Աշխատանքը և դրա պտուղնորը

Աշխատանքը և դրա պտուղնորը

Աշխատանքը մարդու կյանքի օրգանական տարրն է: Ծննդոց գրքում գրված է, որ սկզբում «մարդ չկար, որ մշակէր հողը» (Ծննդոց Բ 5): Ստեղծելով դրախտը՝ Տեր Աստված այնտեղ է տեղավորում մարդուն, «որպէսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծննդոց Բ 15):

Աշխատանքը մարդու ստեղծարար դրսևորումն է, որը, ստեղծված լինելով Աստծո նմանությամբ, պետք է լինի Տիրոջ համագործակիցը: Այնուամենայնիվ, Տիրոջն անհնազանդությունից հետո փոխվեց նաև մարդու աշխատանքի բնույթը. «Քո երեսի քրիտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծննդոց Գ 19): Աշխատանքի ստեղծագործ բնույթը նվազեց, մարդու համար այն դարձավ առավելապես ապրուստ վաստակելու միջոց:

Աստծո խոսքը ոչ միայն մարդկանց ուշադրությունը սևեռում է ամենօրյա աշխատանքի անհրաժեշտության վրա, այլև դրան որոշակի ռիթմ է հաղորդում: Տիրոջ պատվիրանն ասում է. «Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը: Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մոտ բնակուող պանդուխտը» (Ելք Ի 8-10): Տիրոջ այս պատվիրանով մարդու աշխատանքային գործընթացը համեմատվում է աստվածային ստեղծագործության հետ, որի արդյունքում ստեղծվեց աշխարհը: Չէ՞ որ շաբաթ օրվան ուղղված պատվիրանը հիմնված է այն հանգամանքի վրա, որ աշխարհը ստեղծելիս «Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել» (Ծննդոց Բ 3): Այդ օրը պիտի նվիրել Աստծուն: Առօրյա հոգսերը մարդուն չպիտի շեղեն Տիրոջից: Միևնույն ժամանակ, գթասրտության և մերձավորին անշահախնդիր օգնության գործնական դրսևորումներն աստվածային այդ պատվիրանի խախտում չեն. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար» (Մարկոս Բ 27): Քրիստոնեական ավանդույթում առաքելական ժամանակներից ի վեր աշխատանքից ազատ օր դարձավ շաբաթվա առաջին օրը՝ Հիսուսի Հարության օրը:

Աշխատանքային գործիքների և մեթոդների կատարելագործումը, պրոֆեսիոնալ բաշխումը և անցումը պարզից ավելի բարդ ձևերի նպաստում են մարդու նյութական կենսապայմանների բարելավմանը: Սակայն քաղաքակրթության նվաճումներով տարվելը, գայթակղվելը մարդուն հեռացնում է Արարչից, տանում բանականության թվացյալ հաղթանակի, որի նպատակն է կարգավորել երկրային կյանքն առանց Աստծո:

Նմանատիպ ձգտումների իրագործումը մարդկության պատմության մեջ մշտապես ողբերգական ավարտ է ունեցել:

Սուրբ Գրքում ասվում է, որ երկրային քաղաքակրթության առաջին շինարարները Կայենի սերունդներն էին: Ղամեքը և նրա որդիները պղնձից և երկաթից պատրաստեցին առաջին գործիքները, շարժական վրաններ և երաժշտական տարբեր գործիքներ, դարձան շատ արհեստների և արվեստների հիմնադիրներ: Սակայն նրանք էլ, ինչպես շատերը, չխուսափեցին գայթակղություններից, «Երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը» (Ծննդոց Զ 12), այդ պատճառով էլ Արարչի կամքով Կայենի սերնդի քաղաքակրթությունն ավարտվեց ջրհեղեղով: Մեղսագործ մարդկության՝ «հռչակ ձեռք բերելու» անհաջող փորձի աստվածաշնչային ամենավառ օրինակը «մինչև երկինք բարձրությամբ» բաբելոնյան աշտարակաշինությունն է: Այն դառնում է Աստծուն դեմ նպատակի իրականացման համար մարդկանց միավորման խորհրդանիշ: Տեր Աստված պատժում է ամբարտավաններին. խառնելով նրանց լեզուները՝ Նա զրկում է նրանց միմյանց հասկանալու հնարավորությունից և ցրում նրանց աշխարհով մեկ:

Քրիստոնեական տեսակետից աշխատանքն ինքնին անվերապահ, բացարձակ արժեք չէ: Այն դառնում է աստվածային օրհնություն, երբ Աստծո հետ համագործակցություն է և նպաստում է աշխարհի ու մարդկանց մասին Տիրոջ մտադրությունների իրականացմանը:

Աշխատանքն աստվածահաճո է, եթե ուղղված չէ անձի կամ մարդկային համայնքների եսասիրական շահերին ծառայելուն, ինչպես նաև մարմնի մեղսավոր պահանջների բավարարմանը:

(շարունակելի)

Ռուսերենից թարգմանեց
Լարիսա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում