Մենք՝ Վարդանանք

Մենք՝ Վարդանանք

Սիրելի՛ ընթերցող, այս խորագրի ներքո այսուհետև կներկայացվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պահոցների անտպագիր նյութեր՝ ականատեսների վկայություններ, հայ հոգևորականների ոգու ամրության և հայի անուրանալի հավատքի մասին պատմող եղելություններ:

Հայ երեխաների մեջ քրիստոնեական հավատքի դրսևորման և հոգեբանական չափազանց հետաքրքիր վարքի արտահայտություն է ներկայացվող վկայությունը: Մարի անունով աղջնակը այլ հայ երեխաների հետ հայտնվում է բռնի թրքացմամբ զբաղվող Մարդինի որբանոցում: Երիտթուրքերը նախատեսել էին հայ որբերին իսլամացնել և թրքացնել: Երեխաներին արգելում էին հայերեն խոսել, գործածել իրենց քրիստոնեական՝ ավազանի անունները, առավել ևս՝ որևէ քրիստոնեական վարքագիծ դրսևորել:

Այնուամենայնիվ երեխաները գտնում են հնարը. կրկնօրինակում էին Հաղորդության խորհուրդը՝ այդպիսով ընդգծելով իրենց պատկանելությունը հայ քրիստոնյայի ինքնությանը: Մարդինի որբանոցը գտնվում էր քրիստոնեական լքված եկեղեցու տարածքում: Հետագայում հայերը երեխաներին ազատում են թրքական որբանոցից, վերադարձնում Հայ Եկեղեցու գիրկը:

«Ու տարօրինակ կերպ մըն էր նաեւ մեր հաղորդութիւն առնելը: Ագապին, որ Խատիժէ կը կոչուէր, ելաւ մեր որբանոց-եկեղեցիի Ս. Խորանի պատէն ծեփի կտոր մը փրցուց, փշրեց, վրան «Յանուն Հօր եւ Որդւոյ…» արտասանեց ու բաշխեց մեզի, ու մենք այդ փշրանք մասերով հաղորդուեցանք, զորացանք:

Այսպէս մենք շարունակեցինք հաղորդուիլ ամէն Տօնին, մինչեւ որ մեզի նոր ուսուցչուհի մը բերին, եւ աշխարհի չափ մեծցաւ մեր ուրախութիւնը երբ իմացանք որ հայուհի մըն էր ան:

Ու երբ ան լսեց մեր հաղորդուելու մանկական արարողությունը, շատ խնդաց մեր վրան. այնքան խնդաց՝ որ մենք ալ սկսանք խնդալ բարձրաձայն, որ մինչեւ այն ատեն կը վախնայինք խնդուքի ձայն հանելէ:

-Բայց դուք ինչո՞ւ հացով չէիք հաղորդուիր, ու չոր պատի ծեփ կը կլլէիք,- խնդաց մեր նոր ուսուցչուհին, Օրիորդ Հայկուն:

-Մեզի տրուած ամէնօրեայ այդ հացը, Օրիորդ,- պատասխանեց Ագապին,- պիղծ եւ արիւնոտ ձեռքերով շաղուած եփած է, իսկ եկեղեցիին այս հին պատերը մեր հայրերուն աղօթքներով ու շարականներով ու սուրբ միւռոնով են օծուած…

-Բայց,- գուրգուրաց դարձեալ Օրիորդը,- դուք տասը «Հայր մեր» կ՚արտասանէիք եւ այդ հացը կը սրբանար…
Ու մենք ամէնքս դարձեալ խնդացինք մեր տգիտութեան վրայ, եւ ուրախացանք հայոց «Հայր մեր»-ի զորութեան վրայ: Մենք գիտէինք որ այլեւս մեր հայութիւնը պիտի չկորսնցնէինք»:

«Ու կիսամութին՝ առաջնորդուեցանք եկեղեցի: Հազիւ մեր ոտքերը ներս դրած, ամէնքս ալ փղձկեցանք ու լացինք դառնորէն՝ յիշելով անցեալը եւ մեր արեւոտ մանկութիւնը, որ աւաղ, անդարձ կորսուած էր արհաւիրքի օրը. ու փառք կու տայինք որ այդ մահուան ձորերէն ու զրկանքներու ճամբէն վերջապէս ողջ-ողջ հասած էինք յոյսի այս օրուան: Մեզ հետ կու լային նաեւ մեր նոր խնամակալ Տիկինները: Մեր լլկուած մարմիններն ու սիրտերը մաքրութեան պէտք ունէին, եւ եկեղեցին էր միակ որ կրնար մեզ սրբագործել իր օրհնեալ ջուրով ու սրբալոյս միւռոնով»:

(Մարի Գրիգորեան, Ատանայէն Մարտինի թրքական որբանոցը 1909-1918, խմբ. Բիւզանդ Եղիայեան):

Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Շողակն  ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում