Հայ ժողովրդի ներկա ու ապագա սպասումները՝ «մեղքերի պարանին»

Հայ ժողովրդի ներկա ու ապագա սպասումները՝ «մեղքերի պարանին»

Ցուցափեղկում ժամանակակից գրող Հովհաննես Երանյանի նոր գիրքն է՝ «Մեղքի պարան»-ը, իսկ պարանին՝ մարդկային վախերն ու մեղքերը: Հեղինակի կարծիքով՝ մարդիկ վախենում են ոչ այնքան այս կյանքի ժամանակավորությունից, որքան մյուս կյանքի անհայտ հավերժությունից, և հավերժական կյանքի խոստմանը հավատացողներն անհավատներից ավելի շատ են վախենում մահից: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Դեկտեմբերի 15-ին «Մեղքի պարան» գրքի շնորհանդեսին դերասան Դավիթ Հակոբյանը նշեց, որ գեղարվեստական գրքերի արժեքը չափելու իր բանաձևն ունի. երբ կարդում է, և իրեն թվում է՝ ինքն է ասել այդ միտքը, ուրեմն՝ լավն է:

«Ոչ թե՝ ես շատ ավելի խելոք եմ, քան Համո Սահյանը, այլ պարզապես՝ այնպես է գրել, կարծես ես եմ ասել: Հովիկն էլ այդպես է գրում: Համենայն դեպս, եթե գրող լինեի, այդպես կգրեի: Հովիկին պետք է կարդալ, որպեսզի ճանաչես ինքդ քեզ, կողքիդ կանգնածին, ճանաչես հային՝ այսօրվա հային, ճանաչես մարդուն, որովհետև իր գրականությունը շատ մարդկային է և շատ մարդեղեն»,- ասաց նա:

Հեղինակի՝ Հովհաննես Երանյանի բնորոշմամբ՝ գրքում մեր իրականությունն է, մեր կյանքը, սակայն այն սոսկ իրականության վավերագրումը չէ, այլ գեղարվեստական արտացոլումը մեր ժողովրդի թե երեկվա, թե այսօրվա և թե վաղվա սպասումների, ակնկալիքների, երազանքների, նաև դժգոհությունների, թե՝ ինչն է մեզ խանգարում ավելի ինքնավստահ լինել մեր ուժերի վրա, ինչն է մեզ խանգարում մեր պետության հիմքերն առավել հզորացնել:

Երանյանը գրքում ընթերցողի առջև բացահայտել է նաև «պարանին կախված» իր մեղքերը: «Մի քանի բան կա այդտեղ բացված: Մշտապես այդ մեղքի զգացողությունը ունենում ես: Ես մի քիչ շատ եմ ամեն ինչ կապում այս կամ այն մարդու և կամ իմ մեղքի հետ, բայց կարծում եմ՝ այս աշխարհում ոչինչ պատահական չէ, հենց այնպես ոչինչ չի լինում, ցանկացած պատահականություն ինչ-որ օրինաչափության հետևանքով է, և այդ իմաստով, իհարկե, իմ մեղքերից էլ այնտեղ գաղտնազերծել եմ, որ կարող է ընթերցողը հասկանալ՝ ահա, այս արատներն ունի հեղինակը»,- ասաց նա:

Ու թեպետ գիրքը յուրատեսակ ապաշխարանք է, սակայն հեղինակը խոստովանում է՝ ի տարբերություն իր «Ամենագեղեցիկ հարվածը» վեպի, որն ամբողջությամբ ապաշխարանք էր, և որտեղ ավելի բաց տեքստով իր մեղքերի խոստովանությունն է անում, այս գրքում մեղքերի խոստովանությունն այդքան շատ չէ: «Գուցե ավելի քիչ եմ մեղքեր գործել կամ պակաս համարձակություն ունեմ՝ դրանք խոստովանելու, սակայն միևնույն է՝ անմեղ մարդ գոյություն չունի»,- ասաց նա:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով գրքի խմբագիրն է, նշեց՝ այս գրքում պատումի իմաստով հեղինակ ընդհանրապես գոյություն չունի: Նրա գնահատմամբ՝ գիրքը յուրահատուկ է նաև նրանով, որ վերնագիրը մեկնակետ չէ: «Սովորաբար գրողների մեծամասնությունն աշխատում է վերնագրով գայթակղել, ընթերցողն էլ հաճախ դառնում է դրա գերին: Վերնագիրը մեկնակետ չէ, որովհետև այն իսկապես ծնվել է ամենավերջում՝ հենց տպարան գնալու վայրկյանին»,- ասաց նա:

Ըստ Նիկողոսյանի՝ յուրաքանչյուր ընթերցող այս գրքում կարող է գտնել մեղքի իր պարանը, իր բաժինը՝ մեր երկրի, մեր վիճակի, մեր ժողովրդի վիճակի մեջ, և ահա այդ գիտակցումից նա կփորձի ավելի սթափ լինել, որ կարողանա ոչ միայն ճառ ասել, այլև ռեալ ինչ-որ քար դնել մեր պետականության կայացման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում