Անմահ արևի

Անմահ արևի

Անմահ արևի վառ գգվանքի տակ
Փռված հոլանի` ծովն է շողշողում.
Լեռների գլխին բյուրեղյա պսակ,
Շուրջը ամպերի երամն է լողում:
Ու կռունկների քարավանը նորից
Անուշ կարկաչով գարունն է բերում.
Ջերմ շունչն է ելնում տա՜ք, փխրուն հողից,
Ժայռի ծերպերից մեխակն է բուրում:
Եվ ղողանջում է անտառը դալար,
Քաղցր դայլայլում թփից մի թռչուն. –
Սիրտս ցնծում է, հազար ու հազար
Երգով ու շողքով գարնան դեմ թռչում:
Թռչում եմ արագ թեթև հովի հետ,
Հզոր կաղնու մեջ աճում եմ հպարտ.
Ծաղկի, եղնիկի, թիթեռնիկի հետ
Ծաղկում եմ, շնչում, ոսոստում ազատ:
Ծովն է սրտիս մեջ ծփում երազով,
Զգում եմ ես ինձ առվի, ժայռի հետ.
Տիեզերքը մեծ` լցվում է ինձնով,
Մեկ եմ զգում ինձ երկրի, երկնի հետ:
Անհուն հիացքով սիրտըս է զարկում,
Խորին ցնծությամբ ողջունում եմ ես
Եվ օրհներգում եմ և գրկախառնվում
Մեծ և անսահման բնությանն հավերժ…
1908

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում