Սևանա լճի ընդերքում կտեղադրվի System of a Down խմբի քանդակը

Սևանա լճի ընդերքում կտեղադրվի System of a Down խմբի քանդակը

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի համար անցնող 2017-ն աշխատանքային առումով հարուստ ու հագեցած տարի էր: Panorama.am-ի հետ զրույցում քանդակագործն ամփոփեց անցնող տարին ու խոսեց 2018-ից սպասումների մասին: Այս տարեսկզբին Արաբկիր բժշկական կենտրոնի առջև նա տեղադրել է «Մանկության արագիլներ» կոչվող մեծ՝ երեք մետր բարձրությամբ հուշարձանը, որի վրա սկսել էր աշխատել դեռ նախորդ տարվանից:

Քանդակագործը Կանադայում և Դանիայում սիմպոզիումների է մասնակցել: Կանադայի սիմպոզիումը ֆրանկոֆոնիայի շրջանակներում էր, այնտեղ Թոքմաջյանը Հայաստանը ներկայացնում էր մի հետաքրքիր գործով, որ կոչվում էր՝ «Զեփյուռը քաղաքում»: «Այնտեղ թեմատիկա կար: Թեման քաղաքի հետ էր կապված՝ քաղաքը և միջավայրը:

«Զեփյուռը քաղաքում»-ը քարի վրա հետաքրքիր կոմպոզիցիոն լուծում էր, որ իրենք նախապես արդեն ընտրել էին, և ցանկանում էին, որ գնայի ու այնտեղ ստեղծեի այդ գործը: Այն տեղադրվեց Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Սենտ-Ջոնս քաղաքում»,- ասաց նա:

Կանադայից հետո քանդակագործն ուղևորվել է Դանիայի Սոնդերբորգ, որտեղից հրավեր ուներ: Հետաքրքիր զուգադիպությամբ հրավիրել էին նաև քանդակագործի եղբորը՝ Վահե Թոքմաջյանին, ով նույնպես քանդակագործ է, ապրում է Կանադայում: «Ստացվեց, որ ես Հայաստանն էի ներկայացնում, ինքը՝ Կանադան, մենք հանդիպեցինք այնտեղ: Այս տարի թեման երաժշտությունն էր, ես իմ գործը «Սոպրանո» անվանեցի, այն փորագրեցի փայտի վրա»,- ասաց նա:

Արդեն ամռանը Թոքմաջյանը ևս մեկ հետաքրքիր գործ ստեղծեց Մամիկոնյանց փողոցում գտնվող, տեսողական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի մոտ: Նա կենդանություն տվեց չորացած ծառին: «Այդ ծառի որ տեսնում էի, ինչ-որ բան պատկերացնում էի, զգում էի, որ հետաքրքիր մի գործ կլինի: Այսպես այն նաև կենդանություն է ստանում, որովհետև ծառը ոնց որ չորացել էր, վտանգ կար, որ կտանեին, կկտրեին, կվառեին: Ես ցանկացա, որ դա անպայման լինի մի հետաքրքիր քանդակային լուծում, ու հանդիպեցի տնօրենի հետ»,- ասաց նա:

«Մայրություն և գիտելիք» անվանումը ստացած այդ քանդակն, ըստ հեղինակի, մեծ, լավ արձագանք գտավ. գիտելիքը կապվում էր դպրոցի հետ և մայրությունը՝ ընտանիքի, քանդակում երեխա կա, ով երաժշտություն է լսում և նստած է մոր գրկում, մոր կերպարը ընտանիքի, երկրի հիմքում է, կա նաև թռչող կռունկ, որը խորհրդանշում է մեր գիտելիքի ուժը: «Այն թռչող է, որքան գիտելիք ունենք, այնքան ազատ ենք, այդպիսի հետաքրքիր գործ ստեղծվեց: Դա իրոք գեղեցիկ էր, մանավանդ մարդկանց համար, որ ուղղակի այս տարածքով անցնում էին, դա հայտնություն էր: Վերջերս շատ են ծառ հատում և տեղ են բացում այլ բաների համար, իսկ այսպես կարծես այն կենդանություն է առնում, գեղեցկանում»,- ասաց նա:

Քանդակագործը 2018-ից ոչ միայն սպասումներ ունի, այլև հստակ աշխատանքներ, նախաձեռնություններ, որոնք ավարտին է հասցնելու: Արդեն մեկ տարի է՝ նա աշխատում է մի նոր նախաձեռնություն շուրջ. Սևանա լճի ընդերքում՝ ջրի տակ, ուզում են տեղադրել System of a Down խմբի տղաների բետոնե քանդակը: Այս գործն ավարտին հասցնելու համար, սակայն, ժամանակ է պահանջվում, ֆինանսներ, որոշ հարցեր կան դեռ լուծելու:

«Իմ կարծիքով՝ մենք այս տարի այդ գործը կիրականացնենք, այն ընթացքի մեջ է, դա նաև զբոսաշրջիկների հոսք կբերի, այդ խմբի երկրպագուները ողջ աշխարհից գալիս են: Հիշում եք, չէ՞, համերգին որքան մարդ էր հավաքվել, սա մեծ արձագանք կունենա»,- ասաց նա:

Թոքմաջյանը նշեց, որ էլի հետաքրքիր մտքեր, գաղափարներ կան՝ օրինակ ձկնաբուծության համար նախատեսված մի տեղ, որը հետաքրքիր է լինելու արտաքնապես և պլաստիկ: Կա նաև գաղափար՝ կապված Մամիկոնյանց տոհմի հետ: Այս տոհմի ամբողջական, հավաքական կերպարն է կերտվելու և տեղադրվելու է Մամիկոնյանց փողոցում: 2018-ին քանդակագործը նաև մի քանի սիմպոզիումների մասնակցելու հրավերներ ունի, փետրվարին հրավիրված է Եգիպտոս, նաև մի շարք ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքի մեջ են, Թոքմաջյանը սպասում է դրանց իրականացմանը և որոշակիացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում