Իմ սիրտ հարատև

Իմ սիրտ հարատև

Փոքրիկ երկիր` սեղմված
լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
տեսնում քո երազում: Չորացած
կոկորդի մեջ, ամռան
կիզիչ օդում, ընկնում են բառերը
անձայն ու անարձագանք,
ինչպես ծառեր` կտրված
օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր,
որոնց տակ աշխարհը
չունի ոչ մի չափում:
Կարճ ինչպես կյանքի խոստում,
երկար ինչպես քունը մղձավանջային
բառերը չեն հասնում քեզ:
Ի՞նչ երգ ես ուզում լսել
քո հին երազում: Այն, ինչ ունես դու,
մի սիրտ է հարատև,
որ բաց է և արթուն։

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հենրիկ Էդոյանը ծնվել է Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։

1974 թվականին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան , 1990 թվականին՝ դոցենտի աստիճան, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008 թվականներին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում: 1995-1996 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում:

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։

Տարվա լավագույն գրքի համար 2002 թվականին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակի (2004)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում