Գանձակի և Գարդման գավառի ձեռագրական ժառանգությունը

Գանձակի և Գարդման գավառի ձեռագրական ժառանգությունը

Գանձակի Գուլլար գյուղում 1667 թ. Տարչինի խնդրանքով Սարգիս երեցի օրինակած Ավետարանը, որ գրիչը կոչում է «սքանչելագործ Կարմիր Ավետարան», «ոսկով, երփնափայլ գունով և զանազան երանգօք», դարձյալ ծաղկում է Գրիգորը (ՄՄ ձեռ. 6771):

Տարիներ հետո՝ 1741 թ., մատյանը կազմել են արծաթե զարդաքանդակ կրկնակազմով:

1675-ին Գրիգորը Գանձասարի առաջնորդ Իգնատիոս վարդապետի խնդրանքով Քարահատում գրում ու ծաղկում է Ավետարան (ՄՄ ձեռ. 8965): 1676 թ. Գրիգորը հասցնում է նկարել Մովսես քահանայի պատվիրած և Բարսեղի գրչագրած Ավետարանի միայն համաբարբառներն ու ավետարանիչների պատկերները: Նա մահանում է՝ անավարտ թողնելով նույն թվականին սկսած մատյանը: Բարսեղը ավարտին է հասցնում հոր կիսատ թողած գործը. գրում և «երփներփն գունովք և ոսկեզօծ որակոք» ծաղկում է տերունական նկարները և կազմում մատյանը արծաթյա կրկնակազմով, որի Ա փեղկին խաչելության պատկերն է՝ անկյուններում սերովբեների ոսկեզօծ զարդաքանդակներով:

Ստանալով մատյանը՝ Մովսեսն այն նվիրում է Գանձակի Սբ. Հովհաննես եկեղեցուն (ՄՄ ձեռ. 5636):

1671 թ. Օղվերձում Պետրոս վարդապետի խնդրանքով Եփրեմ քահանայի օրինակած մագաղաթյա Ավետարանը 1684 թ. դարձյալ Բարսեղ գրիչը ծաղկում ու կազմում է «ի յերկիրս Ծար, որ կոչի Փոքր Սիւնիս՝ ի գերահռչակ եւ ի հին հանդիսարանի Դադէի վանիցս ընդ հովանեաւ Սբ. Առաքելոյն եւ Սբ. Աստուածածնիս եւ ամենազօր Սբ. Նշանիս Մարդաղաւնաց»՝ օգտագործելով ոսկի և հարուստ ներկապնակ (ՄՄ ձեռ. 7232):

Ավետարանի նկարազարդումը նախաձեռնել էր Գրիգոր քահանան, բայց 1676 թ. նա վախճանվում է. տարիներ հետո հոր կիսատ թողած գործը շարունակում է որդին: Այդ մասին Բարսեղը հայտնում է 325բ էջում թողած հիշատակարանում. «Դարձեալ զծաղկող եւ զկազմող աստուածազարդ սուրբ Աւետարանիս զբազմաւեր եւ ամենավրէպ զԲարսեղ սոսկ քահանայս՝ որդի Գրիգոր քահանային, յոգնահանճար եւ ոսկիանկար քաջ քարտուղարին՝ ի յերկրէն Գանջակոյ՝ ի գեղջէն Քարահատու: Քանզի ի կենդանութեան իւրում ձեռնարկեալ էր նկարագրեալ սուրբ Աւետարանս… վճարեց զկեանս իւր հատուցանելով զպարտ բնութեանս… եւ ի մահուն ինձ աւանդեց անդարձիւ կատարել զայս եւ լալոտ աչօք յանձն առի իմում կարողութեանս եւ բազում աշխատանօք նկարագօրծել զայս աստուածազարդ սուրբ Աւետարանս»:

Քանի որ հայրը վարպետ ծաղկող էր, և նրան շարունակելը խիստ պատասխանատու, Բարսեղից մեծ հմտություն ու ջանք է պահանջվել, ուստի այս մատյանում նա նկարել է կաղապարներով: Բարսեղն ստեղծել է քսանչորս տերունական նկար, ավետարանիչների պատկերները՝ անվանաթերթերով, խորանները և կիսախորանները:

Կուսանաց անապատում նույն թվականին Բարսեղն ավարտում է Վառվառեի գրչագրած Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրք»-ը, նկարում է լուսանցազարդերն ու զարդագրերը և կազմում մատյանը (ՄՄ ձեռ. 2067):Բարսեղին օգնել է եղբայրը՝ Ղազար սարկավագը: 

1683 թ. Գանձակի Հերցհանկիս գյուղում Հովհաննես քահանան Նազար քահանայի համար արտագրում է մի Ավետարան (ՄՄ ձեռ. 3994): Հիվանդության պատճառով մահանում է նաև այս գրիչը՝ չավարտելով ձեռագրի նկարազարդումն ու կազմելը: Գանձակում, որտեղ արդեն այնքան էր մեծացել Բարսեղի հեղինակությունը, «իշխանաց իշխան և պարոնաց պարոն» մելիք Հախնազարի պատվերով ծաղկազարդումը հանձնարարվում է նրան: Վերջինս էլ իր եղբայր Ղազարի հետ ավարտին է հասցնում այն:

Մատյանը կազմում է Ովանես երեցը։ Ձեռագրի հետագա ճակատագրի մասին հիշատակարանում կարդում ենք. «Ի նեղ և դառնացեալ ժամանակիս, որ անկեալ եմք ընդ լծով ծանր ծառայութեանն օսմանցւոց և պարսից, որք յարեալ յաղթայարեն զմիմեանս, և տառապեալ ազգս Հայոց ցիր ու ցան եղեալ, ի ներքոյ ոտից անկեալ, ոտից կոխան եղեն, ի հուր մերձեցան և ի սուր մաշեցան, բազում գերի վարեցան և շատքս ի ծովս լլուկ  խավարեցան և հատան ձայնք փառաբանչաց և տեղիք սրբութեան ի ձեռս անօրինաց անկեալ ցրուեցան»: 1733 թ. Դրախտիկեցի տեր Մովսեսի որդի տեր Սահակը, երբ այլազգիների մոտ տեսնում է Ավետարանը՝ «գալարեալ կիզաւ աղիքը և տոչորէր», փրկագնում է այս մատյանը:

1691 թ. վախճանվում է նաև գրիչ Հովհաննես երեցը, որ սկսել էր մի Ավետարան և հասցրել էր ավարտել միայն երկու գլուխ՝ Մատթեոսի ու Մարկոսի Ավետարանները:

Հովհաննեսին շարունակում է Ղազարը՝ վերջացնում Ղուկասի ու Հովհաննեսի Ավետարանները, նկարում ավետարանիչների պատկերները, խորաններն ու կիսախորանները, գեղեցիկ զարդամոտիվները, զարդարում ոսկով և բազմազան գույներով և կազմում մատյանը (ՄՄ ձեռ. 10660):

Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում