Երկու կյանք

Երկու կյանք

Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:

Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:

Մեր կյանքը – երկու կենսագրություն,
գրված նույն թղթի տարբեր էջերում:

Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
տասնյակ տարիների հեռավորությունից, իսկ նա
հանգել է և դարձել մեռած մի աստղափոշի:

Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ
մի տարածություն, որ կարող եմ նստել և նայել
մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հենրիկ Էդոյանը ծնվել է Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։

1974 թվականին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան , 1990 թվականին՝ դոցենտի աստիճան, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008 թվականներին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում: 1995-1996 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում:

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։

Տարվա լավագույն գրքի համար 2002 թվականին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում