Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը

Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը

Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություն:

Մինչ միջոցառման սկիզբը հանդիսության մասնակիցները թատրոնի ճեմասրահում դիտեցին «Եկեղեցի-բանակ» թեմայով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շնորհալի զինվորականների ձեռքի աշխատանքներ:

Տոնական հանդիսությունը սկսվեց ՀՀ օրհներգով, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարմամբ հնչեց Տերունական աղոթքը: Այնուհետև ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Շնորհավորելով ներկաներին Հոգևոր առաջնորդության գործունեության 20-ամյակի առիթով` Սրբազան Հայրը մասնավորաբար ասաց. «․․․Այսօր, փառք Աստծո, ունենք պետականություն, հաղթանակած բանակ, և որ ամենակարևորն է` հավատքի ու գաղափարի հերոս զինվոր, ինչը հաստատվեց անցյալ տարի՝ ապրիլին: Այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ հերոսությունը հայ զինվորի արյան ու գիտակցության մեջ է, զինվոր, ով զենքը ձեռքին, քաջությունը սրտում, աղոթքը շուրթերին իր բարոյական իրավունքն է պաշտպանում: Հետևաբար վստահորեն կարող ենք փաստել, որ հայրենիքի ծառայությանն ու պաշտպանությանը զինվորագրվելը հայ մարդու համար պարտադրյալ մի ծառայություն չէ, այլ պատվաբեր ու նվիրական առաքելություն: Ահա այդ առաքելության մեջ մեր զավակների հաստատուն մնալուն է ուղղված ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության քսանամյա գործունեությունը, որը նպատակ ունի հայ զինվորին ու սպային տեսնել աննկուն, հոգեպես հաստատակամ ու կայուն, իսկ մեր Հայրենիքը՝ պաշտպանված ու զորեղ: 20 տարին միաժամանակ թե՛ կարճ և թե՛ երկար ժամանակ է արդեն արվածին գնահատական տալու համար, բայց նաև մի հանգրվան, մի հնարավորություն հետ նայելու, անցած ճանապարհից դասեր քաղելու, երիտասարդական ավյունով առաջ նետվելու ի խնդիր նոր մարտահրավերների, քանի որ վստահ ենք, որ նվիրական տեսլականն ու ոգին են առաջնորդելու յուրաքանչյուրիս, և բոլորս անվերապահորեն ներդնելու ենք մեր բազկի, մտքի ու հոգու լավագույն արգասիքները ի փառս Աստծո և ի զորացումն հայրենի մեր պետականության ու հաղթանակած բանակի»:

Վրթանես Սրբազանն իր խոսքում նշեց նաև, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գործունեության նպատակներից է հայ զինվորին ու սպային աննկուն տեսնելը, հոգեպես հաստատակամ ու կայուն, իսկ Հայրենիքը՝ պաշտպանված ու զորեղ:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը տեղեկացրեց, որ անցնող 20 տարիների ընթացքում ավելի քան 300 գնդերեցներ իրենց ծառայությունն են բերել Հոգևոր առաջնորդությունում, զորամասերում կառուցվել են 3 տասնյակից ավելի մատուռներ և աղոթատներ, ամփոփ ներկայացրեց նաև իրականացված աշխատանքները:

Վրթանես Սրբազանն աղոթքով հիշեց երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետին և լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանին, որոնց նախաձեռնությամբ 1997 թ. սկիզբ դրվեց Զինված ուժերում հոգևոր ծառայությանը: Սրբազան Հայրը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին Հայոց բանակի և Հոգևոր առաջնորդության նկատմամբ դրսևորվող մշատական հայրական խնամքի համար:

Այնուհետև հանդիսության մասնակիցներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Փառք և գոհություն ենք մատուցում Աստծուն, որ անսասան և հաղթական է Հայոց բանակը, որն այսօր հուսալի գրավականն է մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու ստեղծագործ կյանքի:

Մեր բանակը ձևավորվեց անկախ պետականության հաստատման և Արցախի ազատագրության հերոսական օրերում և կայացավ ու զորացավ մեր պետականության ամրապնդման հետ: Մեր ժողովուրդը ամեն դժվարություն հանձն առավ հայրենի հողը պաշտպանելու և իր ազատ կյանքը կառուցելու համար: Հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարում, նաև մարտի դաշտում, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր զավակների կողքին էր՝ զորացնելով նրանց Աստծո խոսքով ու հավատքով, որն իբրև հոգևոր սուսեր՝ բարձրանում է ընդդեմ բռնության, կեղծիքի, իրավունքի ոտնահարման և ամեն չարիքի:

Հայոց բանակում հովվական ծառայության սկիզբը դրվեց հայրենի պետության անկախության առաջին տարիներին երջանկահիշատակ Մեր նախորդ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Լուսավորչի գահին բազմելով, Մենք կարևոր նկատեցինք բանակում հոգևոր ծառայության կարգավիճակի ամրագրումը, որն իրականացավ հատուկ հուշագրի ստորագրությամբ Պաշտպանության նախարար և ներկայիս ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետ հովվական ծառայությունը բանակում բարձրացրեցինք Հոգևոր առաջնորդության աստիճանի: Այսօր գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ հայոց մեծ արքա Աշոտ Երկաթի խաչը, որը կրում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, հաստատեցինք որպես պահապան խաչ սիրեցյալ մեր բանակին և ընծայեցինք բանակային զորատեսակներին օրհնված խաչվառ դրոշներ:

Ազգային-եկեղեցական մեր կյանքում տերունապատվեր առաքելություն ստանձնելու հետ մեկտեղ եկեղեցականները, Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ սարկավագները անպայմանորեն իրենց ծառայությունն են իրականացնում բանակում՝ հոգևոր մխիթարություն, քաջալերություն փոխանցելով մեր զինվորներին, զորացնելով նրանց հավատքը, բարձր պահելով մարտական ոգին և նրանց աջակիցն ու զորակիցը լինելով հայրենիքի պաշտպանության նվիրական գործում: Ուրախություն է Հայրապետիս համար արձանագրել, որ մինչ այսօր Հայոց բանակում ծառայել են ավելի քան երեք հարյուր հոգևոր սպասավորներ: Արդարև, մեր անկախ պետականության քառորդդարյա ընթացքին հոգևոր սպասավորությունը բանակում ամենակարևոր ու արգասաբեր անդաստաններից մեկը եղավ, որտեղ ազգային իշխանությանց և Հայ Եկեղեցու համագործակցությունը առատ հունձք ապահովեց՝ մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր, և (հմմտ. Մարկ. Դ 8):

Սիրելի գնդերեցներ, հոգևոր սպասավորներ Հայոց բանակի, եկեղեցականների ծառայական կյանքը զինվորություն է, Պողոս առաքյալի խոսքով՝ զինվորություն՝ «Աստծո սպառազինությամբ…, մեր մեջքը գոտեպնդած ճշմարտության Ավետարանով, հագած արդարության զրահը, մեր ոտքերը ամրացրած խաղաղության Ավետարանի պատրաստությամբ, …հավատի վահանով, փրկության սաղավարտով ու Հոգու սուսերով, որ Աստծո Խոսքն է, որպեսզի կարողանանք չար օրում դեմ կանգնել չարին…» (հմմտ. Եփես. Զ 13-17)։ Հայ եկեղեցականը չի սպասում հրավերի՝ չարի դեմ պայքարելու, չի տատանվում հայրենիքի ու հավատի համար իր կյանքը զոհելու, չի նահանջում, երբ չարն իր նենգ մտադրությամբ անցնում է հայրենյաց սահմանը՝ ավերելու մեր տունը, ոչնչացնելու հայրենական մեր նվիրական սրբությունները։ Խաչով ու սրով հայ եկեղեցականը միշտ եղել է հայրենյաց պաշտպանության դիրքերում: Սա է մեր Եկեղեցու սրբազան ու դարավոր առաքելության մեծագույն պատգամը՝ ապրել և ծառայել մեր ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական փրկության համար՝ Ավարայրից մինչև Արցախ և մինչև վախճանը ժամանակների։ Այդ գիտակցությամբ նաև Սարդարապատի ճակատամարտում, 1918 թ. մայիսյան հերոսամարտերում, որոնց 100-ամյակը պիտի տոնենք հաջորդ տարի, Գևորգ Ե Ամենայն Հայոց երանաշնորհ Կաթողիկոսը իր խրոխտ կեցվածքով ու ոգեշնչումով զորացրեց ողջ ժողովրդին, և հայ եկեղեցականները հայոց Հայրապետի օրինակով մեր զորաց հետ աննահանջ պայքարեցին մեր հայրենիքի, հավատքի, մեր ժողովրդի ազատ կյանքի և իրավունքների պաշտպանության համար: Այսօր դուք, յուրաքանչյուր հայ եկեղեցականի հետ, կոչված եք հոգի ու սիրտ ներդնելով կենսագործելու մեր սուրբ նախնիներից ավանդված առաքելությունը`հոգևոր սպառազինության պաշտպանությունը կերտելու մեր բանակում և ամենուր մեր ժողովրդի կյանքում:

Հոբելյանական այս առիթով Հայրապետական Մեր գնահատանքն ենք հայտնում Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանին, պետական ավագանուն և բանակի ողջ հրամկազմին՝ Հայ Եկեղեցու առաքելությունը Զինված ուժերում նվիրական գիտակցումով ու համագործակցության բարձր ոգով արժևորելու համար: Մեր գնահատանքը՝ ՀՀ Պաշտպանության նախարար մեծարգո տիար Վիգեն Սարգսյանին, բանակում հոգևորականների ծառայության հանդեպ առանձնակի ուշադրության, Հոգևոր առաջնորդության գործունեությանը ըստ ամենայնի աջակցելու և հատկապես՝ մեր բանակի մարտունակությունն ու ոգին բարձր պահելու նախանձախնդրության համար: Այդ նախանձախնդրության վկայությունն է նաև հոբելյանական այս հանդիսությանը և նման միջոցառումներին մեծարգո նախարարի մասնակցությունը: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր առաջնորդին՝ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Հոգևոր առաջնորդության գնդերեցներին՝ մաղթելով իրենց նվիրական առաքելության մեջ նորանոր հաջողություններ: Նոր ձեռքբերումներ ենք մաղթում մեր քաջարի բանակին, պանծալի ծառայություն՝ բոլոր սպաներին ու մարտիկներին: Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի ներքո պահպանի ձեզ և օրհնի ձեր և ձեր ընտանիքների կյանքը:

Թող խաղաղությունը ամուր ու հաստատուն լինի հայրենի մեր սահմաններում: Թող Երկնավոր Տերը պահպանի մեր ժողովրդին և զորացնի ու բարօր դարձնի հայրենի մեր երկիրը: Թող արգասաբեր ու պտղաբեր լինի մեր Եկեղեցու առաքելությունը՝ ի փառս Աստծո և ի պայծառություն ազգիս:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն», — ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Ներկաներին հոբելյանի առիթով շնորհավորեց նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությանը ազգային կյանքում և ինքնության պահպանության գործում․ «…Մենք այս օրերին հաճախ ենք լսում աշխարհում ընդունված այն իրականությունը, որ պետությունը եւ եկեղեցին պետք է անջատ լինեն միմյանցից, եկեղեցին եւ բանակը պետք է անջատ լինեն միմյանցից, քանզի ասում են, որ դա է ժողովրդավարության և 21-րդ դարի թելադրանքը: Բայց, մի՞թե դա համահունչ է մեր ժողովրդի իղձին և մեր ժողովրդի կոչմանը: Մի՞թե դա է աշխարհի առաջին քրիստոնյա պետության խորհուրդն ու իմաստությունը: Մենք 26 տարի առաջ սկսեցինք կերտել պետականություն մի իրականության մեջ, որտեղ ունեինք մշակույթ, լեզու, գիտություն, որ կտոր-կտոր հավաքել էինք աշխահով սփռված մեր Սփյուռքից՝ որպես Ցեղասպանության հետևանք: Եվ ունեինք մի ամուր հիմք, որի վրա մեր ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանվեց որպես ուժ և այդ ուժը, այդ առանցքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին էր: Պետականության բացակայության դարերի ընթացքում հենց այդ եկեղեցին է կրել մեր ժողովրդին միավորելու, կրթելու, կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում մարտի դաշտ տանելու պետական բոլոր գործառույթները: Եվ թեև մենք չունեինք այն ինստիտուտները, որոնք անհրաժեշտ էին որպես հիշողություն՝ ուժեղ պետականություն կերտելու համար, մենք ունեինք անհամեմատ մեծ ուժ, որը թույլ տվեց միանգամից ոտքի կանգնել և կանգնեցնել ինչպես պետությունը, այնպես էլ բանակը։

․․․Աշխարհի բոլոր եղած և ապագայում լինելիք պետություններից մեզ տարբերում է մի բան՝ աշխարհի առաջին քրիստոնյա պետություն լինելու խորհուրդը: Շատ շատերն են ուզում, որ այդ խորհուրդը դուրս գա մեր ինքնագիտակցությունից, որովհետև այդ դեպքում մենք դառնում ենք 3 մլն․ բնակչություն և մի քանի տասնյակ հազար քառ. կմ տարածություն ունեցող երկիր: Այդ իրականության հետ, ինչպես նաև բիբլիական Արարատի հովանու ներքո՝ մենք առաքելություն ունեցող և հատուկ ուժ ունեցող ժողովուրդ ենք: Դրա համար մեր պարագայում շատ տրամաբանական և հասկանալի է, որ եկեղեցին չի կարող անջատ լինել ո՛չ պետությունից եւ ո՛չ էլ բանակից: Դա ամրագրված է մեր Սահմանադրության մեջ, դա ամրագրված է մեր օրենսդրության մեջ և ամենակարևորը՝ յուրաքանչյուր հայի սրտի մեջ»։

Պրն․ Վիգեն Սարգսյանը հիշեց հայ հոգևորականների նվիրական անուններ, որոնք հայոց պատմության ամենածանր պահերին զորականների հետ միասին մարտի դաշտ են դուրս եկել, մեր ժողովրդի միավորման առանցքը դարձել, նաև խորհրդանիշը հաղթանակի և պայքարի։ Խոսելով մեր օրերում ՀՀ Զինված ուժերում Հոգևոր առաջնորդության առաքելության մասին՝ ՀՀ Պաշտպանության նախարարը մասնավորապես նշեց․ «Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի և նոր միջավայր ձևավորելու կարևոր միջոց դառնա մեր Զինված ուժերում: Բանակի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեցի և ուզում եմ կրնել այսօր՝ բանակում գնդերեցների ծառայության համար, որովհետև գնդերեցները մեր զինված ուժերում և՛ ավագ ընկեր են, և՛ հոգեբան, և՛ այն կարևոր հոգևոր ուղղորդիչը, որին հավասարվում են մեր զինվորները»:

Այնուհետև ներկաները դիտեցին «Աղոթող զինվոր» ֆիլմը՝ նվիրված Հոգևոր առաջնորդության գործունեությանը։

Հանդիսության գեղարվեստական հատվածում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ փողային նվագախմբը, Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, «Ծաղկազարդ», «Գեղարդ», «7 նոտա» երգչախմբերը, «Նարեկացի» նվագախումբը և «Նժդեհ» պարախումբը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, զինծառայողներ, գնդերեցներ, 20 տարիների ընթացքում Հոգևոր առաջնորդությունում իրենց ծառայությունը բերած եկեղեցականներ և այլ հրավիրյալներ:

Սկզբնաղբյուր՝ hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում