Ռուդոլֆ Խառատյանը կորեացիների համար «Արքայական» բեմադրություն է անում

Ռուդոլֆ Խառատյանը կորեացիների համար  «Արքայական» բեմադրություն է անում

 Պրեմիերան կկայանա LG արվեստի կենտրոնում, ապա կշրջի աշխարհով մեկ

Բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը վերջերս է վերադարձել Հարավային Կորեայից:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց, որ այդ երկրում էր ճանաչված ջութակահար, Gyeonggi Arts Center-ի նախագահ Չանգի հրավերով: «Այցիս նպատակն էր ձեռնամուխ լինել մի բեմադրության, որի սցենարը նույնպես իմն է, երաժշտությունը՝ Խորվաթիայից Վլադիմիր Բոդեգրադիկինը: Այն աշխարհին կներկայացնի Կորեայի արքայական ընտանիքի պատմությունը, իսկ առանցքում արքայադուստր Դիոքին է: Բեմադրությունն իրականացվելու է ազգային պարի, դասական, ժամանակակից ու մոդեռն բալետարվեստի համադրությամբ, 3D ձեւաչափով:

Պրեմիերան կկայանա ապրիլին, LG արվեստի կենտրոնում: Այստեղ են իրենց արվեստը ցուցադրել բալետարվեստի երեւելիները, այդ թվում՝ Մըք Գրեգորը (Մեծ Բրիտանիա), Միխայիլ Բարիշնիկովը (Ռուսաստան), Սիլվի Գիենը (Ֆրանսիա), Փինա Բաուշը եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նշեց նաեւ, որ այդ բեմադրությունը շրջելու է աշխարհով մեկ, արդեն հաստատված է հյուրախաղային գրաֆիկը:

Պարոն Խառատյանը պատասխանելով հարցին, թե կորեացիները ինչպե՞ս «գտան» իրեն, ասաց. «Շվեյցարական մի կազմակերպություն (անունը չմտաբերեց) 2015թ. Երեւանում դիտելով իմ խորեոգրաֆիայով «Զույգ արեգակները» (հայ հոգեւոր երաժշտությունից մինչեւ կոմպոզիտորական արվեստ), ապա 2017թ.՝ «Բոհեմը» (Շառլ Ազնավուրի երաժշտությամբ), Gyeonggi Arts Center-ին առաջարկել է թեկնածությունս: Վերջիններս էլ մնացած աշխատանքներիս ծանոթացել են you tube-ով»:

Ռուդոլֆ Խառատյանը՝ միստր Չանգի եւ Gyeonggi Arts Center-ի ներկայացուցիչների հետ: Ռուդոլֆ Խառատյանը երեւանյան իր բեմադրություններում, օրինակ՝ «Զույգ արեգակներում» հրավիրել էր նաեւ արտասահմանցի արտիստների: Հետաքրքրվեցինք՝ իսկ «կորեական» ներկայացման մեջ պատրաստվո՞ւմ է ընդգրկել հայաստանցի արտիստներին: Բալետմայստերն ընդամենն ասաց, թե դա առանձին խոսակցության թեմա է: «Զույգ արեգակներ» Հարցին, թե Ազգային օպերային թատրոնի բալետմայստերը Երեւանում հերթական ի՞նչ նոր ներկայացման բեմադրության է ձեռնամուխ եղել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր սցենարով ու խորեոգրաֆիայով, Միշել Լեգրանի երաժշտությամբ 2018թ. աշնանը ֆրանկոֆոնիական միջոցառումների շրջանակներում հանդիսատեսին կներկայացնի «Շերբուրգյան հովանոցները», որը տեղ է գտնելու թատրոնի խաղացանկում:

Ռուդոլֆ Խառատյանը հավաստիացրեց, որ ինքն անձամբ է բանակցել ու համաձայնություն ստացել կոմպոզիտորից: «Բոհեմ» Իսկ թե ինչո՞ւ չի դիմում ժամանակակից հայ կոմպոզիտորների երկերին, բալետմայստերն ասաց. «Նախկինում օպերային թատրոնի «Բալետի երեկո» նախագծի շրջանակներում ներկայացրել եմ Արամ Սաթյանի «Վալսը», պատրաստ է Երվանդ Երկանյանի երաժշտությամբ բալետը՝ ըստ Չարենցի «Նավզիկե» պոեմի: Այս պահին էլ համագործակցում եմ Լորիս Ճգնավորյանի հետ, բայց առայժմ փակագծերը չբացեմ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում