Տան դովլաթը

Տան դովլաթը

Ժամանակով մի շատ լավ ու բարի մարդ ա լինում։ Սրան ունենում ա իրեք տղա։ Տղերանց ժամանակը որ հասնում ա, բերում ա սրանց պսակում, իրեք հարս բերում տուն։

Սրա հարսները յոլա չեն գնում իրար հետ՝ տան կռիվն ու ղալմաղալը անպակաս ա լինում։ Տղերանց ամեն մեկն իրա կնկա փեշիցը կպած, նրա կողմն ա պահում։ Չէ՞ հայտնի ա մեր պապերի ասած խոսքը. «Մի հարսնանի տունը՝ շեն, էրկուսն էլավ՝ կիսաշեն, իրեքը՝ թող ու փախի մեջեն»։

Դե, որ տան կնանիքը խառնակչություն անեն, էն տան օրը ի՞նչ կլինի։ Շատ ժամանակ չի անց կենում, էս տղերքը կնանոնցն խելքին ընկած՝ էնպես են թշնամանում իրար հետ, որ ուզում են իրար արուն խմեն։

Հերը դարդից վեր ա ընկնում մեռնում։
Տղերքը իրար ինադու հոր թողածը էնենց են ուտում, փչացնում, որ հասնում են աղքատության դուռը։ Սրա-նրա տանը նոքարություն անում։

Մեծ ախպերը գալիս ա մի ջրաղացպանի նոքար դառնում, ամա նրա քոռ բախտիցը, ջուրը բարակում ա, քարերը պտիտ չեն գալի։ Ջաղացպանը դուրս ա անում տղին։

– Իմ ջաղացը լավ էր բանում,- ասում ա,- էկար-չեկար գործս խափանվեց, ոտդ չար էր, գնա, կորի էստեղից։
Տղին որ դուրս ա անում ջաղացից, քարերը սկսում են պտտվել։
Էդ տղեն դես ա ընկնում, դեն ա ընկնում, գալիս մի բաղատիրոջ մոտ բաղմանչի ա դառնում։

Բաղաքաղը, որ հասնում ա, էս տղի քոռ բախտիցը, բաղը չորանում ա, բերք չի տալիս։
– Դու ի՞նչ տեսակ մարդ ես,- ասում ա բաղատերը,- ոտդ կոտրվեր՝ չմտնեիր իմ բաղը, աստծու անեծք կա վրե՞դ, որ ուր գնաս, չարիք բերես հե՞տդ։
Բռնում ա սրան դուրս անում՝ վարձն էլ չի տալիս։

Սոված, ծարավ, հալից ընկած, էս տղեն ում դուռը ծեծում ա՝ դուրս են անում.

– Դու էն մարդը չե՛ս, որ ջաղացը գնացիր՝ կանգնեց, բաղը գնացիր՝ չորացավ։
Ասում են ու դուռը էրեսին փակում։

Աշունքը անց ա կենում, մոտենում ա ձմեռը։ Տղեն մնում ա վիզը ծուռը, ձեռը ծոցին։
Մի օր էլ մի պատվական, բարի մարդու ա հանդիպում։ Ընկնում ա նրա ոտները, աղաչում, պաղատում.

– Էս ձմեռ մի փոր հացի ինձ պահի,- ասում ա,- ինչ ասես կանեմ։
– Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես,- հարցնում ա տղին։

Տղեն մին-մին պատմում ա իր գլխին էկածները պսակվելուց սկսած մինչև էդ օրը։
– Էդպես ա,- ասում ա էն պատվական մարդը,- էդպես ա. կնիկ կա՝ տուն կշինի, կնիկ կա՝ տուն կքանդի։ Ձեր տունը քանդվեց էն օրը, որ իրար օգնելու տեղ, իրեք ախպերով թշնամացաք։ Չար ու փչացած մարդուն ծառն էլ պտուղ չի տա, քարն էլ չի ծառայի նրա գործին։ Մինչև էդքանը չհասկանաս, բախտը միշտ էրեսը շուռ կտա քեզանից։ Արի,- ասում ա,- իմ տավարը պահի մինչև զատիկ, փող էլ կտամ՝ մեղք ես։

Էս տղեն իրեք ամիս դրա տավարը պահում ա, մինչև մեծ պասը։ Կովերից մեկը ծնելու վրա էր։ Տերն՝ ասում ա.

– Չքնես, զգուշ կմնաս, ծնելու վախտը հորթը չխեղդվի։
Գիշերը հանկարծ տղի քունը տարել էր, որ զարթնեց, տեսավ կովը ծնել ա, հորթն էլ ա էնտեղ, կողքին էլ մի ալևոր ա կանգնած.
– Պապի, դու ո՞վ ես,- հարցրեց։
– Դու ինձ չես ճանաչի,- ասեց ալևորը,- ինձ դովլաթ կասեն։ Էս բարի մարթու տանը ինչ նեղություն լինի, ես հասնում եմ փորձանքից ազատում։ Ես, որ չհասնեի, հորթը խեղդվելու էր, տերդ էլ քեզ դուրս էր անելու տանից։ Ես էս տան դովլաթն եմ։

– Պապի,- ասեց տղեն,- վերև աստված, ներքև դու։ Ես էլ եմ հարուստ մարդ էլել, հիմի աղքատացել, էս օրն եմ ընկել։ Դու կիմանաս, ո՞ւր ա գնացել իմ դովլաթը, ասա՝ գնամ բերեմ։

– Քու դովլաթը,- ասում ա ալևորը,- էն օրվանից ա փախել ձեր տանիցը, որ օրը որ չար լեզուն անհամություն ու կռիվ գցեց ձեր օջախը։ Հրեն քու դովլաթը Ալագյազա սարումը, քարանձավի մեջ ա։ Գնա, թե կարաս բեր։

Ալևորը էս ասեց ու աներևույթացավ։
Էքսի օրը տղեն էկավ տիրոջ կուշտը.
– Աղա ջան,- ասեց,- հոգաչափ շնորհակալ եմ քեզանից, ամա ես պիտի գնամ, ինձ ճանապարհ գցիր։

– Որդի – ասեց տերը, – մի գնա, կաց զատկվա գառը մի տեղ ուտենք։ Բայց որ տեսավ տղեն շատ ա խնդրում, հանեց, նրա վարձը մեկին մեկ ավել տվեց, մի խուրջին էլ ճամփու պաշար ուսին գցեց.
– Գնա,- ասեց,- որդի, ճամփեդ բարի։

Էս տղեն գնաց հասավ Ալագյազա սարի քարայրը, տեսավ դովլաթը հրեն քնած։ Էն օրվանից, ինչ փախել ա դրանց տանիցը, քնած ա, չի զարթնել։ Քուրքի վրան մի թիզ հող ա նստել։ Հողը, որ թափ տվեց տղեն, դովլաթը զարթնեց, նայեց տղի էրեսին,

– Կորի, լիրբ,- ասեց,- ձեր էրեսից եմ փախել, էլի էկար գտա՞ր։ Որտեղով եկել ես, էնտեղով էլ գնա, կորի։

– Ճար չկա, պապի,- ասեց տղեն,- քեզ պիտի տանեմ, սոված կոտորվում ենք։ Ես լավ հասկացա, մեր արարքիցն ենք էս օրին հասել։ Մեղա կգանք, էլ չենք անի։

Դովլաթը տեսնում ա, որ սա խելքի ա էկել.
– Որ շատ աղաչում ես,- ասում ա,- առ էս էրկու պոպոքն, առ ու գնա։ Ես կգամ։
Տղեն պոպոքներն առավ ու ուրախ սրտով ճամփա ընկավ։ Էկավ մի գեղի մոտ, տեսավ, հրեն էրկու էրեխա կռվում են, իրար տալիս.

– Այ որդի, ինչի՞ եք կռվում։
– Էս քարը ջրի միջիցն ենք գտել,- ասին,- հիմի կռվում ենք, ես ասում եմ՝ իմն ա , նա ասում ա իմն ա։

Էս տղեն ասեց, արի մի բարի գործ էլ ես անեմ, որ սրանք չկռվեն իրար հետ։
– Սպասի,- ասեց,- էդ քարը տվեք ինձ, ես մի պոպոք քեզ կտամ, մի պոպոք՝ նրան։ Հիմի լավ էլա՞վ։

Էրեխեքր ուրախացան, առան պոպոքներն ու թռչկոտելով փախան, գնացին։

Էս տղեն, մտքերի հետ ընկած, էն քարը ջեբը գցեց, էկավ հասավ իրանց տուն։ Մութը կոխել էր, ամա տանը ճրագալիս էլ չկար։ Ախպերները մթնումն էին նստած։ Որ տեսան մեծ ախպորը, փաթաթվեցին, լաց էլան։ Աշխարքիս բանն էդպես ա՝ քանի մի տեղ էին՝ իրար միս էին ուտում, հիմի կարոտից լաց էին լինում։

Մեծ ախպերը խուրջինը ուսից վեր դրեց, շերերի եղածը հանեց, դրեց պատուհանին, էն քարը ճրագի պես լիս տվեց տանը մեջ։

– Էս լավ էլավ,- ասին,- մեզ էլ ճրագ էր պետք։ նստեցին հաց կերան։ Ամեն մեկն իր գլխի էկածը պատմեց։

-Հո միտներդ ա,- ասեց մեծ ախպերր,- որ մեր դովլաթը ամենից շատ էր։ Էն էլ լավ գիտեք, թե ի՞նչն էր պատճառը, որ էս օրն ընկանք։ Մենք, որ համերաշխ ապրենք, իրար օգնենք, աստված էլի էն դովլաթը մեզ կտա։ Տեսաք հո, ինչ է թե իրարով ուրախացանք, իրար փաթաթվեցինք, պաչեցինք, էն քարն էլ, իրա քար տեղովը լիս տվեց մեզ…

Ախպրտինքը խելքի էին էկել։ Մեծ ախպոր ձեռի տակին սկսեցին վար ու ցանք անիլ, տան հոգսը հոգալ։

Հիմի սրանց թողանք էստեղ, գանք խաբարը տանք ումի՞ց, խաբարը տանք մի հարուստ վաճառականից։ Վաճառականը գիշերով հասնում ա էստեղ, տեսնում ա ամենի ճրագը հանգավ, էն մի տան ճրագը չի հանգչում։
Լիսը բացվեց թե չէ, վաճառականը ասեց.

– Ես պիտի գնամ էս տունը, տեսնեմ ի՞նչ տուն ա։ Գնաց տեսավ՝ չորս պատն ա, բան չկա, մի քար ա դրած պատուհանին, իրան՝ իրան լիս ա տալիս։

– Ախպեր, էս քարը չեք ծախի։

– Չէ, ծախենք ի՞նչ անենք,- ասեց մեծ ախպերը,- մենք ճրագ չունենք։

– Էնքան փող կտամ,- ասեց վաճառականը,- ճրագ էլ կառնեք, ամեն բան էլ։

– Ի՞նչ պիտի տաս, որ ծախենք։

– Հազար մանեթ կտամ,- ասեց վաճառականը։ Ախպերը հենց իմացավ իրան ձեռ ա առնում, ասաց.

– Իմ վրա ծիծաղում ե՞ս։

Վաճառականն էլ կարծեց, թե քիչ ա ասել, ասեց,

– Էրկու հազար մանեթ կտամ։

– Իմ վրա մի ծիծաղի,- միամիտ ասեց ախպերը։

– Ինչի եմ ծիծաղում, այ մարդ։ Իրեք հազար մանեթ եմ տալիս։ Էլ մի երկարացնի, հը՞, հինգ հազար տվի, տո՛ւր, ես ճամփի վրա եմ, գնում եմ։

Վաճառականը հինգ հազար մանեթը տվեց ախպորը, քարն առավ ու դուրս վազեց, որ չլինի էն մարդը միտքը փոխի, ետ ուզի։

Էս իմ ասածի վրա անց կացավ էրկու տարի։ Վաճառականը իր բանը լավ գիտեր՝ հինգ հազարի առած անգին քարը ծախել էր վաթսուն հազարի։

Մին էլ, որ էն կողմերը ընկավ, ասավ.

– Գնամ էն մարդուն տենամ՝ ասեմ, որ նրանից հինգ հազարով առածը՝ ծախել եմ վաթսուն հազարի։ Տենաս ի՞նչ ա անելու, վայ թե խելքը կորցնի։

Էկավ, մտավ տուն.

– Հը՞,- ասեց,- ո՞նց ես, ո՞նց չես, ինչի՞ չես հարցնում, թե քանիսի եմ ծախել քեզանից առած քարը։

– Քու ապրանքն ա,- ասում ա տղեն,- քանիսի ծախել ես՝ ծախել։ Իմ ի՞նչ բանն ա։

– Գոնե իմանաս էլի։

– Լավ, ասա, տեսնեմ։

– Վաթսուն հազարի,- ասում ա վաճառականը, ու աչքերը չռած, սպասում, թե ի՞նչ ա պատահելու էն միամիտ մարդուն։

– Ը՛, քու տունը չքանդվի,- ասում ա տղեն,- ես էն անգին քարը էրկու պոպոքի էի առել։

Վաճառականը էս որ իմացավ, էրկու ձեռով իր գլխին խփեց.

– Վաթսուն հազարանոց բանն էլ երկու պոպոքի առնեն։ Ես պիտի պատահած լինեի էն լակոտներին գլխներին բամփեի, ձեռներիցը առնեի։ Սրան տված հինգ հազարն էլ ջեբիս կմնար։

Իրա ագահությունիցը սիրտը տրաքեց, վեր ընկավ՝ մեռավ։

* * *

Պապս, որ հեքիաթը թամամացրեց, ասեց,

– Ագահ ու աչքածակ մարդու վերջը էդ ա։ Հայտնի բան ա՝ մարդս մահկանացու ա, բայց մահ էլ կա, մահ էլ։ Մարդ կա` մարդավարի ա մեռնում, մարդ էլ կա սատկում ա շան պես։

– Ալևոր,- ասեց տատս,- չէ՞, մարդս մի բերան ունի, մի փոր, լավ, թող, որ մեզ նման էլ, մի տուն լիքը երեխեք ունենա։ Որ հալալ աշխատանք անեն, դե էն ա, ամենն էլ կուշտ կլինեն, բանի կարիք էլ չեն ունենա։ Բա, ո՞նց ա, որ ագահ մարդու աչքը իսկի չի կշտանում։

– Կշտանում ա,- ասեց պապս, այ, լսեք, պատմեմ ձեզ։

Հայ ժողովրդական հեքիաթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում