«Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում

«Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում

Մշակութային տուրիզմն աշխարհում գնալով ավելի տարածված է դառնում: Եվրոպական երկրներում տուրիզմի այս տեսակը վաղուց «կլանել» է ինչպես անհատ արվեստագետների, այնպես էլ կոլեկտիվների: Որոշ հաշվարկներով, մշակութային զբոսաշրջիկներն ավելի շատ գումար են ծախսում, քան սովորականները:

Մեր իրականությունում այս ոլորտում ծանոթ ենք 2000թ.-ից գործող «Զվարթնոց» վոկալ քառյակին, որի գաղափարը Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Տիգրան Կոնինյանինն է: Քառյակի կազմում են նաեւ սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո սոպրանո Նունե Հարոյանը եւ բաս Վարդան Գալստյանը: Այս կոլեկտիվին կարելի է հանդիպել նաեւ Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում, մի խոսքով՝ Հայաստանի պատմամշակութային վայրերում:

Տիգրան Կոնինյան երգչին, որը շուրջ 15 տարի է, ինչ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ է, հանդիպել ենք Սարոյի (Տիգրանյան՝ «ԱՆուշ»), Գաստոնի (Վերդի՝ «Տրավիատա»), Տղայի (Տերտերյան՝ «Երկրաշարժ»), Ռեմենդադոյի (Բիզե՝ «Կարմեն»), Դրաստամատ (Չուխաջյան՝ «Արշակ Բ»), Ֆլավիի (Բելինի՝ «Նորմա») դերերգերում եւ այլն:

Վերջերս էլ նա Դոնիցետիի «Պողիկտոսում» հրաշալի մարմնավորեց Ներսեսի կերպարը՝ թե՛ ձայնային եւ թե՛ արտիստիկ խաղով: Տենորը՝ «Տրավիատայում» եւ «Պողիկտոսում»:

«Առավոտի» հանդիպումը Տիգրան Կոնինյանի հետ կապված էր «Զվարթնոց» վոկալ քառյակի գործունեության հետ: «Համագործակցում ենք տարբեր զբոսաշրջային գործակալությունների հետ, զբոսաշրջիկներին ծանոթացնելով մեր հոգեւոր ու աշխարհիկ երգարվեստի իսկապես գանձարանային նմուշներին՝ Նարեկացուց մինչեւ Կոմիտաս»,- նշեց մեր զրուցակիցը: Հավաստիացրեց, թե պատահել են դեպքեր, երբ, ասենք, Գառնիում, Գեղարդում եւ այլ պատմամշակութային վայրերում զբոսաշրջիկը այնպես է տարվել մեր երաժշտարվեստի գոհարներով, որ կարծես մոռացել է բուն այցի նպատակը:

Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ այս գործունեության ոլորտում իրենց ձեռք են մեկնում որոշ ՊՈԱԿ-ներ, այդ թվում՝ Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանների, պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանը:

Երգիչը նշեց, որ նա կաջակցի 2018թ. գարնանը «Զվարթնոցի» կայանալիք հյուրախաղերին Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում:

 Հետաքրքրությանը, թե ով է նշյալ շրջագայության նախաձեռնողը, երգիչը պատասխանեց. «Վերջերս Գեղարդում «Զվարթնոցի» ելույթներից մեկի ժամանակ զբոսաշրջիկների թվում էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի քարտուղարը՝ Սուսաննա Գեւորգյանը, հենց նա էլ նախաձեռնեց կայանալիք եվրոպական շրջագայությունը: Մասնակցելու ենք Ավստրիայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օծման կեսդարյա հոբելյանին»:

Տիգրան Կոնինյանը հավելեց նաեւ, որ գալիք տարում ունեն նաեւ Դանիա ուղեւորություն. «Այս անգամ զբոսաշրջիկների թվում էր Դանիայի մշակույթի եւ եկեղեցական հարցերով նախարար Մեթե Գոկը: Հենց տեղում՝ Զվարթնոցում պայմանավորվեցինք այցելության մասին, որին հետեւեց հրավերը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում