Ինչու է ուղտը սապատավոր

Ինչու է ուղտը սապատավոր

Շատ դարեր առաջ ուղտը սապատ չուներ ու անսահման ծույլ կենդանի էր։ Որտեղ փոշի, մոխիր էր տեսնում, էշի նման թավալվում էր։

Ամռան մի օր ուղտն անցնում էր ցորենի արտի մոտով։ Արտում կալ էր կալսում եզը։

-Ինչու՞ ես գլուխդ թեքում, – ուղտին տեսնելով ասում է եզը, -արի, օգնիր կալը կալսենք, մի կոտ ցորեն էլ քեզ կտամ։

-ՈՒղտը քեզ օգնի՞, ծալդ պակա՞ս է, թե՞ ինձ էշի տեղ ես դրել, – հեգնանքով ասում է ուղտը։ 

-Ինքդ կալսիր, ցորենն էլ քեզ լինի, ես առանց աշխատելու էլ ապրում եմ։

– Անբան արարած, ձմեռը ի՞նչ պիտի ուտես, – նեղանում է եզն ու շարունակում է մենակ կալսել արտը։

ՈՒղտը լնգլնգալով քայլում է ճանապարհով։ Հանդիպում է էշին, որը  սեխով ու ձմերուկով բեռնված, գնում էր շուկա։

Էշը բեռան տակ տնքում է, իսկ ուղտը քրքջում է․

– Հա, հա, հա, բեռդ ծա՞նր է, իշուկ, ինչու՞ ես այդքան ագահորեն բեռնավորվել։

– Ստիպված եմ, ուղտ, տանեմ շուկայում գարու հետ փոխեմ, քուռակներիս պահեմ, մեծացնեմ։ Օգնիր, հասցնենք շուկա, մի քիչ գարի էլ քեզ բաժին կհանեմ։

– Իսկական ավանա՜կ, ինչե՞ր ես դուրս տալիս, լսա՞ծ բան է, որ ուղտը շալակի էշի բեռը, դա վիրավորական է մեր ցեղի համար։ Ինքդ բեռդ տար, ինքդ էլ գարին կեր, ես առանց աշխատելու էլ կապրեմ։

– Մեծախոս, չքվիր աչքիցս, ձմռանը ի՞նչ ես ուտելու, փուշն էլ քեզ ափսոս է, – փնթփնթում է էշն ու տնքալով շարունակում ճանապարհը։

ՈՒղտը տրինգ տալով գնում է ու հանդիպում ձիուն։ Ձիու մեջքին երկու հսկա պարկ է լինում․ մեկը  չամիչով էր լցված, մյուսը՝ խուրմայով։ Տանում էր Բաղդադ։

Ճանապարհը երկար էր, ու ձին հոգնել էր։ Տեսնելով ուղտին միանգամից ուրախանում է ու խրխնջալով ասում․ 

– Իհո՜, իհո՜, ուղտ աղպեր, եթե օգնեիր՝ իմ պարկը վերցնեիր մեջքիցս, ես քո լավության տակ չէի մնա։ Մի անգամ էլ ես կօգնեմ քեզ։ Օգնիր, քիչ է մնացել, մինչև Բաղդադ հասնեմ։

– Ես Բաղդադում գործ չունեմ, քո լավությունն էլ քեզ պահիր, դժվար թե ես կյանքում քո օգնության կարիքը ունենամ, – ասում է ուղտն ու թեքում ճանապարհը։

– Է՜խ, է՜խ, ուղտ, դաժան ես ու անհոգի, կարիքն ու դժվարությունը մի օր էլ քո դռանը  կչոքեն,- դժգոհում է ձին ու տնքալով կրում ծանր բեռը։

Դու մի ասի՝ ուղտի հետևից գնում էր անտեսանելի կախարդ ծերունին, ով լսում է անհոգի ու եսասեր ուղտի բոլոր խոսքերը։

Լսում է ու որոշում ուղտի հախիցը գալ։ Կախարդ ծերունին եզին տալիս է սարի խոտ, քուսպ, դարման։

Էշին տալիս է մարգագետնի խոտ, գարի ու վարսակ։

Ձիուն տալիս է կորնգան, վարսակ, կորեկ։

ՈՒղտին զրկում է խոտից, վարսակից, գարուց, կորեկից ու քշում է հեռու անապատ, որտեղ միայն փուշ է բուսնում։

ՈՒղտը մի գիշեր փախչում է անապատից, բարձրանում է սար՝ խոտ արածելու։ Կախարդ ծերունին նկատում է, բարկանում ու ասում․

– Եթե շատ ես սար սիրում, թող այսուհետև քո մեջքին բարձրանան զույգ սարեր, բայց առանց խոտի,  ուր գնաս՝ սարերը հետդ կգան, միայն թե՝ դու պետք է ապրես անապատում և ուտես միայն փուշ։

Թափառում է ուղտը անջուր ու փշոտ անապատում, սնվում փշով, ճարը որ կտրում է՝ չոքում է կախարդ ծերունու առաջ ու աղաչում․

– Ամենազոր ծերունի, ես այլևս չեմ ծուլանա, ինչ բեռ բարձեն՝ կտանեմ, միայն թե՝ թույլ տուր ես էլ ուտեմ խոտ ու գարի, քուսպ ու վարսակ, միայն թե՝ էշի ու ձիու չափ պատիվ ունենամ։

Կախարդ ծերունին կատարում է ուղտի ցանկությունը։ Նրան թույլատրում է բեռնավորված շրջել աշխարհից աշխարհ, ուտել ուտել խոտ ու գարի, վարսակ ու եգիպտացորեն, ինչ պատահի։

Սակայն ուղտը, հին սովորությամբ, ամենից շատ սիրում է բուսած ուղտափուշը, գցում է բերանն ու ժամերով ծամում։ Բայց մեջքի զույգ սապատ-սարերը այդպես էլ մնում են որպես հիշատակ հին, տխուր օրերից և այնպես են ամրացել ու հարմարվել, որ բոլորովին նեղություն չեն  պատճառում ուղտին։ Ընդհակառակն՝ ուղտապանը մեծ բեռը բարձում է, ինքն էլ՝ նստում երկու սապատի մեջտեղն ու առոք-փառոք շրջում ամեն տեղ։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում