Ծիտն ու որբերը

Ծիտն ու որբերը

Մի աղքատ այրի երկու որբ ուներ մի սովի տարի։
Երկու որբ ուներ՝ Հրաչ ու Հեղուշ,
Վեց-յոթ տարեկան, մեկ-մեկից անուշ։
-Սոված ենք, սոված, նանի, մի ճոթ հաց․․․
Լաց էին լինում, մոր փեշից բռնում, հետևից գնում։
Հաց չունի նանը, որտեղի՞ց բերի,
Ինքն էլ է քաղցած, մի փորի գերի։
Սովի տարի է, էլ ի՞նչ դուռ-դրկից,
Էն խղճուկ այրին չունի կարեկից․
Մի օր ճարահատ սովատանջ մերը,
Հետևից գցած իրեն որբերը,
Լացով ու թացով մտնում է ձորը։
Իր երկու անգին սիրասուն ձագին
Առնում է ծնկան, չի թողնում , որ լան։
ՈՒ խորը ձորում, իրենց մոր գրկում,
Քնում են մուշ-մուշ Հրաչ ու Հեղուշ․․․
-Երկնքի հավքեր, – ասում է մերը,
– Էս երկու բալիս արեք ձեզ ընկեր,
-Ասում է, լալիս, – խղճացեք սրանց,
Մի թողեք սոված։
– Դաշտի գազաններ, դուք էլ մայրեր եք,
Էս սովի տարին դուք էլ խղճացեք
Էս իմ որբերին։
– Ասում է նանը, երեխանց պաչում
ՈՒ վեր է կենում ձորիցը փախչում։
Թե շատ են ննջում, թե քիչ են ննջում
Հրաչն ու Հեղուշն են ձորամիջում,
Մեկ էլ զարթնում են, որ նանը չկա։
ՈՒ վեր են կենում, բռնում մի ճամփա,
Մի ոլոր ճամփա, մի մոլոր ճամփա։
Գնում են, գնում ու նանի կանչում․․․
Մեկ էլ մի թռչուն էսպես է ասում․
– Ինչու՞ կուլաք հոնքուռ-հոնքուռ,
Փունջ-մանուշակ ախպեր ու քուր։
Եկեք գնանք գիշերն ինձ հյուր,
Ձեզ տեղ կտամ ծառիս տակին,
Ձեզ հաց կտամ արևծագին․․․
Առավոտը արևածագին՝
Ծիտիկն իջավ ծառի տակին․
– Գնանք,- ասավ,- անթև ձագեր,
Հրաչ, Հեղուշ անհեր, անմեր։
Եկեք գնանք ծառի տակից,
Եղեք դուք մեզ սեղանակից։
Ունենք մի բարի տատիկ,
Որ ամեն օր խաշած հատիկ
Փեշը լիքը հանդն է գալիս
ՈՒ մեր առաջ շաղ է տալիս։
Հրաչ ու Հեղուշ,
Քաղցած ու անուժ,
Ելան գնացին ծտի հետ սեղան,
Տատի հատիկին մասնակից եղան։
Տատը որ տեսավ երկու երեխին,
Վազեց ու ասավ․ – Մատաղ ձեր գլխին,
Երկու թոռնիկ ես ունեի,
Նրանց ցավը ես տանեի․․․
Հիվանդացան ծոցիս միջին,
Հիվանդացան ու ննջեցին։
Չեմ հավատում՝ նրանք մեռան,
Այլ ծտերից թևեր առան,
Թևեր առան, ծտեր դառան,
Ծտեր դառան, դես-դեն թռան․․․
Գնանք, եղեք դուք ինձ թոռներ,
Ձեզ չեմ թողնի սովից մեռնեք։
Որ անց կացավ սովի տարին,
Բալի կարոտն էն խեղճ այրին
Ելավ ընկավ սար ու ձորեր,
Լացեց, կանչեց – այ՜ իմ որբեր,
Հրաչ, Հեղուշ, ու՞ր եք դուք, ու՞ր,
Ազիզ բալեք, ախպեր ու քուր։
Մնացել եմ ձեր կարոտով,
Հրաչ-Հեղուշ համով-հոտով։
Մի լուր տվեք, նախշուն հավքեր,
Իմ որբերին անտուն, անտեր,
Գազաննե՞րը գտան կերան,
Թե՞ գետերը առան-տարան։
Գուցե մեկը իր հոր խերին
Հա՞ց է տալիս իմ որբերին։
Ծիտը վերից ասավ․ – նանի,։
Էդքան էլ շատ սուգ մի անի։
Հրաչ, Հեղուշ, երկու գառնիկ,
Բարի տատիս եղան թոռնիկ։
Արի տանեմ որբերիդ մոտ,
Էլ  մի մնա բալի կարոտ։
Ծիտը իջավ տատի կտրան,
Նանը կանգնեց տատի դռան։
Ծիտը երգեց, – ախպեր ու քուր,
Հրաչ, Հեղուշ, ձեզ բարի լուր,
Ձեր մերն եկավ բոբիկ ոտով,
Ձեր մերն եկավ ձեր կարոտով։
Եկեք, տեսեք դուք ձեր մորը,
Մի մոռանաք էն սև օրը,
Ծառի տակի ձեր ծիտիկին
ՈՒ մեզ պահող ծեր տատիկին։
– Հենց որ երգեց տան կտրանը,
Իր որբերին գտավ նանը,
Իր որբերին՝ Հրաչ, Հեղուշ,
Փունջ մանուշակ, անուշ, մեղուշ։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում