Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում

Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում

Դեկտեմբերի 12-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և առաջնորդության 21 ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառում: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ը։

Սրբազան հոր նախորդ հոբելյանական արարողություններից որևէ մեկը երբևէ չէր ընդգրկել նման մասշտաբներ և մինչ օրս չէր ներկայացվել թեմակալ առաջնորդի անցնող 20 տարիների առաջնորդության բուռն գործունեության թեկուզ փոքրիկ ընթացքը և արարումները ․․․

Միջոցառմանը ներկա էին քաղաքային, մարզային իշխանության ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր, համայնքապետեր, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, մշակութային ու հասարակական գործիչներ, ուսանողներ և բարեպաշտ ժողովուրդը: Ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միաբան եպիսկոպոսներ:

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգով, ապա բոլոր ներկաները միասին իրենց աղոթքն առաքեցին առ Աստված ՝ տերունական «Հայր մեր» – ը հնչեցնելով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Ամենայն հայոց հայրապետի օրհնության և շնորհավորանքի գիրը, որով Վեհափառ հայրապետը, արժևորելով սրբազանի անցած ուղին, Տիրոջ հանապազ զորակցությունն էր հայցում նրա պատասխանատու առաքելության մեջ։ Արշակ սրբազանը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հոբելյանական այս տարեդարձերի առթիվ սրբազան հորը նվիրեց ոսկեզօծ և ադամանդակուռ ձեռաց խաչ:

««Մեր երկրի մեծագույն հարստությունը հայ մարդն է»,-ասում եք դուք,- «Ճիշտ այնպիսին, ինչպիսին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազան Չուլջյանն է» ,- ասում ենք մենք», իր խոսքում Սրբազանին ներակայացրեց և շնորհավորական ուղերձ հղեց  միջոցառման նախաձեռնող և հովանավոր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա սրբազանին պարգևատրեց Լոռու մարզպետի ոսկե մեդալով:

Հանդիսատեսին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին և շնորհավորանքներ հնչեցրին նաև Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը սրբազանին նվիրեց «Աստվածածնի յոթ վերքը» սրբապատկերը, որն իր հերթին սրբազան հայրը նվիրեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Սեպուհ սրբազանի կյանքի և գործունեության փոքրիկ դրվագներ՝ ֆիլմերի տեսքով, ելույթ ունեցան Վանաձորի կամերային նվագախումբը, Հորովել երգի-պարի անսամբլը, մենակատարներ Արմինե Վիրաբյանը, Արմեն Ներսիսյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Ստեփան Դալլաքյանը:

Սրբազան հորը և ներկաներին իրենց կատարումով մեծ անակնկալ և հիացմունք պարգևեցին Գուգարաց թեմի քահանա հայրերը՝ խմբերգով կատարելով «Հայրիկ, հայրիկ» երգը՝ Կոմիտասի մշակմամբ:

Հոբելյանական այս տոնակատարությունների առթիվ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բարձրանալով բեմահարթակ, իր ողջույնի, շնորհակալության, գնահատանքի և օրհնության խոսքն ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը միջոցառման նախաձեռնողն էր և հովանավորը:

Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքների համար: Ապա դիմեց դահլիճում ներկա գտնվողներին.

«Հայտնի ճշմարտություն է, որ երբ մեզանից մեկը բարձրանում է, բարձրանում ենք բոլորս, և մեզանից մեկի անկումով ընկնում ենք բոլորս: Կամ ինչպես Պողոս Առաքյալն է ասում.

«Եվ եթե մարմնի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները և եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա. Կորնթ. 11-26):

Այսօր իմ հասցեին հնչած բոլոր բարի, ազնիվ գնահատանքի խոսքերի միակ հասցեատերը ես չեմ: Ես, գիտեք, որ Ձեր առջև երբեք չեմ կեղծել: Ուստի և այս գնահատանքի հասցեատերը դուք եք՝ այս դահլիճում նստածներդ՝ ներկա ու նախկին բոլոր մարզպետները, քաղաքապետերն ու համայնքապետերը, իմ արքեպիսկոպոս, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա եղբայրները, խաչքավորները, ներկա ու նախկին պատգամավորները և իմ Մեծ ուսուցիչները՝ գյուղաբնակ ու քաղաքաբնակ ժողովուրդը:

Իմ առաջնորդության անցնող 21 տարիները լի էին թե´ փորձություններով և թե´ փորձառություններով: Աշխատեցի մնայուն արժեքներ ստեղծել, անցողիկ ու առօրյա ճղճիմ խնդիրներից վերանալ: Հաջողությունների համար պարտական եմ Բարձրյալին, որ օրհնեց իմ ծնողներին և ինձ: Օրհնեց ու դարձրեց իր հոտի սպասավորը: Եվ, ինչպես միշտ, այժմ էլ աղոթում եմ՝ Փառք քեզ Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ:

Սակայն անհաջողությունների համար մեղավորներ չեմ փնտրում: Ամենամեծ մեղավորը դարձյալ ես եմ, որ տկարացել եմ, թերացել եմ և կամ գայթակղվել եմ ու պարտականություններս լավ չեմ կատարել: Ուստի նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում բացթողումներիս համար: Եվ կրկին Ավետարանի խոսքով խոստովանում եմ. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք» (Ղուկաս. 17-10):

Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց սրբազան հորը: Հոբելյանական միջոցառումն ավարտվեց միասնական երգչախմբի կողմից «Էջմիածին ի հորե» երգի հոգեպարար կատարմամբ:

Սրբազանին գրավոր իրենց շնորհավորանքներն էին հղել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդները՝ թե´ Հայաստանից և թե´ աշխարհասփյուռ թեմերից, Պոլսի «Ակոս», «Մարմարա», «Ժամանակ» օրաթերթերը և հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում