Բանաստեղծությունը պետք է մի քիչ ծուռմռտիկ լինի` լավը լինելու համար. Լույս է տեսել «Թռչող տունը» բանաստեղծությունների ժողովածուն

Բանաստեղծությունը պետք է մի քիչ ծուռմռտիկ լինի` լավը լինելու համար. Լույս է տեսել «Թռչող տունը» բանաստեղծությունների ժողովածուն

Զրույց բանաստեղծ Արթուր Մեսրոպյանի հետ, նրա առաջին՝ «Թռչող տունը» ժողովածուի լույսընծայման առթիվ.

– Արթուր, մի բազմիմաստ հարց, ո՞րն է բանաստեղծի գրելու ժամանակը:

– Հետաքրքիր հարց է, ինքս էլ առաջին անգամ մտածեցի այդ մասին: Երևի գրելու համար լավագույն ժամանակն այն է, երբ չգրելուց ինչ-որ բան կկորցնես: Երբ զգում ես, որ ինչ-որ սիրուն բան կարող ես ստեղծել ու անում ես, դա էլ գրելու ժամանակն է:

– Արդյոք հեշտ է համատեղել Ձեր աշխատանքը՝ թարգմանական ծրագրերի համակարգումն ու գրելու ստեղծագործական ընթացքը:

– Իրականում երևի այդքան էլ հեշտ չէ, քանի որ օրվա մեծ մասն աշխատանքի եմ: Մյուս կողմից բախտս բերել է, քանի որ ես արագ եմ գրում. այսինքն՝ երբ բանաստեղծությունը «գալիս է», ես այն թղթին հանձնելու համար մոտ 25 րոպե եմ ունենում, սա ներքին զգացողությամբ առաջացած ժամանակ է, կամ կհասցնեմ գրել, կամ վերջ՝ կթռնի: Եթե մի բանաստեղծության վրա 20-25 րոպեից ավելի եմ ծախսում, մի տեսակ ջրիկանում է, կախարդանքը, առաջին պահի անսովորությունը, տարօրինակությունը, բնականությունն ու ամենակարևորն` անկեղծությունը կորչում է: Սկսում եմ ավելի հանգիստ մտածել, գրել-ջնջել, հարմար բառեր որոնել ու վերջ, ներվը կորեց, մշուշը կորեց ու գրածդ արդեն ստացվում է չափազանց ճիշտ ու լավը: Ինձ թվում է բանաստեղծությունը պետք է մի քիչ ծուռմռտիկ լինի, մի քիչ վատը, որպեսզի լավը լինի: Մյուս կողմից էլ խիտ գրաֆիկս օգնում է լիքը ինֆորմացիա, զգացողություններ, ապրումներ կուտակել, իսկ առանց դրանց դժվար թե գրեի ինչ-որ բան:

– Ձեր առաջին ժողովածուն ընդգրկում է վերջին շրջանի ստեղծագործությունները: Ի՞նչ եք կանխորոշել Ձեր վաղ շրջանի աշխատանքների համար:

– Վաղ շրջանի գրածներից մի քանիսը տպագրվել են «Ցոլքեր» հանդեսում, բայց մեծ մասը չեն հրատարակվել ու չեմ էլ կարծում, որ կհրատարակեմ: Դրանք,թեպետ, շատ անկեղծ էին, բայց այդ ժամանակ տեխնիկաս այն չէր, չափի ու ռիթմի զգացողություններս դեռ հղկման կարիք ունեին: Կարծում եմ` պարտադիր չէ հրապարակել այն ամենն, ինչ գրում ես: Կան բաներ, որ սևագրային փուլ են, կատարելագործման շրջան, ու դրանք թող մնան այդպես:

– Այս ժողովածուի մեջ և հատկապես «Անտուն, անսիրտ, չհարմարված» շարքում Տունն անշրջանցելի է: Դուք այնտեղ եք գնում (որովհետև ուրիշ տեղ չկա գնալու) մենակ կամ ինչ-որ մեկի հետ, դիմավորում եք ինչ-որ մեկին կամ սպասում եք նրան տանը, անգամ եթե բանալին չկա ու տունն էլ ձերը չէ:
Ի՞նչն է դրդել Ձեզ խոսելու Տան մասին, և ի՞նչ է ձեզ համար նշանակում տունը:

– Այս հարցին ես երևի երկրորդ անգամ եմ պատասխանում. առաջին անգամ հիշում եմ համալսարանում էր` ռուսերենի դասի ժամանակ, երբ հանձնարարվել էր շարադրություն գրել մեր տան մասին: Մանրամասն չեմ հիշում՝ ինչ էի գրել, բայց հիշում եմ, որ դասախոսս, երբ աշխատանքները վերադարձնում էր, ասաց` «ես հասկացա, որ Արթուրը տուն չունի» (ժպտում է- հեղ.):
Տունը, երևի այն տարածքն է, որտեղ դու քեզ զգում ես ինչպես ուրիշ ոչ մի տեղ՝ հարմար, ազատ, հանգիստ: Սովորաբար այն ավազի պես փախչում է մատների արանքից, հաճախ ամենավերջին պահին ձեռքիցդ թռչում, երբ ձեռք ենք մեկնում, որ բռնենք: Ինձ թվում է, ես գնում եմ այն գտնելու ճանապարհով, թեպետ ինքս էլ հաստատապես չգիտեմ:

– Ձեր բանաստեղծություններում դեգերումների վայր հանդիսացող քաղաք կա՝ իր այգիով, շենքերի կտուրներով ու դեպի սարը տանող ճանապարհով: Անշուշտ, Ձեր՛ քաղաքը: Արդյոք կարո՞ղ ենք բնորոշել «Թռչող տունը» ժողովածուն որպես ուրբան գրականության օրինակ:

– Ես շատ եմ սիրում քաղաքային միջավայրը, քաղաքային կյանքը, շատ եմ սիրում Երևանը, սիրում եմ երկար մնալ դրսում, մարդաշատ, աղմկոտ տեղերը, միշտ փորձում եմ գնալ նոր ժամանցի վայրերը, ունեմ սիրած փաբեր, որտեղ դպրոցական տարիներից եմ գնում: Այնպես է ստացվում, ցավոք, որ քաղաքից դուրս քիչ եմ լինում: Հիշում եմ` մի անգամ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ինչ-որ տարածքով անցնելիս, ասացի լավ է, տարածքում այգի էլ կա, ու էդ պահին գիտակցեցի, որ ընդամենը մի հինգ ծառ կար իմ այդ «այգում», բայց գիտեմ, որ քաղաքից դուրս մեկ-երկու օրից ավելի չեմ ձգի: Այս իմաստով իմ գրածն էլ իմ շարունակությունն է և ուրբան միջավայրը անբաժան է իմ գրածներից: Այս ուղղությամբ մի քանի նոր գաղափարներ ունեմ, հուսամ` կունենամ նաև մի քիչ ավելի ժամանակ, որպեսզի դրանք իրագործեմ:

Սկզբնաղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում