Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին

Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին:
Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։

Նորին Սրբությունը ողջունեց եպիսկոպոս Շոխին` արդյունավետ գործունեություն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Ավետարանական եկեղեցիների միջև առկա կապերին և գործակցությանն Էկումենիկ կազմակերպությունների հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և Ավետարանական-Լյութերական եկեղեցու միջև ձևավորված համագործակցության առիթով:

Զրույցի ընթացքում եպիսկոպոս Մարկուս Շոխը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն Երուսաղեմում իր ուսումնառության տարիներին առիթ է ունեցել ծանոթանալու Հայ Եկեղեցու սրբազան ժառանգությանը և հայ ժողովրդի պատմությանը:

Ավետարանական-Լյութերական եկեղեցու առաջնորդը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց տարածաշրջանում իր առաքելության վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում