Մոր լեզուն

Մոր լեզուն

Մի հինգ-վեց տարեկան էրեխա ա լինում։ Սա, մի օր խաղ անելիս մտնում ա հարևանի հավաբունը, տեսնում ա էնտեղ հավը ձու ա դրել, ձուն վեր ա անում, բերում տուն։

Մերն ասում ա.

– Մենք հավ ու ձու չունենք, էդ որդիա՞ն ես գտել։

Էրեխեն, թե.

– Չեմ գտել, մեր հարևանի հավաբնիցն ա։ Տեսա մարդ չկա, վեր կալա բերի։

– Էդ ինչ լավ ես արել, բալա ջան,- ասում ա մերը,- թե կարաս էլի բեր։ Էդ ձուն տուր ինձ, հրես քեզ համար ձվածեղ անեմ՝ ուտես։

Էս էրեխեն ձվածեղը ուտում ա, համը մնում ա բերանին ու հիմի քանի կարենում ա, տեղն ընկած տեղը, ձու ա գողանում, բերում, տալիս մորը։

– Ապրի իմ բալեն,- ասում ա մերը,- դու բեր, քանի կարաս բեր, ամա տես, որ չբռնվես, տեսնող չլի, թե չէ շալվարդ կհանեն, բանջարով կծեծեն։

Էս էրեխեն էնպես ուստա գող ա դառնում, որ տասնմեկ-տասներկու տարեկանումը սրա-նրա հավաբնիցը հավ ու ձու ա, որ գողանում ա ու բերում տուն։ Մարդիկ գեղով մեկ չեն կարենում գողին բռնեն։ Տղի մերն էլ ուրախանում ա, որ որդին ճարպիկ ու հունարով ա։ Միշտ գովում ա տղին տուն բերածի համար։

Էս տղեն, որ դառնում ա տասնվեց-տասնյոթ տարեկան, հիմի էլ օրերով կորչում ա գեղիցը։ Մին-մին էլ մութ գիշերներով տուն ա գալիս, ոչխար բերում, մորթում օթախի միջին, որ տեսնող չլինի։

Մերն էլ չի հարցնում, թե էս որդիա՞ն ա։ Էնա գիտի, որ գողացած ա, էլի։ Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ։

Քսան-քսանհինգ տարեկանում էս տղեն դառնում ա շատ ճարպիկ, հայտնի ձիու գող։ Ամա գեղ ու քաղաքով ընկել են չեն կարենում սրան բռնեն։

Տղի օրն էլ մի օր չի։ Դատ ու դատաստանից փախած, անտուն ու անտեր, հենց մի քանի իր նման գող ավազակ ընկերների ու փչացած կնանոնց հետ ա ժամանակ անցկացնում։

Մի օր էլ, սրանց փողը, որ պակասում ա` չէ՞ որ քամու բերածը քամին կտանի, սրանք դուրս են գալի կողոպուտի, մարդկանց ճամփեն կտրում, որ թալանեն՝ ամա պատահած ճամփորդները ղոչաղ ու սրտոտ մարդիկ են լինում, թև ու թիկունք են տալի իրար, սրանց հետ կռվում։

Ընկերները փախչում են, իրանց գլուխն ազատում։ Տղեն մնում ա մենակ, չորս կողմիցը շրջապատված, վախից վրա ա ընկնում, խանչալը կոխում դիմացինի սիրտը։

Էլ ի՞նչ ասեմ։ Բռնում են, տալիս դատի։ Դատն էլ դատաստան ա կատարում։

– Քանի որ հարյուրավոր մարդի վնաս ա ավել էդ հերիք չէր, հիմի էլ մարդ ա սպանել, դա արժանի ա կախաղանի։

Բերում են քաղաքի մեյդանումը, ժողովրդի միջին, կախաղան կանգնացնում։

Դահիճը պարանը գցում ա տղի վզովը, սպասում ա հրամանին, որ կախ տա։

Էստեղ դատավորն ասում ա.

– Մահապարտյալ,- ասում ա,- իրավունք ունես հայտնելու քո վերջին կամքը։

– Իմ վերջին կամքը,- ասում ա տղեն,- էս ա։ Մուրազ ունեմ,- ասում ա,- որ մեռնելուցս առաջ մորս մի հետ էլ տեսնեմ։

Հայտնի բան ա՝ մահվան դատապարտվածի վերջին կամքը օրենք ա։ Վռազ մարդ են ղրկում մոր ետևից։

Դահիճը էնդեղ ա սառել կանգնած տեղումը, ժողովուրդը էնղեղ ա պապանձված քար կտրել։ Սպասում են մոր գալուն։

Մորը բերում են, տղի կախաղանի առաջին կանգնացնում։

– Այ ժողովուրդ, – ձեն ա տալի տղեն,- իրավունք ունի որդին մահվանից առաջ իր մորը պաչի։

– Իրավունք ունի, իրավունք ունի,- եռում ա ժողովուրդը,- կնանիքը սկսում են լաց ու կոծը։

– Մոտիկ գնա, մոտիկ գնա, այ անբախտ մեր, վերջի օրհնանքդ տուր որդուդ, թող որ քեզ պաչի, մուրազը փորումը չմնա։

Մերը խելքը կորցրածի պես մոտենում ա որդուն։

– Լեզուդ տուր,- ասում ա տղեն,- տուր լեզուդ, որ պաչեմ։ Անիծելու տեղը, քու լեզուն միշտ գովել ա ինձ գողությանս համար։ Մի՞տդ ա,- ասում ա,- որ ես դեռ թիզ ու կես մի լակոտ էի, որ հավի ձուն գողացա, բերի տվի քեզ, դու ինձ գովեցիր, ձվածեղ արիր, տվիր ինձ։ Ինձ սիրելով արիր էդ բանը։ Պարանը վզիս, մահվան դռանը կանգնած, նոր եմ հասկանում մեր պապենական խոսքը, թե.

«Ձվի գողը ձիու գող կդառնա»։

Էդ քու լեզվիցն էր, որ ես ձվի դող էլ դառա, ձիու գող էլ։ Հիմի էլ մարդասպան եմ դառել։ Դե հիմի արի պաչեմ քեզ։

Խտտում ա մորը, բերնիցը պաչում ու նրա լեզուն պինդ կծում։ Ոտի տակի քոթուկը դեն ա գցում, ինքն իրան կախ տալի։

Մոր սիրտը չի դիմանում, տրաքվում ա, վեր ա ընկնում մեռնում կախ ընկած որդու մոտ։

Ժողովուրդը սարսափած, շիվար ու մոլոր, իրանց տներն են քաշվում։

– Տեր աստոծ, էս ի՞նչ տեսանք մեր աչքովը, ի՞նչ լսեցինք մեր ականջովը։ Տերը թափի ու ազատի ծնողին էս տեսակ օրվանից։

* * *

Պապս, որ հեքիաթը թամամացրեց, մեր հարսները ամեն կողմից ձեն տվին՝ վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, թամամ, որ տերը թափի ու ազատի ծնողին էն տեսակ օրվանից։

– Տերը գլուխը ո՞ր քարովը տա,- ձեն տվեց տատս։- Ոնց որ ծնողը կմեծացնի՝ էնպես էլ կմեծանա որդին։

– Շատ տեղին ասիր, այ կնիկ,- ասեց պապս,- ոնց որ ծնողը կմեծացնի, էնպես էլ կմեծանա որդին։

Հայ ժողովրդաան հեքիաթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում