Արևն ու Զարուհին

Արևն ու Զարուհին

Լինում է չորս տարեկան մի աղջիկ՝ անունը Զարուհի։ Նա արևի  նման ոսկեգույն մազեր ուներ, արևի նման կարմր ժապավեն էր կապում և հագնում էր կարմիր կոշիկներ։ Ամռան մի օր Զարուհին խաղում էր բակում կարմիր գնդակով։ Վերևից շողում էր կարմիր արևը։

Զարուհին այնքան է խաղում բակում, որ հոգնում է։ Արև օր, շոգը մի կողմից, հոգնածությունը մի կողմից, ու Զարուհին սկսում է դժգոհել․

-Ես էլ չեմ սիրում արևին, չեմ սիրում արևին։ Թող կորչի, թող կորչի արևը։

Արևը, որ չորս տաի Զարուհու խաղընկերն էր, շատ է նեղանում նրա խոսքերից, տխրում է, մռայլվում ու խռովում։ Խռովում է Զարուհուց ու անտես չքանում, կորչում է լեռների հետևում։

Երբ արևն անհետանում է, միանգամից բնության մեջ ամեն ինչ փոխվում է։

Բակում, փողոցում, սարում սկսվում են ուժեղ ցրտեր։

Քամին սուլում է, բուքը ոռնում է։

Առաջինը Զարուհին է դողալով վազում տուն։

Հավերը, քամուց վախեցած, թևերը թափահարելով փախչում են հավաբուն։

Շունը վնգստալով քաշվում է բնի մեջ ու կուչ գալիս։

Ծաղիկները միանգամից զրկվում են կանաչ, կարմիր, դեղին, կապույտ գույներից ու թոշնում են, չորանում։ Այգիներում, ծառերի վրա խակ են մնում խնձորը, խաղողը, թուզը, տանձը, սերկևիլը, նուռը, ցրտից սառչում են ու կպչում ճյուղերին։

Չի կարմրում ձմերուկը, չի քաղցրանում սեխը, մնում են ձյան տակ։

Արտում չի հասունանում ցորենը, կանաչ ցողունները չեն դիմանում ցրտին ու քամուն և ընկնում են գետնի վրա։ Ցորեն չկա՝ ալյուր էլ չկա, ալյուրը չկա՝ խանութներում հաց էլ չի վաճառվում։

Քանի որ խոտն էլ ծածկվում է ձյան հաստ շերտով՝ կովերը, ոչխարները, այծերը փախչում են տները և կաթ չեն տալիս։ 

Մեղուները, որ ծաղիկներից էին պատրաստում մեղրը, տզզալով անմիջապես իրենց նետում են փեթակից ներս։

Գետակը սառչում է ու այլևս չի հասնում գյուղ, մարդիկ ստիպված են լինում ձյունը հալել ու խմել։

Պաղպաղակ վաճառողը տեսնում է՝ բոլորը տուն են փաղչում, ինքն էլ փակում է կրպակն ու վազում տուն։

Չի հասունանում ճակնդեղը, իսկ որ ճակնդեղ չկա՝ շաքար էլ չկա, էլ ինչո՞վ թեյ խմես։

Լռում է թռչունների երգը։

Շուրջը համատարած ամայություն է տիրում, ու սաստիկ ցուրտ է։

Զարուհին, ցրտից դողալով, վազվզում է սենյակում ու լաց լինում․

-Մայրիկ, հա՜ց եմ ուզում։

-Մայրիկ, շաքա՜ր եմ ուզում։

-Մայրիկ, ձմերուկ, խաղող եմ ուզում․․․

-Մայրիկ, ձեռքերս ու ոտքերս մրսում են։

-Իզուր ես լաց լինում ու որևէ բան խնդրում, դու խռովեցրիր արևին, արևը նեղացավ ու հեռացավ։ Հեռացավ ու ամեն ինչ տարավ իր հետ,- ասում է մայրիկը։

-Մայրիկ, ես ուզում եմ արևը վերադառնա, ես նրան այլևս չեմ նեղացնի,- խնդրում է Զարուհին։

– Եթե ուզում ես՝ կանգնիր պատուհանի մոտ, ներողություն խնդրիր ու չորս անգամ դիմիր արևին, որ վերադառնա ու միշտ մնա մեզ մոտ,- ասում է մայրիկը։

-Իսկ ինչու՞ չորս անգամ, մայրիկ,- հարցնում է Զարուհին։

-Տարին ունի չորս եղանակ՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Խնդրիր արևին, որ ամբողջ տարին մեզ մոտ մնա։

Խնդրիր՝ սպասիր, էլի խնդրիր՝ սպասիր, այդպես չորս անգամ։ Դե, մոտեցիր պատուհանին։

Զարուհին մոտենում է պատուհանին, արցունքները սրբելով՝ դիմում է արևին․

-Սիրուն արև, գարնան արև, շատ եմ խնդրում ներես ինձ։ Խնդրում եմ վերադառնաս ու մեզ մոտ մնաս երեք ամիս՝ մարտին, ապրիլին, մայիսին։ Ես այլևս քեզ չեմ նեղացնի։

Հանկարծ արևը սարերի հետևից հանում է գլուխն ու ժպտում։ Արևի ժպիտի հետ կենդանանում է ողջ բնությունը՝ ծաղիկները բացվում են, խոտը կանաչում է, ծառերը բողբոջում են, գետերը՝ կարկաչում, թռչունները համերգ են տալիս, ոչխարի հոտը բարձրանում է սարերը։ 

Հետո ապրիլն է գալիս՝ մայրիկի տոնը, իսկ մայիսին՝ երկու տոն․ մայիսի մեկը և Հաղթանակի օրը։

Զարուհին ծափ է տալիս ու բացականչում․

-Ի՜նչ լավ է գարնան արևը, մայրիկ։

Ապա նա, երկրորդ անգամ դիմելով արևին, ասում է․

-Սիրուն արև, ամռան արև․ ավելի ջերմացրու բնությունը, այնպես արա, որ մրգերը հասունանան։ Տաքացրու երեք ամիսներ՝ հունիսին, հուլիսին, օգոստոսին։

Արևն ավելի ուժեղ է փռում իր շողերը, ու շոգ է լինում։ Տաք արևի տակ հասունանում են դեղձը, սալորը, տանձն ու խնձորը, կարմրում է ձմերուկը, քաղցրանում է սեխը։ Հնձում են ոսկեգույն ցորենը։ Ճերմակ խալաթով մորաքույրը հազիվ է հասցնում պաղպաղակ վաճառել,գնորդներն այնքան շատ են լինում։ Զարուհին պաղպաղակը ձեռքին բացականչում է․

-Ի՜նչ լավ է ամռան արևը, մայրիկ։

Զարուհու երրորդ խնդրանքով փայլում է աշնան արևն ու հյուր է մնում երեք ամիս՝ սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին։

Սեպտեմբերին Զարուհու քույրիկներն ուրիշ շատ երեխաների հետ գնում են դպրոց։

Անտառը խայտաբղետ գույ է ստանում, սկսվում է տերևաթափը։ Անտառից հավաքում են հոնը, զկեռը, մասուրը, մամուխը։

Այգիներում քաղում են վերջին մրգերը՝ տանձը, խաղողը, թուզը, նուռը, ընկույզը, ու լցնում են մառանները։ Հողից հանում են գազարը, ճակնդեղը, գետնախնձորը։ Հնձում են աշնան ցորենը, գարին, վարսակը։ 

Երրորդ անգամ Զարուհին ծափ է զարկում և բացականչում․

-Ի՜նչ լավ է աշնան արևը, մայրի։

Բայց արևն էլ մարդու նման է․ գարնան ու աշնան ամիսներն այնքան շատ է աշխատում, որ մի քիչ հոգնում է։ Մի քիչ հոգնում է ու սկսում է պակասեցնել իր ջերմությունը։

Սակայն Զարուհին ձմռան արևց էլ չի դժգոհում։ Երեք ամիս շարունակ՝ դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, արևի ծակծկող շողերի տակ, պսպղուն ձյան վրա նա սղում է սահնակով, ձնագնդի խաղում, ձյունե մարդ ու կամուրջ պատրաստում հայրիկի համար։

Չի մրսում, որովհետև հագնում է տաք վերարկուն, ձեռնոցներն ու ձեռքով բռնում է օդում պարող փաթիլները։

Ամեն օր մայրիկը մառանից տուն է բերում ընկույզ, չամիչ, մրգեր, ու Զարուհին բոլորովին տխրելու ժամանակ չունի։

Բայց ձմռան ամենաուրախալի օրը հունվարի մեկն է, երբ գալիս է Նոր տարին։ Այդ օրը Ձմեռ պապին Զարուհուն անպայման մի գեղեցիկ նվեր է բերում, իսկ հյուրերն այնքան շատ են լինում, որ բոլորին հնարավոր չէ ճանաչել ու հաշվել։

Զարուհին Ձմեռ պապիկի նվիրած տիկնիկն ու մրգերի կապոցը ձեռքին կանգնում է տոնածառի տակ ու բացականչում․

-Ի՜նչ լավ է ձմռան արևը, մայրիկ։

Եվ այսպես արևն ու Զարուհին հաշտվում են, բարեկամանում ու այքան են միմյանց սիրում, որ այլևս չեն բաժանվում։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում