Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ

Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ

Սիրելի՛ ընթերցող, այսօրվանից ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ խորագիրը կրող շարքը, որի շրջանակներում պարբերաբար կանդրադառնանք մեր հասարակության խոցելի կողմերին՝ փորձելով գտնել դրանց հոգևոր լուծումները: Առաջին հանդիպումը մանկատան երեխաների և նրանց խնդիրների շուրջ է, որի համար զրուցել ենք Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Զգոն քահանա Աբրահամյանի և նրան այդ հարցում աջակցող երեցկնոջ՝ Իրինա Աղաջանյանի հետ, որը դասախոսում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ընդհանուր դաշնամուրի ամբիոնում՝ մշտապես միանալով ամուսնու՝ մանկատուն կատարած այցերին, ինչպես նաև հանդես գալով սեփական նախաձեռնություններով իր ուսանողների հետ միասին: Զրույցի սկզբում տեր Զգոնն անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ են երեխաները հայտնվում մանկատանը. 

-Հասարակության մեջ նման խոցելի խավերի առաջացումն ավելի շատ ընտանիքներում առկա սխալ փոխհարաբերություններով է պայմանավորված, բարոյական, հոգևոր արժեքների անկումով, քան սոցիալական վիճակով: Մարդիկ պիտի սովորեն քրիստոնեական արժեքները կիրառել կյանքում, որ թե՛ երեխան չհայտնվի մանկատանը, թե՛ մեծահասակը՝ ծերանոցում: Երբ Աստված զավակ է պարգևում, մարդը պետք է գիտակցի՝ նրան խնամելն իր պարտականությունն է Աստծո առաջ, ինչպես որ հետագայում ծնողի մասին հոգ տանելն է դառնալու երեխայի պարտքը: Այս փոխհարաբերությունները դարեր շարունակ ազգային հպարտություն են եղել մեզ համար, որ այսօր ցավալիորեն սկսում են արժեզրկվել:

-Ի՞նչ կպատմեք մանկատուն կատարած Ձեր այցերի մասին:

-Այս տարիների ընթացքում եղել ենք տարբեր մանկատներում, բայց միշտ նախընտրել ենք այցելել ֆիզիկական ու մտավոր արատներ ունեցող երեխաների, որովհետև մարդը որքան նեղության մեջ է, այնքան ավելի շատ կարիք ունի հոգատարության ու խնամքի:

Պարբերաբար կատարած այցելությունների ընթացքում շեշտը դնում ենք ջերմության, քաղցրության, հոգևոր աղոթքի, խրատի ու զրույցի վրա, որոնցով կարող ենք օգուտ տալ երեխաներին՝ կապ պահպանելով նաև այցերից դուրս: Եվ այդ ամենը կատարում ենք մեր համայնքների հավատացյալների հետ: Հատկապես կարևորում եմ երիտասարդների կատարած այցերը «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն, որտեղ շատ են առողջական խնդիրներ ունեցող երեխաները:

Դա կարևոր է ոչ միայն նրանց, այլև երիտասարդների համար, որոնք սովորում են բարիք գործել, և նրանց մեջ հաճախակի կատարած այցերի ընթացքում զարգանում է սերը, ցավակցությունն ու աջակցությունը նեղյալի նկատմամբ: Մենք միջոցառումներ ենք կազմակերպում ոչ միայն մանկատան ներսում, այլև ուրիշ վայրերում՝ փորձելով երեխաների մեջ ամրապնդել լիարժեքության զգացումն ու այն միտքը, որ նրանք էլ ունակ են գործելու և օգտակար լինելու հասարակությանը:

-Հոգևորականների կատարած այցերը որքանո՞վ են նպաստում երեխաների քրիստոնեական դաստիարակությանը:

-Տարբեր մանկատներում տարբեր են իրավիճակները, հետևաբար տարբեր են նաև մեր մոտեցումները. ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ավելի շատ տեղ ենք տալիս բժշկության աղոթքներին, բարի խոսքերին, քան քարոզչությանը, իսկ առողջ երեխաների հետ հոգևոր զրույց ենք ունենում՝ փորձելով ուղղորդել ճիշտ ճանապարհով:

Վաղ տարիքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում ենք չմկրտված երեխաների մկրտության արարողություններ, իսկ հետագայում փորձում նրանց բերել եկեղեցի և Սուրբ Պատարագների մասնակիցը դարձնել, ինչը ևս մեծապես կօգնի ճիշտ ճանապարհ գտնելու հարցում:

-Որո՞նք են նրանց հետ մտերմանալու ամենամեծ խոչընդոտները:

-Պատնեշը հաղթահարելու հիմնական միջոցը սեր ցուցաբերելն է, որից հետո յուրաքանչյուր երեխա ուրախությամբ կընդունի ձեզ: Էական չեն նյութական նվերները. ավելի կարևոր է զրույցը, ծնողական վերաբերմունքի դրսևորումը: Երբ հարցնում ես՝ մյուս անգամ ձեզ ի՞նչ բերենք, ասում են՝ մամա բերեք, պապա: Բնականաբար, ծնողի խնդիր ես ի վիճակի չեմ լուծել, պարզապես Աստծով և մեր ջերմությամբ փորձում ենք ինչ-որ կերպ լրացնել այդ բացը: Երեխաները հաճախ են հարց տալիս՝ ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այսպես լինի: Մենք փորձում ենք հասկացնել, որ ամեն մարդ ունի անցնելու խաչի իր ճանապարհը, և Աստված իրենց այնքան ուժ է տվել, որ եթե վստահեն Նրան, հավատան ու ամուր կապ պահեն, ապա կարող են հաղթահարել դժվարությունները և դառնալ բարեպաշտ ու կյանքում հաջողված անձնավորություն:

Ես փորձում եմ որքան հնարավոր է մատչելի բացատրել, որ աղոթքով ու հավատքով կապն Աստծո հետ մեծագույն փոխարինող ու մեղմացնող դեղն է: Ինչպես նաև խորհուրդ եմ տալիս երեխաներին կապ պահպանել Մարիամ Աստվածածնի հետ, որ քրիստոնյաներիս մայրն է և իր մայրական քնքուշ սիրով մեծ աջակցություն է բերում բոլորիս:

-Որո՞նք են մանկատան երեխաների ամենաուժեղ և ամենախոցելի կողմերը:

-Ամենաուժեղ կողմն այն է, որ նրանք ավելի մտերիմ են միմյանց հետ, կարծես մեկ ընտանիք լինեն, ինչը կյանքում մեծապես կօգնի նրանց, որովհետև առօրյայում մարդիկ հաճախ փակվում են ընտանիքներում, քիչ են առնչվում հասարակության այլ անդամների հետ, իսկ մանկատան երեխաները, գտնվելով այլ իրավիճակում, կենդանի շփում ունեն իրար հետ: Նրանց սերը, հոգատարությունն ու հետաքրքրվածությունը միմյանց խնդիրներով ցանկալի կլիներ տեսնել հասարակության բոլոր շերտերում՝ դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից լինելու դրսևորումներով:

Խոցելի կողմն էլ ծնողների բացակայությունն է կամ հազվադեպ հանդիպելը նրանց, որ ամրության, ջերմության զգացողության պակասի պատճառ է դառնում: Մանկատան աշխատողները, որքան էլ խնամք տանեն նրանց հանդեպ, չեն կարող լրացնել ծնողի բացը, ինչն էլ վատ ազդեցություն է թողնում երեխաների հոգեբանության վրա: Եվ հենց դա ենք մենք փորձում հնարավորինս մեղմացնել՝ այդ վակումը լցնելով Աստծով, մեր սիրով ու ջերմությամբ:

-Ինչպե՞ս են մանկատան սաները կարողանում հաղթահարել իրենց բաժին հասած ողբերգությունը և որքանո՞վ են պատրաստ մեծ կյանքին:

-Ժամանակը ցույց է տալիս, որ հետքը միշտ մնում է, բայց ամեն ինչ կարող է շտկվել, եթե մեծ աշխատանք տարվի, եթե մարդը նույնպես ցանկություն ունենա ազատվելու այն բեռից, որով նա մանկություն է անցել: Արդեն կյանք մտած մանկատան նախկին երեխաների հետ շփումից ելնելով՝ ցավով պիտի նկատեմ, որ ընտանեկան հարաբերությունների, ծնողական դաստիարակության փորձը պակասում է, և շատ կարևոր է այնպիսի մարդկանց ներկայությունը նրանց կյանքում, որ ընտանիք կազմելիս ճիշտ ուղղություն ցույց կտան՝ ելնելով քրիստոնեական և ազգային կարևորագույն սկզբունքներից: Պատանու կյանք մտնելու, մասնագիտություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու, ժամանակավոր ապրելավայր ունենալու ընթացքը շատ դժվար է, և բոլորս պետք է մեծ ուշադրություն դարձնենք մանկատնից դեպի հասարակական կյանք կատարվող այդ փուլին: Չենք կարող միանշանակ ասել՝ բոլորն անհաջողության են մատնվում կամ ձեռքբերումներ են ունենում. նրանց կյանքը շատ տարբեր է դասավորվում: Մենք պետք է մասնակից լինենք այս երեխաների առօրյային, քանի որ նրանք ոչ միայն մանկատան աշխատակիցների, այլև հասարակության խնամքին են հանձնված:Եկեղեցին, պետական մարմիններն ու բարերարները հնարավորության չափով փորձում են աջակցել, որ մանկատան սաներն իրենց տեղը գտնեն այս կյանքում: 

-Ո՞րն է երեցկնոջ դերը մանկատուն կատարած այցելությունների ժամանակ:

-Կինը միշտ իր ուրույն դերն ունի մեր կյանքում, իսկ մանկատուն այցելելիս առավել կարևոր է երեցկանանց քնքուշ, հոգատար վերաբերմունքը, ինչն օգնում է երեխաներին շատ հարցերի պատասխաններ ստանալ, քանի որ հաճախ նրանք ամաչում են քահանային որոշ հարցերով դիմել, իսկ երեցկանայք իրենց թույլատրվածի սահմաններում լրացնում են այդ բացը:

Զրույցի այս հատվածում մեջբերենք երեցկնոջ ամփոփ մտորումներն այս թեմայի շուրջ.

-Հասարակության մեծ հարգանքն ու վստահությունը երեցկանանց հանդեպ օգնում է ճիշտ քայլեր անել՝ մարդկանց կյանքում դրական փոփոխություններ մտցնելու առումով: Երեցկնոջ հիմնական դերը պիտի լինի եկեղեցի եկողներին ուղղորդել ավելի թույլ օղակներ, որոնք ամենաշատն այս կյանքում սիրո կարիքն ունեն, ինչն աշխարհի դրդիչ ուժն է և խիստ անհրաժեշտ նաև մանկատան երեխաներին: Նրանց պետք են հաճախակի ու չընդհատվող այցեր, որոնց ժամանակ մեր կաթիլ-կաթիլ տված սիրով հենց մեր կյանքն է արժևորվում և իմաստավորվում Աստծո առաջ:

Անհրաժեշտ է նաև երեխաներին ցույց տալ, որ հոգևոր խոսքը, հոգևոր կյանքը վերացական բաներ չեն, այլ ամեն վայրկյան մեր կյանքում, կենցաղում կիրառելի իրողություններ, որ ինչքան շատ ես օգտագործում, այնքան ավելի մոտ ես զգում Աստծո ներկայությունը: Իսկ մանկատան երեխաների հոգիներում ծնողի և մյուս հարազատների բացակայությամբ պայմանավորված ազատ տարածությունն ավելի մեծ տեղ է թողնում Աստծո ներկայության համար: Նրանք նաև զարմանալի սիրառատ են, անմիջական ու զերծ կեղծավորությունից: Այս երեխաները, որ փակված են մանկատանը և մեզ պես չեն առնչվում դրսի աշխարհին, չեն ունենում մեզ բնորոշ կոնֆլիկտները, պայքարը, ստեղծել են իրենց փոքրիկ մոլորակը, որտեղ, ճիշտ է, բացակայում է ծնողի սերը, բայց իշխում է միմյանց հանդեպ սերը: Եվ երբ շփվում ես նրանց հետ՝ առնչվելով այդ աշխարհի բարությանն ու անկեղծությանը, ինքդ էլ ես մաքրվում: Ես իմ կյանքում իրենց գույներն եմ ավելացրել. ամեն երեխայի ժպիտը, հայացքը մնում է սրտումս և խորը հետք է թողնում, որ հետագայում օգնում է ապրել: Հնարավոր չէ մոռանալ նրանց բոլորի՝ թախիծով լեցուն աչքերը, որ ամեն անգամ կարծես դրսի աշխարհից լուրի, լավ նորության են սպասում քո միջոցով: Դրա համար մի քանի այցելությունից հետո նրանք կապվում են քեզ և սկսում սպասել: Բայց իրականում դու էլ ես սպասում այդ երեխաների հետ հաջորդ հանդիպմանը: Ամեն մարդ պարտավոր է այդ ամենը տեսնել, վերլուծել և ճիշտ աչքով նայել աշխարհին՝ գիտակցելով, որ կյանքը միայն զվարճանալու և ճոխությունների համար չէ:

Չպետք է մոռանալ՝ կան մարդիկ, որ մեր սիրո և ուշադրության կարիքն ունեն: Ուստի չլինենք անտարբեր դեպի դիմացինի ցավը, և օգնենք այդ երեխաներին հաղթահարել իրենց դժվարությունները: Չնայած ասեմ, որ նրանք ի ծնե կարծես ուժ ունեն ստացած՝ պայքարելու իրենց բաժին հասած դժվարությունների դեմ՝ ի տարբերություն մեր հասարակության ուրիշ երեխաների, որոնք, թվում է, թե ամեն ինչ ունեն:

Եվ վերջում, սիրելի՛ ընթերցող, հոդվածը եզրափակենք տեր Զգոնի մաղթանքով.

-Մենք կարող ենք միջոցներ գտնել կտրուկ բարելավելու մանկատան պայմանները, բայց դրանով այդ երեխաների խնդիրները չեն վերանա: Հարցը կլուծվի, երբ մեր սրտերում հաստատենք Աստծուն, Նրա սերը, մի կտոր հացն անգամ սիրով ու խաղաղությամբ կիսենք միմյանց հետ և բարի կամեցողություն դրսևորենք, որն ավելի մեծ արժեք ունի այս պայմաններում: Երեխան հոգեբանորեն իրեն ավելի երջանիկ կզգա հասարակության հաճախակի այցերով ու զրույցներով:

Մանկատան սաներին կուզենայի ևս մեկ անգամ հիշեցնել, որ նրանց կյանքի հիմնական սյունը, դժվարությունների հաղթահարման, խնդիրների լուծման աղբյուրը Աստված է, և որ միայն Նա կարող է կյանքի բոլոր խոչընդոտներին լուծում տալ, ամեն իրավիճակում զորակցել ու մխիթարել՝ օգնելով չհուսահատվել, չտարվել կյանքի գայթակղություններով և քայլել առաջ:

Հարցազրույցը՝ Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Շողակն Արարաատյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում