսակ տեսան կնկանս Աննման անունով աղախնին, աչքս չկարացի պոկել նրա սիրուն աչք-ունքից, կռիվս էի տալի ինքս ինձ հետ, ամա չարը ինձ հաղթեց, ու ես գնացի աղախնոլ մոտ։ է- Իմ տեր,- ասաց Աննմանը,- մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես էլ քեզ եմ սիրում, ամա խանումը իմաստուն ա, նա կիմանա ու էլ չեմ գիտի թե ինչ կանի։

Ես նրան չլեցի, չարն ինձ բորբոքում էր. ես մեղք գործեցի։ Հետո շատ փոշմանեցի, ամա ուշ էր։ Երեսուն ու ինն օր թամամեց, քառասուն օրը մտանք։ Աննմանը ասեց. – Խանումը ուր որ ա կգա, նրան հայտնի ա մեր արած մեղքը։ Եկավ Չնաշխարհիկը։

Հեռվից թևերի ղժժոցն իմացա, մին էլ էն տեսա, որ էն հազար ռանգանի ղուշը ինձ թռցրեց, բերեց վեր դրեց դարբնոցի դռանը ու ինքը թռավ, հեռացավ։

Էն օրվանից տարիներ են անց կացել։ Թե ինչեր եմ քաշել, էդ աստված գիտի։ Կնիկս ու երեխեքս որ միտս են գալիս, բանը ձեռքիցս ընկնում ա, ձեռներս թուլանում են, ես ուշքից գնում եմ գլխումս ղժժում ա հազարառանգ

ղշի ձենը, ասում եմ, բալքի Չնաշխարհիկը ղրկի նրան, որ ինձ ետ տանի. էսքան տարիների տանջանքս դեռ չի քավել իմ մեղքը։

Դարբինը վերջացրեց։ Տղեն վեր կացավ՝ ձեռը պաչեց։ Չինումաչինից ճամփա ընկավ Բաղդադ։ Ո՞ւր ես, Բաղդադ, գալիս եմ։ Եկավ Բաղդադ կույր վաճառականի մոտ, պատմեց նրան դարբնի դարդը։ Հիմի էլ կույր վաճառականը պետք ա պատմեր իրա դարդը ու նա սկսեց.

– Իմ ծնողները աղքատ էին։ Ինձ աշակերտ տվին մի վաճառականի։ Իմ աշխատասիրությունով ու աչքաբացությունով կարճ ժամանակում ես նրա աչքի լիսը դառա։ Շատ աշխարհներ ման եկա, ամեն տեղից մեծ օգուտով ետ դառա, շատ գանձ, մեծ հարստություն դիզեցի, անունով մարդ դառա։

Մի օր ինձ մոտ եկավ մի տերտեր, մի շատ պատվական մարդ։ Նրան մեր քաղաքում սրբի տեղ էին պաշտում ու նրա խոսքը հարգում, կատարում։

– Վաճառական ախպեր, – ասեց տերտերը, – ես մի տեղից բան ունեմ բերելու։ Ինձ քառասուն ջորի տուր վարձով։ Մեկին երկուս կտամ, շուտ արա։

Թե մի ջորու վարձը օրը արժեր մի մանեթ, ես տասը ուզեցի։ Ես միշտ նոքարներիս էի ղրկում, ամա էս անգամ մտքովս մի բան անց կացավ, ու ես էլ հետները գնացի։

Տերտերը նստեց իմ սպիտակ ջորուն, մենք էլ նրա ետևից գնացինք։ Գնում էինք սուս ու փուս։ Էլ մեր մեջ ոչ մի խոսք ու զրից չելավ։ Շատ գնացինք, թե քիչ, մտանք մի մերի։ Ճամփեն գնալով նեղանում էր, քիչ հետո համարյա կտրվեց։ Շատ դժվար կածաններով գնացինք, վերջը դեմ ընկանք մի բարձր քարափի, էլ անց-կենալու ճար չկար։

Տերտերը վեր եկավ ջորուց, ծոցից ինչ-որ գրեր հանեց, աղոթք արավ, խաչակնքեց, մին էլ հանկարծ քարափը ճեղքվեց, ետ քաշվեց։ Տերտերը նշան արավ։ Առաջ գնացինք։ Ի՜նչ տեսանք, աչքդ էն բարին տեսնի։ Հավատալու բան չէր, ամա դե մենք մեր աչքովը տեսանք էլի. մի տեղ ոսկի էր կիտած, մի տեղ լալ ու մարջան, անգին քարերին էլ հո չափ չկար։ Տերտերը հրամայեց թե ջվալները լցրեք, բեռներ կապեցեք։ Ամեն մարդ իր սրտի ուզածի չափ բեռնեց։ Ես իմ բեռը անգին քարով լցրի։

Տերտերը մի պուճուր ղութի վեր կալավ, բալանիքը վրեն, պաչեց, երեսը խաչակնքեց ու ղութին ծոցը դրեց։ Էդ ղութին իմ ուշքը տարավ։ Չիմացա էդ ինչ բան էր, ակն ու մարգարի՞տ էր, անգին քարի՞ց էր, թե ի՞նչ էր, լուսի պես փայլփլում, հուրհրատին էր տալիս։

Մենք մեր եկած ճամփովը ետ եկանք։

Ճամփին մտքումս ասում էի. էսքան գանձը տերտերի ինչի՞ն ա պետք։ Նրանն էն ա աստծու հետ խոսա, աղոթք անի, աշխարքի համար խաղաղություն խնդրի։ Հետո հաշվում էի՝ ինչքան էլ շատ վարձ առնեմ, իմ ստանալիքը մի բեռից պակաս կլինի։ Չար սատանա մտավ մեջս, ասի, արի տերտերից քրեհի հաշվին մի հինգ բեռն էլ ա վերցնեմ։

Տերտերը իմաստուն էր, ինչ էր, ետ դառավ ասաց.

– Վաճառական ախպեր, ինչ որ մտքովդ անց կացավ, համաձայն եմ հինգ բեռը քեզ վարձ կտամ, ամա ուրիշ չար բան մտքովդ չանցկացնես։

Քիչ էլ որ առաջ գնացինք, չար սատանան էլի ինձ բզբզեց թե հինգ բեռը քիչ ա, գոնե տասը բեռ վերցրու։

Տերտերը հասկացավ միտքս, ետ դառավ ասաց.
– Լա՛վ, ախպեր, տասը բեռը քեզ, ամա էլ բան չմտածես։

Ես ուրախացա, ամա չարը ցեցի նման ջանս ուտում էր, մտածում էի՝ երեսուն բեռը տերտերը ի՞նչ ա անելու, գոնե կեսը՝ ինձ, կեսը՝ նրան, տերտերն էլի հասկացավ, ասավ.

– Վաճառական, թող քու ասածը լինի, հենց իմանանք ախպեր ենք, հալալ ախպոր պես կես անենք: Ագահությունը որ քեզ հաղթում ա, ես չեմ հակառակի։ Ամա էլ դրանից դենը անց չկենաս:

Տերտերի բարեսրտությունը ինձ ավելի երես տվեց, չարը սիրտս առել էր, ասում էր. «Տերտերները աղքատ պետք ա ապրեն, նրանք պետք ա իրանց օրը ապաշխարանքով անցկացնեն, ծոմ ու պասով, ճգնավորի կյանքով ապրեն, որ աստծուն սիրելի՝ մարդկանց դուրեկան լինեն։ Էս տերտերը քսան բեռը ի՞նչ պիտի անի։ Արի քառասուն բեռն էլ զոռով թե խաթրով, քշեմ իմ դուռը։

Տերտերը սուս ու փուս ետ դառավ, ունքերը կիտած ասավ.

– Վաճառական, ագահությունը քեզ աստծու ճամփից հանում ա։ Թե ես իմ բաժինը ի՞նչ կանեմ, էդ իմ բանն ա։ Կարելի ա աղքատներին եմ բաժանում, կարելի ա վանք եմ շինում, կարելի ա ուսումնարան եմ բաց անում, կարելի ա եսիրությունից մարդ եմ ազատում։ Քեզ ի՞նչ, չէ՞որ ես իմ կամքով քեզ ինձ հետ հալալ ախպերացրի։ Սրանից ավելի ագահությունը քեզ վնաս կտա։ Բայց դե որ մտքովդ էդ չարն էլ անցավ, ախպեր, քառասուն բեռն էլ թող քեզ լինի։ Գնա, բալքի աչքդ կշտանա։

Ասավ ու առաջ ընկավ։ Ես մի քիչ կարմրեցի, երեսս տաք ու հով ելավ, զարմացա տերտերի վրա` ասում են տերտերները ագահ են, ամա էս տնաշենը իսկի ագահություն չունի։ Մեկ էլ մտածեցի, ո՞վ գիտի, կարելի ա՝ էն ղութին, որ ծոցը դրեց էս քառասուն բեռնիցն էլ թանկ արժի։ Էրնեկ նրան, ով էդ ղութուն կտիրանա։ Արի երեսս պնդացնեմ ու էն ղութին էլ ուզեմ։ Թե իրա կամքով կտա, լավ, թե չէ՝ վրա կթափենք զոռով կխլենք։

Ասի՝ չասի, մին էլ տենամ տերտերը ջորուց վեր եկավ ու ինձ խիստ ասավ.

– Է՛յ վաճառական, ագահությունը քեզ կուրացրել ա։ Արի ինձ լսի, գոնե էդ մի չար մտքից ձեռ քաշիր։

Բայց սիրտս քար էր դառել, ասի՝ տուր մի տեսնեմ էդ ղութին։ Նա սուս ու փուս ղութին ծոցիցը հանեց, բալանիքը պտտեց ու ղութին բացվեց… էնպես մի լույս, մի տաքություն դուրս եկավ էնտեղից, որ աչքերս էրեց, աչքերիս մեջ պեծեր թափվեցին, աշխարքը գլխիս պտույտ եկավ ու ես ուշաթափ ընկա գետին։

Շատ անցավ, թե քիչ, ես ուշքի եկա, կողքիս մարդկանց ձեներ էի լսում, ամա բան չէի տեսնում՝ կուրացել էի։ Հարցրի՝ էդ ի՞նչ մարդիք եք։ – Ասին ճամփորդ ենք, տեսանք ուշաթափ ընկած ես, ուշքի բերինք։ Հարցրի՝ բա տերտերն ի՞նչ ելավ, բեռներն ի՞նչ ելան։ Ասին.- Ի՞նչ բեռներ, ի՞նչ տերտեր։

Ես սուս արի, էլ բան չասեցի։

Էն օրվանից տարիներ են անցել։ Իմ կուրանալու պատճառը հայտնի չի ոչ մեկին։ Էլի առաջվա հարգանքն ու պատիվը ինձ տալիս են, ամա սիրտս չի ուրախանում՝ անչափ ագահությունը ինձ էս օրը գցեց։ Աշխարքը ինձ համար հեչ ա, որ աչքի լույսից զրկված եմ։ Միշտ էստեղ նստած միտք եմ անում, յարաբ աստված իմ մեղքը չի՞ ների, յարաբ տերտերը մի օր ինձ չի խղճա, չի գա, աչքերիս լույսը ետ բերի։ Ասավ ու լռեց։

Տղեն վեր կացավ, սուս ու փուս վաճառականի ձեռքը պաչեց ու գնաց։

Դարբնի դարդը՝ Չինումաչինից, վաճառականի դարդը՝ Բաղդադից, Վանա քաղաք ո՞ւր ես, գալիս եմ լսածներս պատմեմ Վանա թագավորին ու, վերջապես, նրա դարդն էլ իմանամ։

Եկավ, կանգնեց թագավորի դիմաց։ Յոթ անգամ գլուխ տվեց, ձեռները դոշին ծալած պատիվ տվեց ու ասեց.

– Թագավորն ապրած կենա, հրամանքդ կատարել եմ։ Չէ թե մենակ Բաղդադի վաճառականի՝ Չինումաչինի դարբնի դարդն էլ եմ իմացել։ – Ու ամենը պատմեց Վանա թագավորին, ոնց որ ես ձեզ պատմեցի։

– Դե հիմի,- ասեց,- թագավորն ապրած կենա, պատմի քու դարդը։

– Ամենից առաջ,- ասեց թագավորը,- քեզ պետք ա պատմեմ էն, ինչ որ աշխարքը չգիտի, ես ոչ թե տղա եմ, այլ աղջիկ։ Ես թագավոր հորս մինուճար զավակն եմ։ Դեռ բարուրումն էի, որ մերս մեռավ: Ինձ կերակրել ու մեծացրել են իշխանների կնանիքը։ Աչքս բաց եմ արել թե չէ, մեր տերտերներն ու վարդապետները Քրիստոսի ու Մարիամ աստվածածնի անունը բերներին ինձ աղոթքներ ու աստծու անունն են սովորացրել։ Հերս, թե մեր աշխարքից, թե ուրիշ աշխարհներից, գիտնական իմաստուն մարդիկ բերել տվեց, ինձ լավ ուսում տվեց։ Ուսումս որ առա, հերս գանձարանի դուռը բաց արավ, ասաց, ինչ ուզում ես արա քու բարի սրտովը։

Ես ուսումնարաններ բաց արի, աղքատանոցներ, ժամեր ու վանքեր, շատ անբախտների արտասունքը սրբեցի, շատերին չար ճամփից ետ դարձրի։ Կյանքս ուրիշների համար ետ դրած, ես անց էի կացնում իմ օրերը ուրախ ու բախտավոր, աչքս երկինք գցած՝ միտքս տված բարեգործության։

Մի օր էլ աղախիններիս հետ ման էի գալիս քաղաքում, տեսա զարգյարի դռանը կանգնած մի ջահել ու սիրուն տղա։ Տղան ծիծաղն երեսին բարև տվեց ինձ։ Տեսա նրան թե չէ, տղի պատկերը տպվեց սրտումս։ Մտա զարգյարի մոտ, մատանիքը մատիցս հանեցի, ասի՝ ուստա, էս մատանիքի թայը էգուց պատրաստ անես։ Էն տղեն էլ էնտեղ էր։ Հարցրի՝ ո՞վ ա էս տղին։ Զարգյարն ասավ.- էս իմ տղեն ա, թագավորի աղջիկ, ձեր ծառան, մեր մինուճարն ա, իմ ու իրա մոր աչքի սև ու սպիտակը։ -Ասի,- էգուց առավոտ մատանին կղրկես պալատ քու տղի ձեռով։

Գնացի տուն ու էն գիշերը քունս չտարավ։ Զարգյարի տղի պատկերը աչքիս առաջից չէր հեռանում։ Ասում էի տեսնես երեսի նման սիրտն էլ սիրուն ա, խելքն ու քյամալն էլ տեղն ա, թե չէ։

Էգուցը էսօր դառավ։ Աղախինս տուն մտավ թե. – Մի սիրուն տղա, ոսկե սինին գլխին, քեզ համար ծածկած մի բան ա բերել։ – Ասի՝ թողեք, ներս գա – Եկավ էդ տղեն, ոսկե սինով մատանին դրեց առաջիս։ Ես ձեռից բռնեցի, կողքիս նստացրի ու մի քաղցր զրից սկսեցինք։ Չիմացա, թե ժամանակը ոնց անցավ։ Մին էլ դռանը ոտնաձայն լսեցի. իմ թագավոր հերը սովորականի պես ինձ մոտ էր գալիս։ Սիրտս դողդողաց, ես շատ վախեցա, ոնց որ մի մեծ հանցանք արած լինեի։ Չէ՞ անարատ կույս աղջիկ էի. հերս ի՞նչ կասեր, որ էդ ջահել տղին իմ կողքին տեսներ։

Վռազ սնդուկս բաց արի, ասի՝ թագավորը գալիս ա, արի մտի սնդուկը, մինչև նա գա ու գնա։

Խեղճ տղեն հնազանդվեց, սնդուկը մտնելուն պես ես խուփը շրխկալով ծածկեցի։ Էդ շրխկոցի ձենը սիրտս դաղեց, չլինի՞ թե տղի գլխին դիպավ։

Մինչև հերս եկավ, քեֆս ու հալս հարցրեց, վեր կացավ գնաց՝ իմն ինձ հասավ։ Թռա սնդուկը բաց արեցի, ի՞նչ տեսնեմ, երանի երկինքը փուլ էր եկել գլխիս, կամ հողը պատռվել էր ու ինձ կուլ էր տվել։ Վռազելուց որ սնդուկի խուփը վրա էի բերել, դիպել էր տղի քներակին ու տեղնուտեղը սպանել։

Էս ինչ բան էր, տեր աստված։ Հիմի ինչ անեմ, ո՞նց անեմ, թե հայտնեմ հորս, խայտառակությունը ավելի կլինի։ Ինձ ինչպես են ճանաչել ու ինչ դուրս կգա։ Հազար ու մի տեսակ բամբասանք կանեն, ես կդառնամ մի մատը մեղր, էլ չեմ կարող լուս աշխարհ դուրս գալ։ Կասեն, էն սուտ ճգնավորին տեսեք, դուրսը լավություն ա անում, տանը աննամուսություն։

Մութը որ վրա հասավ, ես ճարը գտա։ Իմ թագավոր հերը մի արաբ ձիապան ուներ։ Ես ինչ աչքս բաց էի արել, նրան մեր տանն էի տեսել։ Շատ ճշմարիտ ու հավատարիմ ծառա էր։ Թագավորը նրան շատ էր հավատում ու հավանում։ Ասի կկանչեմ արաբին, նա էս բանը հենց կծածկի, որ ոչով չի իմանա։

Ասի ու արի։ Ամեն ինչ պատմեցի արաբին, ասաց.

– Միամիտ կաց, թագավորի աղջիկ, ես ձեր տան հավատարիմ ծառան եմ, դու իմ խտտին ես մեծացել, գլուխս մահու կտամ, չեմ թողնի որ քու երեսին նախատինք գա։

Ու արաբը վերցրեց էն մեռած տղին, թաքուն ճամփով տարավ ծովը գցեց:

Մեկել օրը, որ զարգարը հարց ու փորձ էր արել իր կորած տղի մասին, արաբն ասել էր, որ նա մատանին բերեց տվեց ու վռազ գնաց։ Հետո տեսել էին նրան քաղաքից դուրս մի քանի ընկեր տղերանց ու աղջկերանց հետ քեֆ անելիս։

Էդպես մի քիչ հանգստացա, որ պատիվս փրկվեց, ամա քունս փախավ, իշտահս կապվեց, երեսիս գույնը թռավ, տանջվում էի, որ էն խեղճ ու անմեղ տղի արյունն ընկա։

Ինչքան հերս զոռում էր, թե ասա, ի՞նչ ա պատահել քեզ, ասում էի, դու գիտես, որ իմ միակ դարդն ու հոգսը մեր խեղճ ժողովուրդն ա։

Էդպես անց կացավ մի քիչ ժամանակ։ Հանգստությունս կամաց-կամաց տեղն եկավ։
Մի իրիկուն, էս արաբը եկավ կանգնեց դեմս ու ասեց.

– Թագավորի աղջիկ, պետք ա գլուխդ հետս մին անես։- Ես սարսափեցի, ջանս դող ընկավ։ Ականջներիս չհավատացի, ամենահավատարիմ, բոլորից սիրված, թագավորի սիրելի ձիապանի լեզուն ո՞նց շուռ եկավ ու էդ խոսքը ասավ։

– Էդ ի՞նչ ես ասում,- ասի,- հավատարիմ արաբ, բա դու խիղճ չունե՞ս, դու իմ հոր տեղն ես, ես՝ քու աղջկա։ Ամոթ ա, աստված կպատժի քեզ։ Արաբը սատանի աչքերով ինձ մտիկ արավ, սեպերը բաց արավ ու լրբաբար ասաց.

— Կամքս կկատարես՝ լավ, չէ՝ ամեն բան աշխարքով մեկ կանեմ, խայտառակ կլինես։ Լավն էն ա, սուս ու փուս կամքս կատարես։ Քեզ երեք օր ժամանակ։
Երեք օրեն վրա էն սև օձն եկավ ու ինձ ասավ.

– Թագավորի աղջիկ, էս իրիկուն իմ ծանոթ երեք տղա իրանց սիրեկանների հետ մի տեղ քեֆ են անում։ Արի ես ու դու էլ գնանք էնտեղ քեֆ անենք։

Ինչքան աղաչեցի, պաղատեցի, որ ձեռ քաշի, չելավ։ Տեսա ճար չկա, մի սարսափելի բան միտք արի, սիրտս էփում էր, ասի դե որ քու սիրտը քար ա, թող գնամ շորերս փոխեմ, հազրվեմ, գնանք։

Նա ուրախ-ուրախ դուրս գնաց։ Վեր կացա հորս ալմաստի ղամեն շորերիս տակ կապեցի, լավ պաշարեղեն հավաքեցի, հորս մառանիցը մի տասը շիշ յոթ տարվա հին գինի վերցրի, որ շատ քաղցրն էր, ամա շատ էլ թունդ, ամեն մարդ չէր կարենում դիմանա։

Արաբն եկավ, ու մենք գնացինք։ Քաղաքի ծերին մի կենտ տուն կար. էնտեղ արաբի ասած երեք տղեն իրանց սիրեկաններով քեֆ էին անում։

Երբ որ արաբի հետ ներս մտա, նրանք համ զարմացան, համ ուրախացան.

– Դու բարով եկար, հազար բարի, թագավորի աղջիկ, մեր արաբի հետ մեր աչքի, մեր գլխի վրա տեղ ունես։

Ու ես բազմեցի արաբի կողքին, ամենքի գլխին։ Երեսիս ամոթը ետ դրի ու սկսեցի նրանց հետ քեֆ անել։ Սիրտս եփ էր գալիս, որ էն արաբը ձեռը ճտովս էր գցում, հենց իմանում էի, թե սև օձ փաթաթվեց վզիս, ամա ի՞նչ արած, մտքիս դրածը դեռ չէի կատարել։ Բոլորը՝ թե տղա, թե աղջիկ լավ խմել էին, ես էլ ձևացնում էի, թե ես էլ եմ խմած։

Քեֆի էն թունդ պահին, վեր թռա ու ասի. «վա՜յ, սիրելիք, ոնց եմ մոռացել, ախր ես ձեզ համար լավ, թագավորական ուտելիք ու թագավորական մառանի լավ գինի եմ բերեր։ Ասի ու բերի ամենը շարեցի սուփրի վրա։ Բոլորն էլ խմեցին, հարբեցին ու էստեղ– էնտեղ վեր ընկան։ Արաբը նրանց յոթը տակ անց էր կացել։

Հենց էդ ժամանակը ես իմ նամուսը, իմ պատիվը փրկելու համար, մի սարսափելի գործ կատարեցի։ Փեշիս տակից հորս ալմաստի ղամեն հանեցի ու կատաղած վրա ընկա արաբի ու էն վեցի վրա, յոթին էլ սպանեցի ու ինքս ինձանից սարսափած՝ մինչև մեր պալատը, մեր տունը մի շնչով ետ փախա։ Քիչ էր մնում գժվեմ, որ ես կույս աղջիկ, իմ անարատ, անմեղ ձեռով յոթը մարդու սրի քաշեցի։ Չհաշված, որ զարգյարի տղի մահվան անտեղի պատճառն էլ ես էի. ութը մարդու արուն ա ծանրացած իմ սրտումը։

Ճիշտ ա՝ իմ գաղտնիքը ոչ ով չիմացավ, ամա ես վճռեցի աշխարհ չմտնեմ՝ մարդու չգնամ։ Թագավոր հերս դարդիցը մեռավ, ու ես նրա տեղը թագավոր դառա, շորերս փոխեցի, տղամարդու շոր հագա ու տղամարդու պես գործ կատարեցի։

Էն օրվանից սկսած ամեն առավոտ ես հարյուր ոսկի եմ բաժանում աղքատներին, ինչպես արել եմ քու ձեռով յոթ տարի։ Ամեն օր միտք եմ անում, թե «Յարաբ աստված էսքան ողորմություն տալուց, էսքան ապաշխարանք քաշելուց հետո իմ մեղքը կների՞, թե չէ»։

* * *

Ու մեր դարդ իմացող տղեն շալակն առավ Չինումաչինի դարբնի, Բաղդատի կույր վաճառականի, Վանա թագավորի աղջկա դարդը։

Ու էս աշխարհ ման եկած, շատ բան տեսած տղեն միտք էր անում, թե աշխարքում անդարդ մարդ չկա։

Էս մտքերի հետ ընկած, տղեն գնում էր տուն, իրանց գեղը, իր հորն ու մոր ու ընկերների մոտ։

Թող աստված բարի ճամփա տա նրան։

Հայ ժողովրդական հեքիաթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում