«Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները

«Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները

Հրատարակվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը պատմում է Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցված հարյուրավոր շինությունների՝ պալատական, ռազմական կառույցների մասին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունն ու գաղափարը, նշեց, որ 1990-ականներից սկսած Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում աշխատում են արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործությունների արխիվների ստեղծման ուղղությամբ:

Ըստ նրա՝ այդ ժամանակ սկսել են ուսումնասիրել Թուրքիայի հայ ճարտարապետների ստեղծագործությունները, այդ թվում՝ Պալյանների:

Աշոտ Գրիգորյանի խոսքերով՝ Պալյանները բավական հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն նրանք ներկայացվում էին իտալացի ճարտարապետներ:

«Հայաստանում համոզված էին, որ նրանք հայեր են, իսկ Թուրքիայում նրանց հայ լինելու մասին լռում էին: Ուստի խնդիր էր դրված՝ ինչպես հիմնավորել Պալյանների հայ լինելը նաև ճարտարապետական առումով: Փնտրտուքն ի վերջո տվեց իր արդյունքը, մենք գտանք Պալյանների արխիվը: Ի դեպ նյութերը փնտրում էինք ոչ միայն մենք, այլ նաև թուրքերը»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Պալյանների արխիվը Իտալիայում գտնելուց հետո, բավական մեծ դժվարությամբ, սակայն առանց կորուստների այն տեղափոխել են Հայաստան: Արխիվային գործերում կային բոլոր նշանավոր կառույցների նախագծերը:

«Թվում էր, թե հարցը լուծված էր և պետք է դրանք շրջանառվեին, քանի որ փաստաթղթերը 100 և ավելի տարի որևէ ձևով չէր շրջանառվել, բայց պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ աշխատանք չէ, քանի որ արխիվային նյութերը գրված էին ֆրանսերենով, օսմաներենով, թուրքերենով, հայատառ թուրքերենով, արևմտահայերենով, կային նաև բացատագրեր, բայց դրանց զգալի մասն անընթեռնելի էին: 2014 թ-ից մենք սկսեցինք այդ արխիվի ուսումնասիրությունը: Արդյունքում, հավաքվեց մի նյութ, որը պետք էր հրատարակել»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Այսպիսով, «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը ևս մեկ անգամ փաստում է հայերի անջնջելի հետքը Ստամբուլի ճարտարապետական դիմագծում:

Ըստ ճարտարապետի՝ արխիվի ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ Պալյանների նախագծերով պալատների, ամառանոցների, մզկիթների և այլ շինությունների կառուցման համար եթե ոչ 100, ապա 90 տոկոսով օգտագործվել է հայերի ներուժը: Այսինքն՝ Պալյանները համագործակցել են հայ մասնագետների հետ:

Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Թուրքիայում Պալյանները բազմաթիվ աշխատանքներ ունեն: Դրանք պալատական, ռազմական կառույցներ են, մզկիթներ, ջրամբարներ, հայ համայնքի համար էլ կառուցել են եկեղեցիներ, հիվանդանոցներ:

Պալյանների նշանավոր գործերից են Ստամբուլի «Դոլմաբահչե»-ի համալիրը, որը Պալյանների մի քանի սերունդի աշխատանք է, «Չրաղան» պալատը:
Աշոտ Գրիգորյանը նաև նշեց, որ փորձել են պարզել, թե պատահակա՞ն էր Պալյանների հայտնվելը Ստամբուլում: «Մեր ամբողջ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Պալյաններից առաջ էլ մենք ունեինք բազմաթիվ հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, որոնք Ստամբուլում աշխատել են: Մենք անդրադարձանք նաև ճարտարապետ Խոջա Սինանի գործունեությանը, որը համարվում է Թուրքիայի թիվ մեկ ճարտարապետը: Նույնիսկ չանդրադառնալով նրա ազգությանը, իսկ մեր համոզմամբ նա իսկապես հայ էր, մենք այստեղ ապացուցում ենք, որ Սինանի ստեղծագործությունները, որոնք հիմնականում մզկիթներ են,կառուցվել են բագարանատիպ եկեղեցու հատակագծի հիման վրա: Դա նշանակում է, որ Սինանը շատ լավ գիտեր հայկական միջնադարյան ճարտարապետությունը և վերցրել է այն հիմնական առանցքային նորարարությունները և ստեղծել հայտնի մզկիթները»,- ընդգծեց Աշոտ Գրիգորյանը:

Ճարտարապետը նշեց նաև, որ մինչև 2000 թվականը Թուրքիայում մտավորականները թերևս գիտեին Պալյանների մասին, բայց չեն բարձրաձայնել և Թուրքիայում գիտեն, թե նրանք իտալացիներ են: «Հետագայում թե հայ համայնքի, թե մեր հորդորներից հետո այսօր ընդունում են Պալյանների հայ լինելը, առավել ևս հիմա բարձրաձայնում են, որ Ստամբուլի դիմագիծն առանց Պալյանների աղավաղված կլիներ: Հայ բարերարների կողմից վերականգնվել է նաև Պալյանների գերեզմանը, իսկ Ստամբուլի քաղաքապետը հանձնարարել է, որ բոլոր տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկներին ցույց տան ոչ միայն «Դոլմաբահչե»-ի համալիրը, այլև դրա հեղինակների գերեզմանը: Այսինքն՝ նրանք ստիպված են ընդունել, որ Պալյանները հայեր են»,- ասաց ճարտարապետը:

Աշոտ Գրիգորյանը նշեց նաև, որ Պալյաններն ապրել և ստեղծագործել են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի առաջին կես: Այսինքն՝ Պալյանների 9 սերունդ աշխատել է Թուրքիայում, իսկ նրանց մեծ մասը հռչակվել են պալատական ճարտարապետներ:

Ճարտարապետը նաև հայտնեց, որ «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը թարգմանվում է թուրքերենով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում