Առակ հպարտ ծառի մասին

Առակ հպարտ ծառի մասին

Մի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի վեհ ու գեղեցիկ:

Նրա փարթամ սաղարթախիտ տերևները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից և ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը:

Արհամարհանքով նայելով շուրջը՝ մեկ օր նա հրամայում է.

– Հեռացրեք աչքիցս այն խղճուկ պնդուկի ծառը:

Եվ այն արագորեն արմատախիլ են անում և հեռացնում:

– Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Այն ձանձրացնում է ինձ իր հիմար տեսքով,- հրամայում է մի օր քմահաճ մայրին և թզենուն անմիջապես հեռացնում են:

Ինքն իրենից գոհ մայրին հպարտորեն թափահարում է իր փարթամ տերևները և շարունակ բողոքում իրեն շրջապատող ծառերից.

-Ինձ շրջապատող տարածքից հեռացրեք այդ հին տանձենիներն ու խնձորենիները,- ծառերը կտրվում են ու խարույկի փայտի վերածվում:

Եվ այդպես անհանդուրժող մայրին հրամայում է կտրել բոլոր իրեն շրջապատող ծառերը՝ դառնալով այգու միակ ու լիիրավ տերը: Սակայն պարտեզի նախկին գեղեցկությունից ոչինչ չի մնում, միայն կոճղեր:

Եվ մեկ օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Հպարտացած մայրին ամեն կերպ փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից: Սակայն քամին, իր ճանապարհին չհանդիպելով այլ ծառերի, առանց որևէ խոչընդոտի հարձակվում է միայնակ կանգնած գեղեցիկ ծառի վրա և անխնա կոտրատում այն: Վերջիվերջո, տանջված ու ուժասպառ մայրին այլևս չի կարողանում դիմակայել քամու կատաղի հարվածներին, ճաքում է և գետնին տապալվում:

Ինչպես ծառերը, այնպես էլ մենք կարիք ունենք միմյանց, կարիք ունենք, որ թե՛ փոթորիկների ժամանակ, թե՛ խաղաղության մեջ միմյանց նեցուկ լինենք, օգնենք ու միասին դիմակայենք ցանկացած իրավիճակի: Երբեք մի՛ անտեսիր մարդկանց, ովքեր քո կողքին են գտնվում, ու ինքդ քեզ նրանցից բարձր մի՛ դասիր, այլապես, գուցե մի օր էլ փոթորիկ լինի ու բացահայտես, որ բոլորին հեռացրել ես քո կողքից ու մնացել ես մենակ…

Սկզբնաղբյուր՝  http://ter-hambardzum.net․

Հետևեք մեզ նաև Telegram-ում