Երկու երազներ

Երկու երազներ

Քո կյանքի բաղեղը թեքվում է ներքև,
քսվում հողին` որտեղ
մի օր անցել ես դու: Ժամանակի արծաթագույն
փրփուրների մեջ մի փնտրիր այլևս
ոչ մի արտացոլում: Լռություն – միակ ձայնը,
…որ դու կարող ես լսել այս ժամին:
Դու դեռ չես քնել,
իսկ ես քնած եմ;
Քայլում եմ անառավոտ մի գիշերվա մեջ
և երազում քո արթնության մասին:
Բայց ի՞նչ տարբերություն
քնի և արթնության,
երբ նույն երազն ենք տեսնում իրար հետ,
դու ինձ` քո արթնության,
ես քեզ` իմ քնի մեջ:
Դանդաղ մեր միջև բարձրացող մի աշխարհ
պահում է պատկերները
մեր անիրական ուղևորության:
Արգելված վայրեր,
գտած և նորից կորցրած ճշմարտություն,
ճակատագրի երկու բլուրներ
իրարից անջատված, բայց իրար կողքի։ 

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հենրիկ Էդոյանը ծնվել է Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։

1974 թվականին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան , 1990 թվականին՝ դոցենտի աստիճան, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008 թվականներին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում: 1995-1996 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում:

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։

Տարվա լավագույն գրքի համար 2002 թվականին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակի (2004)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում