Երկու ականջ՝ միշտ բաց, մի բերան՝ հաճախ փակ

Երկու ականջ՝ միշտ բաց, մի բերան՝ հաճախ փակ

Այսօր ևս մեկ հնարավորություն տրվեց մեզ: Փառք Աստծուն տվածի համար:

«Ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ, գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ.
վա’յ ինձ, վա’յ ինձ, վա’յ ինձ»:

Այս տողերը ծանոթ են բոլոր նրանց, որոնք կիրակի օրերը մասնակցում են Սուրբ Պատարագին և անծանոթ է նրանց, որոնք քրիստոնեության հրավիրվեցին և մնացին անտեղյակ: Սկսենք մեր օրը քրիստոնեությունից տեղյակ հավատացյալի նման, քանի որ բոլորս էլ գիտենք, որ մարդու սրտի խաբեությունն ու հպարտությունն է, որ արգելում են իր փնտրած բաները գտնել քրիստոնեության մեջ: Ուրեմն մեր դրոշմված զգայարանները ծառայեցնենք այն քրիստոնեությանը, որին հրավիրվեցինք մկրտությամբ:

Տեսնենք, թե ինչ է ասում Պողոս Պատրիարքը այդ մասին…

«Ականջն ու բերանը պետք է համերաշխ լինեն: Ականջի գործը ուրիշներից լսածը մտքին հայտնելն է, բերանի գործը՝ մտքում ունեցածն ուրիշներին ասելը: Իսկ եթե ականջը՝ լսած խոսքը, և բերանը՝ մտքի խոսքը խառնակ կերպով այլափոխում են, մեկն իրեն է խաբում, մյուսն՝ ուրիշներին, որով և ճշմարտությունը վերացվում է. իսկ սրանից ավելի չար ի՞նչ կա աշխարհում: Ականջներն արդարև խցաններ են, որոնք աստվածային պատվիրանի հանդեպ դժվարալուր ու համրաշարժ են, իսկ բամբասանքի հանդեպ՝ դյուրալուր ու արագաշարժ:

Բնությունը, որ ոչինչ զուր տեղը չի գործում, մարդուն տվեց երկու ականջ՝ միշտ բաց, մի բերան՝ հաճախ փակ, որպեսզի մարդ ի բնե սովորի շատ լսել և սակավ խոսել: Եվ մյուս զգայարանները շարժուն ստեղծեց, իսկ ականջը՝ անշարժ, որպեսզի ինչ որ մի անգամ լսում է, անմոռաց ու անշարժ պահի»:

Ծովիկ Դավթյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում