Աղվեսը պահմտոցի է խաղում

Աղվեսը պահմտոցի է խաղում

Աղվեսը տանձուտում մի տոպրակ է գտնում: Դա հասարակ տոպրակ չէր, ինչքան էլ նայեիր՝ սովորական աչքով չէր երևում, անտեսանելի էր: Երևի կախարդ պառավն էր կորցրել՝ տանձ հավաքելիս: Աղվեսը շատ պատահական է գտնում այդ տոպրակը. վազելիս ոտքը ընկնում է տոպրակի մեջ ու երկար ժամանակ չի կարողանում հասկանալ, թե դա ինչ է: Երբ գլխի է ընկնում, որ անտեսանելի տոպրակ է, շատ է ուրախանում:

Տոպրակը վերցնում է ու գնում հավերի մոտ:

-Ուզո՞ւմ եք պահմտոցի խաղանք, հավեր,- ժպտալով հարցնում է աղվեսը:

-Պահմտոցի՞,- զարմանում է Չալիկ հավիկը,- իսկ դու մեզ վնաս չե՞ս տա:

-Ի՞նչ ես ասում, Չալիկ-մալիկ, ես չափազանց կուշտ եմ, պարզապես ուզում եմ ձեզ հետ մի քիչ խաղալ, ուրախանալ:

-Խաղա՛նք, խաղա՛նք,- բացականչում են ճուտիկները՝ Դեղնակտուցն ու Ճերմակաթևը:

-Որ ուզում եք՝ խաղանք,- համաձայնում է Չալիկ հավիկը:

-Պատրաստվեցեք, սկսում ենք խաղը,- ասում է աղվեսը:-Ես փակում եմ աչքերս, իսկ դուք թաքնվում եք:

Աղվեսը փակում է աչքերը. աքլորը, հավերն ու քառասուն ճուտիկները թաքնվում են:

Աղվեսը տոպրակը ձեռքին ընկնում է դեսուդեն, նրանց փնտրում տան հետևում, մարագում, այգում, մարգերի մեջ: Ահա երկու ճուտիկ իրար գրկած կուչ են եկել տակառի հետևում: Աղվեսը՝ հա՛փ, բռնում է նրանց ու մտցնում անտեսանելի տոպրակի մեջ:

Տոպրակը գցում է ուսին ու սլանում անտառ:

Երեկոյան հավ մայրիկը հաշվում է, տեսնում ճուտիկներից երկուսը չկան:

-Խեղճ իմ ճուտիկներ, ինչ ավազակի բաժին դարձաք,- թևերով գլխին է տալիս հավիկը:

Հաջորդ օրը նորից է գալիս աղվեսը ու ասում.

-Էլի պահմտոցի խաղանք:

-Իսկ ինչո՞ւ երեկ խաղը կիսատ թողեցիր ու չքվեցիր, աղվե՛ս,- հարցնում է հավիկը:

-Վազելու ժամանակ ոտքս մի սուր փուշ էր մտել, գնացի տուն, հարևանները միացյալ ուժերով հանեցին:

-Պա՛հ, պա՛հ, պա՛հ, ի՞նչ ես ասում, սանամեր,- կարեկցանքով ասում է հավը,- էլի՞ է ցավում ոտքդ, իսկ ինչպե՞ս կխաղաս:

-Արդեն լավ է: Կարող եմ խաղալ, տեսեք վազում եմ,- խորամանկում է աղվեսն ու սկսում վազվզել:

-Հիմա էլ ես աչքերս կփակեմ,- մեջ է մտնում մի թմբլիկ ճուտ, դուք թաքնվեցեք՝ ես գտնեմ:

-Փակիր, ինչ կա որ…Ես էլ այնպիսի խիտ մարգի մեջ կթաքնվեմ՝ չես գտնի,- համարյա իր թաքստոցը հուշելով ասում է աղվեսը:

Թմբլիկ ճուտիկը փակում է աչքերը:

Աղվեսը թաքնվում է լոբու մարգի մեջ ու դիտմամբ պոչը դուրս գցում: Ապա շրջվում է, որ փախչի ու թո՛ւ, թո՛ւ կանչի, աղվեսը հափ է անում ու բռնում թմբլիկ ճուտիկին: Մտցնում է տոպրակի մեջ ու սլանում դեպի անտառ:

Երրորդ օրը աղվեսը չքմեղ ձևանալով, նորից է գալիս հավերի մոտ:

-Պահմտոցի չխաղա՞նք…

Բայց կարմրակատար աքլորը, որ արդեն հասկացել էր աղվեսի խորամանկությունը, ասում է.

-Կխաղանք, աղվես, սակայն մի պայմանով: Տեսնո՞ւմ ես այն զանգը:

-Տեսնում եմ, աքլոր, հետո՞:

-Այս զանգը կկախենք քո վզից, նոր միայն պահմտոցի կխաղանք:

-Չեմ հասկանում ձեր նպատակը,- զարմանում է աղվեսը:

-Մենք ոչ մի նպատակ էլ չունենք, ուղղակի մեր ճուտիկներից երկուսը վատ են լսում, երբ զանգի ձայնը լսեն, կզգան, որ խաղն սկսված է:

Աղվեսը թեև ոչինչ չի հասկանում աքլորի բացատրությունից, այնուամենայնիվ գլխով է անում, որ համաձայն է և երկու անգամ ասում է.

-Ձեր ասածը լինի, ձեր ասածը լինի…

Աքլորը զանգը կախում է աղվեսի վզից և սկսվում է խաղը: Աղվեսը փակում է աչքերը, հավերն ու ճուտիկները թաքնվում են: Աղվեսը բացում է աչքերը ու զանգը զնգզնգացնելով փնտրում է հավերին, ճուտիկներին:

Աղվեսը հենց մի քայլ է անում, զանգի ձայնը իսկույն մատնում է նրան: Հավերն ու ճուտիկները զանգի ձայնի հետ անընդհատ փոխում են իրենց տեղերը: Աղվեսն երկու ժամ այս ու այն կողմ է վազում, բայց ոչ մի հավի կամ ճուտի չի կարողանում գտնել: Վերջը հալից ընկնում է: Փորձում է զանգը հանել վզից, բայց՝ ապարդյուն:

-Անիծվա՛ծ աքլոր, երկաթե շղթայով է կապել զանգը,- բարկանում է նա ու հոգնած ճամփա ընկնում դեպի անտառ:

Էլի մի երկու անգամ էլ աղվեսը զանգը վզից կախած «պահմտոցի» է խաղում հավերի ու ճուտիկների հետ ու երկու անգամ էլ պարտվում է խաղում:

Աղվեսը շատ է խնդրում կարմրակատարին, որ առանց զանգի «պահմտոցի» խաղան, բայց աքլորը չի համաձայնում:

Աղվեսը շատ է նեղանում աքլորից ու բոլոր հավերից և մինչև հիմա էլ խռով է նրանց հետ:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում