Նելի Ավակեվայի գրքերի շնորհանդեսը

Նելի Ավակեվայի գրքերի շնորհանդեսը

Վերջերս Հոլիվուդում տեղի ունեցավ ԱՄՆ հայ գրողների միության (ԱՄՆ ՀԳՄ) անդամ Նելի Ավակովայի, այս տարի հրատարակված, «Я улетаю в поисках мечты…» բանաստեղծությունների ծավալուն ժողովածուի եւ «Паром» փաստագրական գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ ներկայացվեց հեղինակի ավելի վաղ լույս տեսած «Карабах… Боль и память» վեպը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Ուշագրավ մի հանգամանք եւս, որ Ն. Ավակովայի արձակը նվիրված է միմիայն Բաքվի ու Սումգայիթի սոսկալի ջարդերին եւ այդ կազմակերպված ջարդերից փրկված, ազգությամբ հայ մեր սիրելի եղբայրներին ու քույրերին, նրանց ապրումներին ու զրկանքներով լի փախուստի ոդիսականին: Գրքում հիշատակվում է նաեւ արցախյան հերոս ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, պատերազմն ու փառապանծ հաղթանակները…

Վերը հիշատակված 3 գրքերն էլ արդեն թարգմանվել են ռուսերենից հայերեն եւ լույս են տեսել քաղաքամայր Երեւանում՝ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Իրիկնային անուրջներ», «Карабах… Боль и память» վեպը՝ «Մահվան օղակում» եւ «Паром» փաստագրական գիրքը՝ «Լաստանավ» վերնագրերով: Ն. Ավակովայի գրքերի շնորհանդեսին ներկա էին ԱՄՆ ՀԳՄ անդամներ, համակիրներ ու հյուրեր: Շնորհանդեսի արարողությանը ներկա էր նաեւ Սանկտ Պետերբուրգից Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի գրողների միությունների անդամ Լեւոն Ադյանը, ում «Հեռացող եզերք» գիրքը հայերենից ռուսերեն թարգմանել է Ն. Ավակովան:

Հաճելի գրական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան բանաստեղծ, ԱՄՆ ՀԳՄ նախագահ Վազգեն Վանատուրը, արձակագիր, ԱՄՆ ՀԳՄ փոխնախագահ Կարեն Խաչատրյանը (Խաչկար), բանաստեղծուհի ու ասմունքող Սվետլանա Տոնոյանը, բանաստեղծ Վոլոդյա Գրիգորյանը, արձակագիր Մարտին Շիրինյանը, ինչպես նաեւ ԱՄՆ ՀԳՄ-ում հյուրընկալված արձակագիր Լեւոն Ադյանը: Հատկապես տպավորիչ էին Վ. Վանատուրի, Խաչկարի եւ Լ. Ադյանի ելույթները:

Լ. Ադյանը, բացի Ն. Ավակովայի գրքերի մասին խոսելուց, անդրադարձավ նաեւ Բաքվի, Սումգայիթի հայկական ջարդերին, որ կազմակերպվել էր Խորհրդային Միության հանցավոր թույլտվությամբ, Ադրբեջանի իշխանության կողմից՝ օգտագործելով ազերի վայրագ ու արյունախում ամբոխին: Նա ասաց, որ այդ բոլորը մանրամասն նկարագրված է իր՝ «Հեռացող եզերք» գրքում: Վերջինը ելույթ ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր եւ թարգմանչուհի Ն. Ավակովան: Նա շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին ու շնորհանդեսի մասնակիցներին եւ խանդավառությամբ, հանգամանալից պատմեց, թե ինչպիսի՛ հուզմունքով է թարգմանել Լ. Ադյանի գիրքը:

Իմիջիայլոց, Ն. Ավակովան որպես հմուտ եւ փորձառու թարգմանիչ թարգմանել է հայերենից ռուսերեն նաեւ այլ վեպեր, բազմաթիվ պատմվածքներ ու բանաստեղծություններ: Երեկոյի ընթացքում ԱՄՆ ՀԳՄ մշակութային խմբակցության անդամ, գուսանական, ռազմահայրենասիրական, ժողովրդական երգերի գիտակ, ճանաչված ինքնուս երգիչ Նշան Ջրաղացպանյանն անակնկալ մատուցեց եւ կատարեց «Ղարբաղցին» (խոսք՝ Հրաչյա Բեգլարյանի, երաժշտությունը՝ Ալեքսեյ Հեքիմյանի) երգը, քանի որ բացի արցախցի Ն. Ավակովայից եւ Լ. Ադյանից, ներկա էին այլ արցախցի հյուրեր: Սիրված երգիչը երգեց նաեւ «Քաջ Անդրանիկ» եւ «Մոնթե Մելքոնյան» ռազմահայրենասիրական երգերը: Երեկոյի վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բազմաթիվ կենացներ խմվեցին ի փառս բարեկամության, հայրենասիրության ու մշակույթի զարգացման:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում