Մենք՝ Վարդանանք

Մենք՝ Վարդանանք

Երվանդ Փոստալջյանը՝ մի հաճնեցի որբ, իր հուշերում պատմում է Հաճնի և Ադանայի որբանոցներում իր անցկացրած դառը տարիների մասին: 1909 թ․ Կիլիկիո աղետի ժամանակ 4-5 տարեկանում նա հայտնվում է Հաճնի հայ-ամերիկան որբանոցում, ապա վեց ամսից հետո նրան տեղափոխում են Ադանայի որբանոց՝ շուրջ 1600 հոգանոց Ադանայի կոտորածների որբերի ապաստան:

Երբ Ադանայի որբանոցը պարենի պակասի պատճառով հարկադրված հայտնվում է թուրքական կառավարության հոգածության ներքո, որբանոցը կոչում են Ջեմալ փաշայի անունով: Այդ դեպքից մեկ տարի անց նույն որբերի համար պատրաստվում է Ջեմալ փաշայի անունը կրող նոր որբանոցը, և քրիստոնյա երեխաների համար սկսվում են մղձավանջային օրերը:

Երվանդն իր ընկերների հետ 1915 թ․ գարնանը փախուստի է դիմում որբանոցից, որի պատճառը կրոնափոխության հարկադրանքն էր: Դեռևս պատանի Երվանդ Փոստալջյանը գիտակացում էր հայրերի ճշմարիտ հավատքն ուրանալու անկարելիությունն ու ողջ ծանրությունը: Նա ու ընկերները նախընտրում են մուրացիկ դառնալ, քան կրոնափոխ լինել ու ապրել որբանոցի՝ նյութապես ապահով, սակայն հոգևոր վտանգների սպառնալիքների պայմաններում: Նա իր հուշերում նկարագրում է որբանոցում իրականացվող հայ երեխաներին բռնի իսլամացնելու և թրքացնելու մեխանիզմը՝ ծիսական որոշ մանրամասներով ու հոգեբանական ներազդմամբ․

«․․․Տնօրեն Վահագն հայրիկին հեռախոսով կանչեցին Սերա: Գնաց ներկայանալու և էլ չվերադարձավ որբանոց: Նրան բանտարկեցին 1915 թ․ փետրվարին: Տարան նաև 32 հայ ուսուցիչների:

Փետրվարի ցավալի մի օր դպրոցի զանգերը տվեցին: Աղջիկ ու տղա հավաքվեցին բակում: Մի փորով, կոպիտ, գեր ու տարիքով մարդ ամբիոն բարձրացավ ու մեզ թուրքերեն ասաց․«Բարև՛« երեխանե՛ր« դուք գիտեք, որ պատերազմ է: Մենք պետք է մեր թշնամուն ոչնչացնենք: Թուրք ազգը գյավուրներից հարյուր տարով հետ է մնացել: Մենք պետք է արվեստով ու տեխնիկայով նրանց ջարդենք ու պատերազմը հաղթելով՝ հասնենք ու անցնենք: Ձեր տնօրենը ես եմ: Այլևս ձեր դավաճան Վահագը հետ չի դառնալու: Դուք պետք է իրավացի թուրք կրոն ընդունեք: Բախտավոր է այն մարդը, որ թուրք է և այլն»:

Երկրորդ օրը մեզ տարան: Տասնյակ-տասնյակ կանչեցին ու առաջարկեցին թուրք լինել, կրոնն ու անունը փոխել։ Անունս փոխեցին, դրեցին Մեհմեդօղլու Տուրմուշ: Տարիքիս հաշվով համար գրեցին: Մենք՝ որբերս« մեր անունները չմոռանալու համար թղթերի վրա գրված մեզ վրա էինք պահում:

Հայությունը վերացավ որբանոցից: Մեր ընկերները իրար անունները մոռանում էին: Իսկական հայի անուններ լսելուց՝ Վարդան կամ Տիգրան, թուրքի որբերը իսկույն հայտնում էին մոլլաներին: Մեզ կանչում, հինգ օրով բանտարկում էին: Մեր որբանոցում կային իրենց անունն ու դավանանքը չփոխածներ: Նրանց տանում էին ներքին հարկ, ծեծից մեռած դիակներ էին ցույց տալիս ու ասում․ «Եթե թուրք չլինեք, ձեզ էլ այդպես շան սատակ կանենք»:

-Գալիս էին թուրք մարդիկ ու խանումներ, նախ և առաջ երեխաներին բաղնիք տանում, շան կեղտով լվանում, որ մեռոնից ու կրոնքից դուրս գան, դառնան իսկական թուրք: Հետո կնքահայրը գրկում էր երեխային, իսկ քիրվեն դհոլ-զուռնայի հնչյունների տակ սունեթ էր անում (թլպատում): Ոմանց իրենց հոգեզավակ էին դարձնում: Ամենամոտ ընկերներով այս անմարդավայել թլպատումից ետ էինք մնում, խուսափում էինք ու մտածում փախուստի մասին: Ես ու ընկերներս՝ Կարապետ Գոյումճյանը, Հովհաննես Չախիջյանը, գիշերվա ժամը 4-ին դուրս թռանք ցանկապատից: Գնացինք Ադանա»:

Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Շողակն Արարատյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում