Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև

Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը քաղաքի կենտրոնական մասում է: Այն բացվել է 1974թ.-ին ու եղել Ազգային պատկերասրահի մասնաճյուղ:

Այս կարգավիճակում թանգարանում ցուցադրվել են այնպիսի մեծանուն հեղինակների գործեր, ինչպիսիք են Այվազովսկին, Բաշինջաղյանը, Սարյանը, Թեռլեմեզյանը: Ազգային պատկերասրահից առանձնանալուց հետո, սակայն, բազմաթիվ արժեքավոր գործեր տեղափոխվել են Երևան, բայց, չնայած դրան, այսօր էլ այստեղ ցուցադրվում են այնպիսի քանդակներ ու նկարներ, որոնց, թանգարանի գիտաշխատողների խոսքով, կնախանձեին բազմաթիվ համաշխարհային թանգարաններ

Թանգարանի շենքը

Վանաձորում աշուն-ձմեռ սեզոնին եղանակը բավականին սառն է: Թանգարանի շենք ենք մտնում ու, չնայած աշխատակիցների ընդունելությունը բավականին ջերմ է, նրանք միանգամից կատակելով ասում են.

«Ափսոս, բայց մեզ մոտ չեք կարող տաքանալ: Եռահարկ թանգարանը չունի ջեռուցում»:

Սա է պատճառը, որ չնայած մյուս ամիսներին այստեղ կազմակերպվող տարատեսակ միջոցառումներին, տարվա ցուրտ ամիսներին թանգարանը փոքր ինչ «պասիվանում է»:

Թանգարանի գիտաշխատող Լուսինե Սահակյանը նշում է, որ այսօր ունեն մոտ 1700 ցուցանմուշ.

«Այցելուների քանակից չենք բողոքում, բավականին գալիս են», – ասում է Լուսինեն ու նշում` թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ օրը` ժամը 10:30-ից 18:30-ը:

«Մուտքի տոմսը դպրոցականների համար 50 դրամ է, ուսանողների համար` 100 դրամ, իսկ մյուս քաղաքացիների համար` 200 դրամ: Զբոսաշրջիկների խմբերի համար ունենք զեղչեր»:

Կերպարվեստի թանգարանի տնօրեն, նկարիչ Փափագ Ալոյանն էլ ընդգծում է` այցելուներ կան, որովհետև թանգարանի աշխատակազմն էնտուզիաստներից է կազմված.

«Մարդիկ այստեղ նվազագույն աշխատավարձ են ստանում, բայց աշխատում են ու սիրում իրենց գործը: Վերջին 15 տարում մոտ 147 ցուցահանդես ու 40-ից ավելի այլ միջոցառումներ ենք ունեցել: Ինչ վերաբերում է այցելուներին, ապա պակասել են այն պատճառով, որ Վանաձորում էլ բնակչությունը նվազել է, մարդիկ հեռանում են քաղաքից», – ասում է Փափագ Ալոյանն, ում նկարները ևս ցուցադրված են թանգարանում:

Նրա խոսքով` այսօր թանգարանի մեծագույն խնդիրը վերանորոգումն է:

«Մեզ հիմնանորոգում է պետք, դա որ լինի` մնացած բոլոր հարցերը լուծելի են, այդ թվում` ջեռուցումը»:

Թանագարանի աշխատողներն ընդգծում են, ցավալի է, բայց շենքային պայմանների պատճառով չեն կարողանում արվեստի գործերի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ջերմաստիճան ապահովել:

Կառլոս Աբովյանը

Վանաձորի կերպարվեստի թանգարանը կոչվում է վանաձորցի նկարիչ Կառլոս Աբովյանի անունով: Թանգարանում նրա գործերը ցուցադրված են ու Լուսինե Սահակյանի խոսքով` ունեն մի յուրահատկություն.

«Կառլոս Աբովանի նկարները բոլորից կարող եք տարբերել, քանի որ դիմանկարներում նա աչքերի փոխարեն հիմնականում խաչեր է պատկերել», – բացատրում է թանգարանի գիտաշխատողը:

Ըստ նրա՝ թանգարանային ֆոնդը պարբերաբար ավելացվում ու փոփոխվում է տարատեսակ նվիրատվությունների շնորհիվ, իսկ եղած նկարներն էլ պարբերաբար ռեստավրացվում են:

Խոնարհվել ստիպող «Մանկական վիշտը»

Վանաձորի կերպարվեստի թանգարանի յուրահատուկ նմուշներից է Բենիկ Պետրոսյանի «Մանկական վիշտը» քանդակը:
Դրանում պատկերված գլուխը կախ աղջնակը, Լուսինեի խոսքով, անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:

«Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, քանի որ աղջնակի մազերը ծածկում են դեմքը, գրեթե բոլորը քանդակին մոտենալիս խոնարհվում են, որպեսզի տեսնեն նրա դեմքը ու ես միշտ ընդգծում եմ` որքան հանճարեղ է եղել քանդակագործը, որ կարողացել է ստիպել բոլորին խոնարհվել «մանկական վշտի» առջև»:

Լուսինե Սահակյանի խոսքով` քանդակի հետ կապված թանգարանն այլ հետաքրքիր պատմություններ էլ ունի.

«Արդեն մի քանի անգամ է, երբ դպրոցականների կամ ընդհանրապես երեխաների խմբեր են գալիս, էքսկուրսիաներից հետո այս քանդակի մոտ կոնֆետներ ենք գտնում: Պարզվում է, երբ երեխաներին ներկայացնում ենք, որ այս աղջնակը տխրում է և նշում ենք, որ քանդակի անունը «Մանկական վիշտ» է, երեխաները կոնֆետներ են թողնում քանդակի կողքին ու բացատրում` «որ աղջնակը չտխրի»», – պատմում է Լուսինեն:

Թանգարանի գիտաշխատող նշում է` մարզային քաղաքում թանագարան այցելելու մշակույթը վերադարձնելու համար մի շարք ծրագրեր են իրականացնում, օրինակ` ունեն հատուկ ընտանեկան այցելության օրեր.

«Ուզում ենք, որ մարդիկ նորից սկսեն ընտանիքներով թանգարան գալ: Նմանատիպ ծրագրեր ունենք դպրոցականների, մեծահասակների, հաշմանդամություն ունեցողների, զբոսաշրջիկների ու գրեթե բոլոր քաղաքացիների համար: Քանի որ հասկանում ենք` հատկապես մարզային քաղաքներում մարդկանց սոցիալական վիճակը բարվոք չէ, ծրագրերին մասնակցությունը լիովին անվճար է: Այս դեպքում հանել ենք նույնիսկ եղած բավականին փոքր տոմսի արժեքը, միայն թե մարդիկ նորից սկսեն գնահատել արվեստը», – ամփոփում է Լուսինե Սահակյանը:

Լրատվամիջոցների այցը Լոռու մարզ տեղի է ունեցել «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում