Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում

Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան  Եվրոպայում

Ամերիկյան հայտնի և առաջատար համարվող կաբելային ու արբանյակային հեռուստատեսային ցանցը` Home Box Office (HBO)-ն, որը ներառված է աշխարհի ամենախոշոր կոնգլոմերատներից մեկի` Time Warner կորպորացիայի մեջ, կլիցենզավորի «Վերջին բնակիչը» ֆիլմը` այն վաճառելու համար: Այս առումով, «Արցախպրես»-ի թղթակցին հաջողվել է ունենալ բացառիկ զրույց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք ստացել առաջարկը և ո՞ր երկրներում է ցուցադրվելու«Վերջին բնակիչը»` ըստ այդ առաջարկի:

– Ամերիկյան հայտնի՝ պրեմիում դասի խոշոր հեռուստատեսային ցանց հանդիսացող HBO-ը «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային վաճառքի գործակալ ավստրալական «Galloping Films» ընկերությանն առաջարկել է մեր ֆիլմը լիցենզավորել և վաճառել՝ HBO-ի արևելյան երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մակեդոնիայում և այլն։ Ինչպես տեղյակ եք, այս հեռուստատեսային ցանցը համարվում է առաջատարներից ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև` ողջ աշխարհում։ Այսօր, նրա պրոդուկտները մեծ ռեկորդներ են սահմանում, և, իսկապես, մեծ հաջողություն է մեզ համար այն, որ Արցախի մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմն այսօր արդեն այդպիսի մակարդակով տարածում է գտնում եվրոպական մի շարք երկրներում։

– Կա՞ արդեն պայմանավորվածություն, թե երբ են նախատեսվում ցուցադրությունները:

– Նրանց հետ մենք այժմ համաձայնագրի կնքման փուլում ենք և առաջիկայում պետք է որոշենք ֆիլմի ցուցադրությունների ժամանակացույցը։ Այդ տեղեկատվությունն իր ժամանակին կհրապարակենք (բազմանշանակ ժպտում է):

– Հաճախ եք նշում, որ Ձեր ֆիլմերը ճանապարհ են հարթում մեկը մյուսի համար: Ի՞նչ է տալու HBO-ն և առհասարակ` «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողությունները` Ձեր հաջորդ կինոնախագծին:

– Հայկական ֆիլմը, որն, ըստ էության, կոմերցիոն չէ, որին ավելանում է նաև Արցախյան թեման, աներևակայելի դժվար է տարածել աշխարհում: Ընդհանրապես, կոնֆլիկտային թեմա պարունակող ֆիլմերի հնարավորությունները քիչ են, սակայն մեծ ուրախություն է, որ HBO-ի պես առաջատար հեռուստատեսային ցանցը, որն Ամերիկայի տարածքում ունի 8 հեռուստաալիք, ցանկություն է հայտնում ֆիլմը գնել և վաճառել Արևելյան Եվրոպայի երկրներում: Մեծ պատիվ և երջանկություն է Արցախն ու Հայաստանը ներկայացնել աշխարհում` նման եղանակով:

Այս հաջողություններն, անշուշտ, մեծ դռներ կբացեն իմ հաջորդ` «Դրախտի դարպասը» ֆիլմի համար, որը նույնպես նախատեսում եմ ստեղծել միջազգային համագործակցության արդյունքում: Սակայն, միևնույն ժամանակ, ես նպատակ ունեմ նաև հայկական կինեմատոգրաֆիայի զարգացումը տեսնել աշխարհում:

Իմ ֆիլմերի նմանօրինակ հաջողությունները, վստահ եմ, ճանապարհ են հարթելու նաև Հայաստանի և Արցախի երիտասարդության համար: Այս դժվարին ուղին, որը ես անցնում եմ բազում փորձություններով, հավատում եմ, որ նրանց կտրվի ավելի դյուրին:

Սկզբնաղբյուր՝ Aravot.am:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում