«Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով և անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով»

«Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով և անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով»

Հարցազրույց իտալացի ճանաչված օպերային երգիչ Ռոբերտո Սկանդիուցիի հետ

– Մաեստրո, դուք դասվում եք իտալական վոկալ դպրոցի հսկա բասերի, այդ թվում՝ երջանկահիշատակ Էցիո Պինցայի, Չեզարե Սիեպիի եւ մյուսների թվում: Բայց, չգիտես ինչու, միջազգային մամուլը համարում է, որ համաշխարհային ձեր կարիերայի սկիզբը դրվել է ոչ թե Իտալիայում, այլ Մեծ Բրիտանիայում՝ 1991թ., Լոնդոնի «Քովեն Գարդեն» թատրոնում, որտեղ հանդես եք եկել Յակոպո Ֆիեսկոյի դերերգով՝ Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում:

– Վաղուց եմ նկատել, որ հայերն ու իտալացիները նման են ոչ միայն մշակույթով, բնավորությամբ ու արտաքինով, այլեւ անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով: Իհարկե, դա այդպես է, բայց պետք է խոստովանեմ, որ մինչ Լոնդոնում առաջին անգամ հանդես գալը, հայրենիքում ինձ ճանաչում էին. հասցրել էի բեմ բարձրանալ Հռոմի, Միլանի, Վենետիկի, Ֆլորենցիայի թատրոններում, զուգահեռ հանդես գալով իբրեւ համերգային կատարող: Իսկ «Քովեն Գարդենում» բեմելից հետո իսկապես արձագանքը շատ մեծ էր, ինչը կարծես միջազգային պայթյուն լիներ:

– Դատելով ձեր պատասխանից՝ կարելի՞ է ենթադրել, որ դուք լավ եք ճանաչում հայերին եւ շատ եք շփվել նրանց հետ: Եթե դա այդպես է, նրանց թվում կա՞ն արվեստագետներ:

– Իմ շփումը միայն հայ արվեստագետների հետ է, որոնք մեծ թիվ են կազմում մասնավորապես վոկալ արվեստում: Ի դեպ, ունեք հիանալի վոկալ դպրոց: Չթվեմ, որ հանկարծ այս պահին որոշ անուններ չսպրդեն:

– Հավանաբար համաշխարհային օպերային գրականությունում չկա մի երկ, որտեղ բասի դերերգով հանդես եկած չլինեք…

– Համաշխարհային օպերային գրականությունն այնքան ընդարձակ է, որ դեռեւս կան օպերաներ, որոնք, չգիտես ինչու, չեն բեմադրվում: Ես այդ պարտիաները լրացնում եմ համերգային կատարումներով: Ի լրումն ասեմ, որ այսօր էլ ժամանակակից կոմպոզիտորների կողմից ստեղծվում են նույնպես բարձրարվեստ օպերաներ…

– Հանդես եք եկել դիրիժորական արվեստի այնպիսի երեւելիների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբբադոն, Լորին Մաազելը, Վալերի Գերգիեւը, Ֆաբիո Լուիզին… Հիմա էլ պատրաստվում եք բեմ բարձրանալ Էդուարդ Թոփչյանի հետ:

– Ասացի, չէ՞, որ նման ենք անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով… Անշուշտ, թվարկեցիք երեւելի դիրիժորների անուններ: Հայաստան ժամանել եմ մեկ-երկու օր ուշացումով, բայց արդեն այն հանգամանքը, որ ձեր մաեստրոն՝ Թոփչյանը, մինչ նվագախմբի ու երգչախմբի հետ փորձը մեներգիչներիս հրավիրել է առանձին պարապմունքի: Դա խոսում է նրա՝ չնայած երիտասարդ տարիքին, բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

– Զուգադիպությո՞ւն է, թե՞ ազգակցական կապ ունեք ձեր անուն-ազգանվամբ ճանաչված դաշնակահար- երգեհոնահարի եւ կինոդերասան Ռոբերտո Սկանդիուցիների հետ:

– Ոչ, ազգակցական կապ չունենք, պարզապես զուգադիպություն է:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում