USD
EUR
RUB

Հայ տենորը դարձել է Տեներիֆեում մեր յուրատեսակ դեսպանը

 
 

Օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանն այժմ ստեղծագործում է «դրսում»: Թեեւ ի սկզբանե միջազգայնագետի մասնագիությունն էր ընտրել, սակայն ճակատագիրը նրա համար այլ ուղի էր կանխորոշել:

«Առավոտի» հետ զրույցում երաժիշտը պատմում է, որ երաժշտության հանդեպ սերը միշտ էլ եղել է: «20-21 տարեկանում երգեցի ու ստացվեց, քանի որ ես երաժշտությամբ ապրող մարդ եմ, միշտ ջազի ու դասական երաժշտության երկրպագու եմ եղել, շատ ուրախացա, որ ինձ մոտ ստացվեց երգելը, ուստի որոշեցի զուտ ինձ համար պարապել: Դրանից հետո, սակայն, գնալով ավելի ու ավելի տարվեցի երաժշտությամբ: Այնպես ստացվեց, որ միջազգային հարաբերություններ մասնագիտությունս մագիստրատուրայով վերջացավ, եւ սկսվեց իմ երաժշտական ճանապարհը»,- հիշում է Դավիթ Հովհաննիսյանը:

Նա խոսեց երաժշտության ոլորտում իր համար սիրելի ու հեղինակություն համարվող մարդկանցից. «Առաջին մարդը, ում ճանաչում եմ, ով լսել է երգը, միշտ խորհուրդներ է տվել, ասել է, թե ում դիմեմ, ինչ անեմ, եղել է ջազմեն Մալխասը՝ Լեւոն Մալխասյանը: Նա մեր ընտանիքի բարեկամն է: Երաժշտություն լսելու հարցում մշտապես խորհրդակցել եմ իր հետ, քննարկել բոլոր հոգեհարազատ թեմաները: Որպես հեղինակություն երաժշտության աշխարհում եւ ընդհանրապես, համարում եմ Լուչիանո Պավարոտիին: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ ոճին, այն ավելի մոտ է Անդրեա Բոչելլիի ոճին: Իմ ոճը դասական Crossover է, դա երաժշտական համադրություն, խառնուրդ է` դասական մոտիվներով, որն իր մեջ կարող է ներառել ֆոլք երաժշտության տարրեր, փոփ, ռոմանս, եվրոպական շանսոն, բալլադ եւ այլն: Դա նոր ձեւավորվող ժանր է, բոլոր այն ժանրերի միացությունը, որոնք դասականի հետ համադրված են: Ընդ որում՝ նպատակն էլ ավելի մեծ լսարան ունենալն է: Ցավոք, զուտ դասականն ապրում է Եվրոպայի կոնկրետ հատվածներում, օրինակ՝ Իտալիայում, Գերմանիայում ու Ավստրիայում, մի քիչ էլ Ֆրանսիայում»:

Դավիթ Հովհաննիսյանը նաեւ հավելում է. «Առաջինը Ֆրանկո Կորելլին է եղել, որ ստեղծել է Crossover-ը: Նա օպերայի արիան կատարել է, ասենք, օլիմպիադայի բացման ժամանակ, իսկ Պավարոտին Ֆուտբոլի առաջնության բացման ժամանակ կատարել է Պուչինիի Nessun dorma-ն, ինչը շատ լուրջ արձագանք է ունեցել ու բոլորի համար անսպասելի է եղել: Դրանից հետո ի հայտ եկան անձինք, արտիստներ կամ խմբեր, որոնք անցան նոր էտապի: Թերի ակադեմիական վոկալով, բայց բնածին տաղանդ ունեցող արտիստները սկսեցին ներկայացնել կիսադասական, կիսափոփ երաժշտության համադրությունը, եւ ձեւավորվեցին որպես արտիստ, ժողովուրդն էլ նրանց ընդունեց:

Անձամբ ես չեմ փորձել նմանվել ինչ-որ մեկին, ուղղակի շատ սիրել եմ Բոչելլիի, Պավարոտիի կատարումները: Առաջին երգս Ջիանի Մորանդիի Canzoni Stonate-ն է եղել:

Ընտրել եւ ուղղակի կատարել եմ այնպես, ինչպես ստացվել է: Այն ժամանակ դեռ չգիտեի, որ դասական վոկալի ճանապարհին եմ, չգիտեի, որ երգիչ եմ լինելու»: Իսպանական մամուլի արձագանքները:

«Առավոտի» հարցին` հայ երիտասարդի համար հե՞շտ էր արտասահմանում կայանալը, «դրսին» իբրեւ արտիստ ինտեգրվելը, տենորը պատասխանում է, որ անհարմարավետության զգացողություն երբեք չի ունեցել, միշտ եղել է նախաձեռնող ու հետեւողական, չի սպասել, որ որեւէ մեկը պետք է աջակցի իրեն: Նաեւ սկզբի համար ավելի շատ կարեւորել է իր` որպես արտիստ կայանալը, ճանաչվելը, ոչ թե գումարներ աշխատելը` արվեստի միջոցով: «Կան երիտասարդներ, որոնք հեշտ են ինտեգրվում, երիտասարդներ կան` դժվար: Կոնկրետ ինձ համար եղել է շատ հեշտ: Ես անչափ հայրենասեր լինելով հանդերձ` աշխարհի քաղաքացի եմ այդ առումով: Այստեղ եկել եմ արդեն ինտեգրված, եթե նպատակ ունեմ, ուզում եմ սովորել, հետեւաբար ինձ չեն խանգարում այստեղ եղած հանգամանքները, կյանքը… Այժմ ես երկու տեղ եմ ապրում, մի մասը Տեներիֆեում, մյուս մասն` Իտալիայում: Երկու տեղում էլ պատրաստվում եմ, սովորում եմ, մեծ մասամբ մասնակցում եմ բարեգործական համերգների: Իտալիայում մասնակցել եմ փառատոների, մրցույթների, այդ թվում նաեւ Պուչինիի հայտնի փառատոնին: Մասնակցել եմ տարբեր ծրագրերի, օրինակ, Հռոմի ակադեմիայում` «Տաղանդներ եւ Վիտուոզներ» եւ այլն: Մասնակցել եմ բավականին համբավավոր փառատոների, որոնց մեջ ինձ ներգրավել է Ռենատա Լամանդան` Իտալիայի իմ դասախոսը, որը Հռոմի օպերային թատրոնի երգչուհի է, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի հրավիրված արտիստ: Շնորհակալ եմ նրան, որ ինձ մեծապես օգնել է»,- հայտնեց Դավիթը:

Տեներիֆեի մասին էլ ասաց, որ այստեղ մի քիչ ավելի բարդ է, քանի որ կղզին ավելի մեկուսացած է, բայց դա չի խանգարել, որ ինքնուրույն հարթի իր ճանապարհը եւ հաջողություններ գրանցի կարիերայում: «Ինքս ծանոթացել եմ տեղի հնագույն երգչախմբի հետ, որի հիմնադրման 75-ամյակն էր լրանում: Իրենք հոբելյանական 4 մասից բաղկացած համերգ են ունեցել, մեկում ես էլ եմ երգել: Շուտով եզրափակիչ համերգը կլինի: Ես երգել եմ Տեներիֆեին նվիրված մի երգ, որի հեղինակը հայտնի երգիչ, երգահան Բրաուլիոն էր: Հենց նրա խորհրդով ընտրել եմ այդ երգը: Իսկ 75-ամյա երգչախումբը, որ Տեներիֆեի մարգարիտներից է, կոչվում է UNI0N ARTISTICA EL CABO:

Ես ինքս եմ գնացել-ծանոթացել, խնդրել, որ իմ տեսահոլովակում մասնակցություն ունենան: Իրենք սիրով համաձայնեցին ու այդպես առաջին անգամ խաչվեցին մեր ճանապարհները: Նկարահանումները EL CABO-ի շնորհիվ իրականացրեց հանրահայտ Ֆրան Կազանովան: Լինելով ծնունդով կանարի` նա հայրենասիրական կանչով Մադրիդից ժամանել էր հատուկ այդ տեսահոլովակի համար, այսինքն եկել էր իր պարտքը կատարելու` ծննդավայրի հանդեպ»,- տեղեկացրեց հայազգի տենորը:

Խոսեցինք նաեւ Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ իսպանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ընդ որում, թերթերից մեկը տպագրել էր տպավորիչ` «Տեներիֆեն հայկական առոգանությամբ» վերնագրով հոդված: «Ինձ համար մեծ նշանակություն ունեցան տարբեր թերթերի արձագանքները: Մի լրագրող իմ մասին գրել էր, որ այս երիտասարդ տենորը առաջին հայ-կանարիական մշակութային կամրջին հիմք դրեց: Ինձ շատ դուր եկավ այդ ձեւակերպումը, դա այն էր, ինչ շատ ուզում էի: Մի խոսքով, ես որպես Հայաստանից դուրս ապրող հայ երաժիշտ մեծապես բավարարված էի:

Շատ ոգեւորվել էի նաեւ «Տեներիֆեն հայկական առոգանությամբ» հոդվածից: Տեսահոլովակի ռեժիսորն ասել էր, որ ես իդեալական եմ մեկնաբանել երգը` տալով դրան փոքրիկ հայկական շեշտադրություն…. Հոդվածներից մեկի տակ մեկը մեկնաբանություն էր գրել, թե հուսանք, որ այս երիտասարդի եւ իր նմանների շնորհիվ վերջապես Կանարիան էլ կընդունի Հայոց ցեղասպանությունը: Արձագանքներ շատ են եղել: Ուրախ եմ, որ ամեն տեղ նշվում է, որ ես հայ եմ, դա ինձ համար առաջին աստիճանի կարեւորություն ունի: Վերջին շրջանում հայրենիքից հեռու լինելով՝ էլ ավելի եմ կապվել Հայաստանի հետ, ու անընդհատ գլխումս Գեւորգ Էմինի` «Ամեն հայ մի Հայաստան» տողն է: Այդ սկզբունքով եմ ապրում: Ի դեպ, սկզբում իմ բեմական անունն ուղղակի Դավիթ էր, ու քանի որ Դավիթ անունը լսելով մտածում էին, թե ես այլազգի եմ, սկսեցի հանդես գալ նաեւ ազգանունով…Դրանից հետո խնդրում էի, որ անպայման նշվի ծագումս»,- ասում է Տեներիֆեին հայկական շեշտադրություն տված հայը:

Նրանից նաեւ հարցրինք, թե ո՞րն է ստեղծագործությունների առումով իր այցեքարտը: Դավիթը պատասխանեց, որ հատուկ ընտրած ստեղծագործություն չունի, կան համերգներ, որոնց ժամանակ «բիս»-երից հետո բեմ դուրս գալուց երգում է O sole mio-ն, որոշ դեպքերում` «Տեներիֆեն», երբեմն էլ, իր խոսքերով` «զորբայություն» անելով, երգում է Երեւանին նվիրված երգ: Հետո էլ ստիպված է լինում պատմել, թե ինչի մասին է երգը:

Իմիջիայլոց, Դավիթ Հովհաննիսյանը օտարերկրացիներին ծանոթացնում է Կոմիտասի հետ: «Համերգներից մեկի ժամանակ Կոմիտաս երգեց իմ այստեղի մաեստրոն` հայտնի սոպրանո Կարմեն Ակոստան: Նա «Կռունկ» երգեց, առաջիկայում պետք է նաեւ ձայնագրենք: Հռոմի իմ դասախոսը՝ Ռենատա Լամանդան, որը երգել է Պավարոտիի, Դոմինգոյի եւ աշխարհահռչակ այլ աստղերի հետ, ու հիմա համարվում է աշխարհի լավագույններից մեկը, նույնպես Կոմիտասի «Կռունկը» երգելու ցանկություն է հայտնել:

Դա շատ հուզիչ է: Սովորաբար ամեն անգամ Հայաստանից վերադառնալիս ես բոլոր իմ բարեկամներին ու ընկերներին հայ կոմպոզիտորների ձայնասկավառակներ ու նոտաներ եմ նվիրում: Գիտակցում եմ, որ պարտավոր եմ իմ մշակույթը ներկայացնել ու քարոզել «դրսում»: Ինձ համար լավագույն նվերը գիրքն է, դասական երաժշտության հետ կապված սկավառակը, դրա համար ես էլ եմ ուրիշներին նմանատիպ նվերներ անում»,- մեր զրույցի ավարտին ասաց օպերային երգիչը:

Հիշեցնենք, որ 2015թ. Դավիթ Հովհաննիսյանը համերգ ունեցավ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` Կարմեն Ակոստայի հետ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջիկայում նույնպես Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի, հնարավոր է 2018-ին համերգ ունենա: Տենորը նախընտրեց դեռեւս «փակագծեր չբացել», ընդամենն ասաց, որ համերգը կլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan