Ամուսնաընտանեկան հարաբերությունների քրիստոնեական մոդելը ներկայացնող մի քանի հիմնահարցեր

Ամուսնաընտանեկան հարաբերությունների քրիստոնեական մոդելը ներկայացնող մի քանի հիմնահարցեր

«Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Թող սա կոչուի կին: Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին» (Ծննդոց Բ 18, 23-24):

Նման սկիզբ ունեցող աշխատանքը, թերևս, պետք է որ մեկ առաքելություն ունենա. հասկանալ, ընդունել, հավատարիմ մնալ առաջարկված բովանդակությանը: Սա մի փորձ է ներկայացնելու մեր հասարակությանը, հայ էթնոկրին այն կարևորագույն հիմնահարցերից մեկը, որը թերևս եղել է, կա և կլինի տարբեր սերունդների մտահոգության կենտրոնում. որո՞նք են ընտանիք և ամուսնություն հասկացությունների առանցքային բնորոշումները, և արդյո՞ք դրանք մեր իրականության մեջ ճիշտ են գնահատվում:

Դժվար չէ նկատել, որ մերօրյա կենսաձևի և հատկապես ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման գործում մեծապես աճել է Հայ Եկեղեցու դերը:

Ամուսնական դաշինքի կնքումը, բացի օրենքով սահմանված կանոնաձևից, այսօր նաև ուղեկցվում է պսակադրության արարողությամբ, որի նկատմամբ վերաբերմունքը մեր իրականության մեջ կարծես որոշակի կարծրատիպային մտածողություն է ձևավորում (պարտադիր արարողություն հարսանեկան տոնախմբության կառուցվածքում): Մինչդեռ պսակադրության իրական խորհրդի գիտակցումը այդպես էլ մնում է շատերի համար չմեկնաբանված, իսկ նման դեպքում հետևանքները կարող են միանգամայն անկանխատեսելի լինել:

Մերժելով ամեն տեսակի ծայրահեղական դրսևորում՝ այդ թվում և մեր քննարկած թեմայի շրջանակներում, այնուամենայնիվ, կարևոր ենք համարում ներկայացնելու այն հաստատ համոզմունքը, որ այսօրվա հայ հասարակությունը (հատկապես երիտասարդությունը), մեղմ ասած, այնքան էլ տեղեկացված չէ իր ազգի պատմամշակութային այն ժառանգությանը, որը ներկայացվում է քրիստոնեական ընտանիքի մոդելի ձևով: «Մոդել» բառը այս համատեքստում օգտագործվում է օրինակելի տիպարի իմաստով:

Ընտանիքը, առհասարակ, համաշխարհային խորհուրդներից մեկն է: Քրիստոնեական իմաստով ամուսնությունը նույնպես ներկայացվում է լուսավորման և որոշակի խորհրդի ձևով: Նրանում մարդն այլակերպվում է, իսկ անձի բովանդակության սահմանները՝ ընդլայնվում: Ընտանիք և եկեղեցի հասկացությունները՝ որպես ինքնուրույն բովանդակակիրներ, բավականին լիարժեք են և կարող են ներկայացվել առանձին-առանձին:

Գրավոր աղբյուրներում մենք կարող ենք հանդիպել «ընտանիք» հասկացության մի շարք բնութագրումների.

1.միասին բնակվող մարդկանց խումբ, որը կազմված է ամուսնուց, կնոջից, երեխաներից և այլ մերձավորներից, գերդաստան,

2.տղամարդու համար իր կինը և զավակները,

3.մարդ և կին,

4.տնտեսություն,

5.մարդկանց մի խումբ, որոնք միավորված են մեկ ընդհանուր գործունեությամբ՝ շահերով:

«Եկեղեցի» հասկացությունը նույնպես ունի իր բնութագրումները.

1.քրիստոնեական կրոնական շենք, որտեղ ժողովուրդը հավաքվում է կրոնական պաշտամունքի, տաճար, ժամ,

2.քրիստոնյաների կրոնական համայնք,

3.դավանանքների և ծեսերի համակարգով միավորված քրիստոնեական կազմակերպություն,

4.այդ կազմակերպության ղեկավարությունը:

Պետք չէ լինել հմուտ տեսաբան նկատելու համար այն զուգահեռները և ֆունկցիաների նույնականությունը, որոնք առկա են այս երկու հասկացությունների միջև: Բավական է նշել միայն մի տարբերակ. թե՛ մեկը և թե՛ մյուսը ընկալվում են որպես միություն, կառույց, որին բնորոշ են համատեղելիությունը, ամբողջականությունը և ընդհանրությունը: Ահա այս հիմքի վրա մենք համարձակություն ունենք եզրակացնելու, որ ընտանիքը կարելի է դիտել որպես «փոքր Եկեղեցի», որն ունի իր կայացման ընթացքը, բովանդակությունը և առաքելությունը: Պետք է նշել նաև, որ քրիստոնեական ընտանիքի մոդելի կայացումն իր մեջ ներառում է մի շարք արմատական հասկացություններ, որոնք կարող են բնութագրել ամուսնական հարաբերություններն առհասարակ:

Հանդիպում և սեր

«Աչքերը վեր բարձրացրեց նաեւ Ռեբեկան եւ տեսաւ Իսահակին…. եւ սա դարձաւ նրա կինը» (Ծննդոց ԻԴ 64, 67):

Ցանկացած ամուսնության հիմքում ընկած է հանդիպումը (աղջկա և տղայի, կնոջ և տղամարդու): Այդ հանդիպումը երկուսի կյանքում ոչ թե զուտ պատահական, այլ բավականին օրինաչափ, իմաստավորված երևույթ կարելի է համարել: Հանդիպումը առաջին ծանոթությունը չէ, չնայած այդ երկու իրադարձությունները կարող են և համընկնել (սեր՝ առաջին հայացքից):

Հանդիպումը կարծես զգացմունքների ծնունդ է, անկեղծության սկիզբը: Հանդիպումը, ըստ իր հոգեբանական նկարագրի, կարող է կայանալ ծանոթության բազմաթիվ տարիներից հետո:

Քրիստոնեական հավատքի հիմքի վրա կայացած ամուսնության դեպքում հանդիպման պահը անընդհատ նորոգվող զգացում է, որն ամուսինների կյանքում մշտապես կարող է առկա լինել: Հանդիպման պահը, որպես կանոն, նորոգվում է Աստծո ներկայությամբ: Եթե այն ամուսինների մեջ առկա չէ, ամուսնական հարաբերություններում իշխում է սովորությունը, և հանդիպումը կամ դրա զգացումը դիտվում է որպես բացարձակապես անկրկնելի մի երևույթ: Հանդիպումը կարող է եզրափակվել ամուսնությամբ: Իհարկե դա միշտ չէ այդպես: Հանդիպումը ամուսինների միջև կարող է լինել նաև ավելի ուշ, երբ համատեղ կյանքում նրանք փորձում են միասին հաղթահարել դժվարությունները:

Հայ իրականության մեջ 365 թ. Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսի և ավագ իշխանների մասնակցությամբ հրավիրված Աշտիշատի կանոնադիր ժողովում հստակ արգելվում էին մի շարք հեթանոսական սովորույթներ, այդ թվում՝ մերձավոր ազգականների ամուսնությունը: Հետագայում 444-446 թթ. հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու նախաձեռնությամբ Շահապիվանում (Մեծ Հայք) գումարված ժողովում, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր մեծամեծերը, ընդունվել են ևս 20 կանոններ, որոնց մի մասը վերաբերում էին ընտանիքների և ամուսինների հարաբերությունների կարգավորմանը: Հոգևոր հայրերը այն համոզմունքին էին, որ ամուսնության մեջ անհրաժեշտ է խուսափել հեշտ անհամապատասխանություններից, օրինակ՝ ըստ դավանանքի, կրթության, արտաքին տվյալների: Բայց ոչ ոք չի առանձնացրել այնպիսի նրբություն, ինչպիսին է ճաշակների անհամատեղելիության չափորոշիչները:

Ամբողջ հարցն այն է, որ նման մոտեցման դեպքում Աստված կարող է համաձայնեցնել առաջին հայացքից անհամատեղելին: Կարելի է ասել, որ բարեպաշտ ամուսնությամբ միացածները չեն կարող չսիրել միմյանց: Դանթե Ալիգիերիի մոտ մենք հանդիպում ենք հետևյալ տողերը՝ «Իսկական սերը չի կարող փոխադարձ չլինել»: Այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար նախ պետք է հասկանալ դրա հիմքում ընկած խորհուրդը:

«Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան» (Ծննդոց Ա 27):

Պետք չէ զարմանալ միևնույն մտքի կրկնության վրա: Աստվածաշնչում նման մոտեցման հաճախակի կարելի է հանդիպել: Բայց ո՞րն է իմաստը: Մեր համոզմամբ հարցի խորհրդավորությունը հենց այս երկակի կապի ընդգծման մեջ է. Աստված-մարդ-Աստված: Այս էության մեջ ընդգծվում է մարդու՝ որպես արարչագործության արդյունքի և այդ իսկ արդյունքի աստվածային բովանդակության ֆենոմենը: Փաստորեն յուրաքանչյուր անհատի «միջուկը» և խորհուրդը Աստծո պատկերն է նրա մեջ (Սուրբ Հոգին): Այն որպես կանոն ունի երեք հատկություն.

Առաջին-Աստծո պատկերը մարդու մեջ սկզբունքորեն անջնջելի է: Այդ պատճառով քրիստոնյայի մեջ չի կարող լինել «մեռած մարդ» հասկացությունը, քանի դեռ մարդն ապրում է, ուրեմն դեռ հույս կա այլակերպման (դրա օրինակները բազմաթիվ են):

Երկրորդ-Աստծո պատկերը միաժամանակ ներկայացնում է և՛ մեր անհատական առանձնահատկությունները, և՛ մեր «ես»-ի անկրկնելիությունը: Որքան մարդը մոտ է Աստծուն, այնքան ավելի վառ է նրա անկրկնելիությունը և անհատականությունը: Որքան հեռու է նրանից, այնքան ավելի հեշտ է կորցնում իրեն:

Երրորդ-պատկերի խորությունը և անսպառությունը: Հանդիպման ժամանակ բացվում է Աստծո պատկերի միայն մի մասը: Եվ հետո միայն, երբ ամուսինները աղոթում են մեկը մյուսի համար, կարող են բացահայտել իրենց հոգիների մինչ այդ անհասանելի ամբողջական էությունը: Եվ սա բոլորովին էլ նման չէ հոգեբանական հետազոտության, ասենք, անգիտակցականի ոլորտում: Սա նաև նման չի կարող լինել անձի բնավորության գծերի փորձարարական ուսումնասիրությանը: Կարելի է ասել, որ դա մեզ պարզապես տրվում է: Եվ ում որ տրված է, նա այդ մասին գիտի, իսկ ում չի տրված, նա էլ հստակ գիտի, որ տրված չէ: Աստծո պատկերի փոխադարձ ճանաչումը ամուսնու մեջ և ընդհանրապես մարդու մեջ կոչվում է հայտնություն:

Պետք է ասել, որ դա փոխադարձվող գործընթաց է: Հայտնությունը և սերը նույնականացվում են: Չի կարող լինել հայտնություն (ճանաչում) առանց սիրո: Սիրո բովանդակությունից դուրս կարող է ծագել «սուտ գիտելիքը»: Հայտնությունը կարող է ընդհանրապես սահմանափակվել, եթե ամուսինները (կամ նրանցից մեկը) դուրս են գալիս հոգևոր կյանքի սահմաններից: Հայտնությունը հավերժության արտացոլումն է: Պ

սակադրության և Աստծով միանալու խորհուրդն արդեն խոսում է հավերժական միասնության մասին:

(շարունակելի)
Արմինե ՎԱՀԱՆՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում