Տաք ձյուն

Տաք ձյուն

Այսօր իջնում է առաջին ձյունը…
Եվ տաք է ձյունն այդ, ախ, այնքան է տաք,
Որ ինձ թվում է, թե ձյուն չէ բնավ,
Որ դա ամպերի կարոտն է մաքուր,
Եվ որ ամպերը թեթեւանում են իրենց կարոտից:

Ինչ-որ անանուն ծաղկի բուրմունք եմ առնում ես օդից…
Բայց ոչ, երևի դա բուրմունքը չէ անանուն ծաղկի,
Դա՝ աղջիկների այտերի վրա
Շիկնանքից հալչող ձյան փաթիլներն են երևի բուրում:
Իսկ դու, սիրելիս,
Դու, որ ինձ համար
Ամենքից լավ ես շիկնում աշխարհում,
Հետս չես, չկաս ու չես էլ գալու:
Մայթերին կախված մշուշը դալուկ
Ձյունի օրորվող փաթիլների հետ
Իմ բաց ճակատն է քնքշորեն շոյում…
Բայց ինձ, սիրելիս, քո տաք ձեռքն էր պետք:
Նայիր, այս մայթին դեռևս չկա ոչ մի ոտնահետք,
Իսկ ես կուզեի,
Որ իմ այս մոլոր հետքերի կողքին
Ոտնահետքերդ տպվեին մանրիկ…
Իսկ ես կուզեի,
Որ այս ձյունը տաք
Օրհնության նման ու բարության պես
Իջներ երկուսիս ուսերի վրա և հասակն ի վար,
Քանզի իր մաքուր ու տաք քնքշանքով
Այս ձյունը շատ է մեր սիրուն վայել:
Կուզեի հիմա քո աչքերի մեջ ես անվերջ նայել
Ու քեզ շշնջալ տողերն այն երգի,
Որ դեռ չեմ գրել,
Բայց որոնք արդեն
Վերուվարում են երակներիս մեջ
Եվ ինձ շշնջում.
-Սե՜րը…նման է նա ճշմարտության,
Կես ճշմարտությունն ինչի՞ է նման,
Ինչի՞ է նման կես սերն աշխարհում…
Այսօր է միայն, որ քեզ չեմ տեսել,
Եվ կապույտ բոցով կարոտս է այրվում:
Այօր է միայն,
Որ քո ձեռքի հետ
Չեմ կիսել քնքշանքն իմ այրվող ափի
Ու մոլորվել եմ, չգիտեմ արդեն,
Թե որտեղով է անց կենում, իրավ,
Սահմանագիծը բախտավորության ու տառապանքի:
Ու եթե հանկարծ գայիր դու, անգին,
Եթե պատահմամբ ելնեիր իմ դեմ,
Ելնեիր ձյունոտ,
Ցողոտ,
Ծիծաղկոտ,
Հավատա, հոգիս,
Որ եթե անգամ ես լուռ մնայի,
Չշշնջայի տողերն այն երգի, որ դեռ չեմ գրել,
Դու կլսեիր շշուկը նրանց.
-Սե՜րը… նման է նա ճշմարտության,
Կես ճշմարտություն չի լինում կյանքում,
Չի լինում կես սեր…
Ու եթե սերը կիսվում է հաճախ,
Ապա կիսվում է
Լոկ երջանկության ու տառապանքի,
Իսկ տառապանքն այդ (քա՜ղցր տառապանք),
Հավատա, որ նույն երջանկությունն է:
Այսօր իջնում է առաջին ձյունը…

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում