USD
EUR
RUB

Մայր Աթոռում սկսվեց «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը

Դեկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, իր աշխատանքը սկսեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը: Հայտնում է armenianchurch.org-ը։

Ս. Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպվել է Գուգարաց թեմի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ:

Գիտաժողովն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

Այնուհետև ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ողջունելով ամենքին երանելի Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետին նվիրված գիտաժողովի գումարման առիթով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ գիտաժողովը ևս մեկ առիթ է գնահատելու Հովհաննես Օձնեցի սուրբ Հայրապետի վաստակը մեր Եկեղեցու և ժողովրդի պատմության մեջ, արժևորելու նրա հարուստ ժառանգությունը, քրիստոնեական հավատքի անաղարտության պահպանման համար նրա կողմից ներդրված նվիրական ջանքերը և իր ժողովրդին անկորուստ պահպանելու խնամքն ու հոգածությունը: Վեհափառ Հայրապետը սա նաև բազմաշնորհ Հայրապետի եկեղեցանվեր ու հայրենանվեր ոգով նորոգվելու առիթ նկատեց:

«Մեր ժողովուրդը սրբացրել է Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսին և իր երևելի հովվապետին մեծարել «Իմաստասեր» անվամբ։ Իմացության և գիտության հանդեպ սերը, ինչպես նաև առաքինությամբ և հոգևոր սխրանքներով լեցուն կյանքը լավագույնս նկարագրում են նրա կերպարը։ Նրա անձի մեջ ի մի են եկել քաջիմաց աստվածաբանի, շնորհաշատ քարոզչի ու հռետորի, խոհեմ առաջնորդի ու դիվանագետի հատկանիշները։

Նա հիշվում է որպես «երկրորդ Ոսկեբերան», Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի գործը շարունակող մեծ իմաստասեր և նոր առաքյալ:

Երանաշնորհ Հայրապետը մեծ բարենորոգիչ էր: Մեր Եկեղեցու փառավոր էջերից է նրա ընդամենը տասնամյա գահակալությունը, որի ողջ ընթացքում Հովհաննես Օձնեցին հետևողական պայքար մղեց Հայաստանում քրիստոնեության անաղարտ պահպանման, մեր Եկեղեցու դավանանքն ու ծեսը տեսականորեն հիմնավորելու և այդ ծիրում մեր Եկեղեցու քրիստոսաբանական նկարագիրն ամբողջացնելու համար: Իր Ճառերով, ծիսական կանոններով և դրանց մեկնաբանությամբ, Կանոնագրքի կազմումով, անգամ անզուգական շարականներով ու հոգևոր երգերով, որ կրում են նրա աստվածաբանական մտքի դրոշմը և հավատքի երկնաթռիչ շունչը, Հովհաննես Օձնեցի Հայրապետը, ամենայն իրավամբ, համարվում է մեր ուղղափառ հավատքի հիմնասյուներից մեկը։

Հայկական պետականության բացակայության պայմաններում Հովհան Օձնեցին նաև խոհուն և քաջ առաջնորդ եղավ: Իր իմաստությամբ ու հոգևոր նկարագրով նա կարողացավ շահել արաբ խալիֆի վստահությունը և մեծ պատերազմներով լի ժամանակում իր ժողովրդին հեռու պահել նոր փորձություններից ու համախմբել մեր Եկեղեցու հովանու ներքո: Մեր ժողովրդի ապահովության, նրա հավատքի անսասանության և քրիստոնեական կյանքի ամրության համար մեծ Հայրապետի հոգածությունն ու արդյունավոր ջանքերը առ այսօր հիասքանչ օրինակ են մեզ և հետագա սերունդների համար։ Արդարև, այսօր էլ, երբ օրվա հրամայական է դիմագրավումը զանազան գաղափարախոսությունների, որոնք միտված են մեր Եկեղեցու դավանանքից, ծեսից իր զավակներին հեռացնելուն, ազգային միասնությունը քայքայելուն, Հովհաննես Օձնեցու գործունեությունը վերիմաստավորման և վերարժևորման մի նոր ու կարևոր խորհուրդ է ստանում:

Մեծագործ Հայրապետի 1300-ամյակը հրավեր է վառ պահելու նրա սուրբ հիշատակը և ավելի վառ` այն սերը, որով Հայոց հոգելույս Հայրապետը պայծառ է պահել Հայ Եկեղեցու լույսը և իր կյանքով ավելացրել պայծառությունը հոգևոր մեր տան: Սա է նրա մեծագույն պատգամը, հայրական հորդորն ու խրատը մեզ: Եվ չկա ավելի մեծ գնահատական նրա կյանքին ու գործին, քան մեր հավատարմությունը նրա թողած անգնահատելի ժառանգությանը և առաքելաշավիղ ընթացքին», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց գիտաժողովի կազմակերպիչներին և նախանձախնդրությամբ այս գիտաժողովին համախմբված բոլոր մասնակիցներին:

Բարձրյալի օրհնության հայցով Նորին Սրբությունն արդյունավոր ընթացք ու հաջողություններ մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:
Հայրապետական ողջույնից հետո սկսվեց գիտաժողովի լիագումար նիստը, որը նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Նիստին ներկայացվեցին Հովհան Օձնեցու ժամանակաշրջանին, կյանքին, գործունեությանը և մատենագրական վաստակին վերաբերող հետևյալ զեկուցումները՝ «Հովհաննես Օձնեցի. «Կանոնագիրք հայոց»-ի սոցիալ-փիլիսոփայական և կառավարչական հիմքերը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյան և փ. գ. դ. Վալերի Միրզոյան), «Դամասկոսում Հովհան Օձնեցու կնքած «պայմանագրի» գնահատման հարցի շուրջ» (փ. գ. դ. Սեյրան Զաքարյան) և «ԺԴ տիտղոսների բյուզանդական Կանոնագրքի հայերեն թարգմանությունը և «Կանոնագիրք Հայոց»-ը» (պ. գ. դ. Ազատ Բոզոյան):
Լիագումար նիստից հետո զուգահեռաբար նիստեր տեղի ունեցան ճեմարանի Կոմիտասյան սրահում և Մատենադարանում:

Գիտաժողովի ավարտին տեղի կունենա նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի «Հայրապետական Աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը:

Լրահոս
Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը Չի լինի բանաստեղծություն Նորից դեկտեմբեր Ուշադիր՝ վտանգավոր է «Երևույթը» այլ աստղերի հետ հանդես կգա Հայաստանում «Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով և անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով» Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները Ծաղկամանի գաղտնիքը Սովորենք ողորմության ճիշտ ձեւը. մատաղ. Աղբ Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը Ես այդքան ուժեղ չէի, որովհետև մեղավոր էի, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը Երանի Երեքս էլ որոշել ենք այս գիշեր քնել երջանիկ Խամրած աստղերի ստվերներով Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն» Հայաստանում սա առաջին մասշտաբային, հետաքրքիր էֆեկտներով ու լուծումներով ամանորյա մյուզիքլ-շոուն կլինի. Սունդուկյանի թատերախմբի ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը կորեացիների համար «Արքայական» բեմադրություն է անում Առակ կյանքի մասին Բանաստեղծությունը պետք է մի քիչ ծուռմռտիկ լինի` լավը լինելու համար. Լույս է տեսել «Թռչող տունը» բանաստեղծությունների ժողովածուն Ինչու է ուղտը սապատավոր Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր անվանական աստղն ունեցավ նաև Սուպեր Սաքոն «Ով չի լսում աստղերի երգը, նա չի երազում» Նելի Ավակեվայի գրքերի շնորհանդեսը Ես քեզ սիրահարվել եմ Դավադիր, դավադիր մի կարոտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին Ճապոնացին Տոկիոյում կատարել է Ալ․ Սպենդարյանի գործերը Դա Վինչիի ամենաթանկ նկարը տեղ կգտնի ԱՄԷ-ում Չարաճճի Մոխրոտ, թափթփված փերի, անհոգ արքա ու հոգսաշատ արքայազն Առակ հպարտ ծառի մասին
website by Sargssyan