Վարպետ փայտփորիկը

Վարպետ փայտփորիկը

Կեչու փչակում ապրում էր փայտփորիկը:

Նա սովորություն ուներ սուր կտուցով կտկտացնել ծառերին, փորփրում էր կեղևը, միջատներ հանում։ Դուրս էր գալիս փչակից ու սկսում իր գործը՝ խփում էր ու անվերջ խփում, թվում էր, թե Մորզեի այբուբենով ինչ-որ կարևոր բան էր հայտնում։ Անցող-դարձողները այն տպավորությունն էին ստանում, թե փայտփորիկը արհեստանոց ունի ու անդադար իրեր, գործիքներ է պատրաստում։

Մեկ-մեկ էլ՝ բարևում էին հարգանքով․

– Բարև, վարպետ․․․

– Անդադար աշխատում ես․․․

– Թող բոլորը քեզանից աշխատել սովորեն։

Փայտփորիկը հպարտորեն բարձրացնում էր գլուխն ու համեստորեն պատասխանում․

– Շնորհակալ եմ․․․

Վերջը այնքան է ոգևորվում փայտփորիկը, մի առավոտ էլ՝ ամբողջ անտառով մեկ բարձրաձայն կանչում է․

– Հյուսն վարպետ եմ, ամեն տեսակ պատվերներ են ընդունում, պատրաստում եմ բարձր ճաշակով, արագ, եկեք պատվերներ տվեք․․․

Ամեն կողմից հավաքվում են թռչուններ ու գազաններ, և մի ահագին հերթ է գոյանում։

Սկյուռը, որ նրա հարևանն էր, բոլորից շուտ է լսում այդ լուրը և առաջինը հայտնվում հերթում․

– Վարպետ փայտփորիկ, ինձ համար մի հարմար մուրճ պատրաստիր, ատամներս փչացել են,  այնքան կաղին ու ընկույզ եմ ջարդել։

– Աչքիս վրա, հարևան ջան, տես՝ առաջինը քո պատվերն եմ գրում․ առաջինն էլ կստանաս քո մուրճը։

Ցատկելով գալիս է կենգուրուն․

– ՈՒզում եմ մի սնդուկ պատրաստես, որ ձագերիս լցնեմ մեջն ու շալակած ման ածեմ․ թե չէ՝ դարձել եմ տոպրակավոր, շատ դժվար է քայլելը, կեր ճարելը։

– Դրանից էլ հեշտ բա՞ն․ երեքշաբթի համեցեք՝ պատրաստ կլինի։

Գալիս է կապիկը․

– Ընդունիր, վարպետ, ափսեի ու գդալի պատվեր, թե չէ՝ մարդու նախնին եմ, բայց դեռ վայրենու նման մատներով եմ ուտում ամեն ինչ, ուզում եմ մարդավարի ապրել։

– Ճիշտ ես որոշել, – ասում է փայտփորիկը,- միայն թե՝ ինձ մոտ գդալի փայտը քիչ է, մոտիկ լորենուց մի հատ ճյուղ կբերես։

– Հենց հիմա բերեմ, վարպետ ջան, – ուրախանում է կապիկն ու տասը րոպեից փայտփորիկին է մեկնում լորենու ճյուղը։

Ծանր-ծանր հայտնվում է արջը։

– Լսում եմ, արջ ախպեր․․․

– Բարի վարպետ ես երևում, իսկ խոսքիդ տերն ե՞ս,- հարցնում է արջը։

– Իհարկե, իհարկե՝ խոսքս գործ է,- վստահեցնում է փայտփորիկը։

– Մեղվի փեթակ եմ ուզում սարքես։ 

– Մեղվի փեթա՞կ, ինչի՞ն է հարկավոր,- շշնջում են հերթի մեջ կանգնած ծիտն ու կկուն։

– Ինչու՞ եք զարմանում,- ասում է արջը,- մեղվի փեթակը կդնեմ իմ տան առաջ, ծաղիկների մեջ, մեղուները կլցնեն մեղրով, հետո իմ քոթոթների հետ անուշ կանեմ։

– Այ՜ թե խորամանկն է, հա, – մատը կծում է հերթի վերջում կանգնած կրիան։

– Ավելորդ խոսքեր չլսեմ,- զգուշացնում է փայտփորիկը։- Ազատ ես, արջ, շաբաթ երեկոյան գայլի ոռնոցի ժամին փեթակդ կստանաս։

– Իզու եք ինձ հրում, – ծվծվում է ծիտը,- որ փոքրիկ եմ՝ պիտի հերթից հանե՞ք։

– Մեղք է, մեղք է փոքրիկների նկատմամբ պետք է հոգատար լինել,- միջամտում է զեբրն ու ճանապարհ է տալիս ծիտիկին։

– Երգիր, ծիտիկ,- գլուխը պատվերների մատյանից բարձրացնելով՝ ասում է փայտփորիկը։

– Ես․․․ ես․․․ ուզում եմ՝ ինձ համար տաք գուլպաներ գործես, ձմռանը ոտքերս սառչում են,- կմկմալով ասում է ծիտը։

– Շատ լավ, ծիտիկս, իմ անուշիկս, այնպիսի գուլպաներ գործեմ, որ քնելիս էլ ոտքիցդ չհանես։

– Ե՞րբ կստանամ, – հարցնում է ծիտիկը։

– Պատվերները շատ են, բայց կաշխատեմ հասցնել, կիրակի օրը, կաչաղակի ձայնը հենց լսես՝ համեցիր։

Սրա-նրա մեջքին կանգնելով՝ առաջ է գալիս կարճատես բուն։

– Ինձ էլ՝ ակնոց է հարկավոր, աչքերս լավ չեն տեսնում,- ասում է նա։

– Ո՞ր համարի ակնոց ես ուզում,-  հարցնում է փայտփորիկը։

– Վարպետը դու ես՝ ի՞նձ ես հարցնում, որ իմանայի, էլ ինչու՞ էի քեզ դիմում,- մի քիչ նեզացած դժգոհում է բուն։

– Կանգնիր ուղիղ,- շատ լուրջ ասում է փայտփորիկը։ – Ապա նայիր, նայիր, բու, սա քանի՞ ճյուղ է։

– Երկոււը․․․

– Չիմացար, մեկն է․․․

– ՈՒշադիր, սա ի՞նչ է․․․
– Տերև է․․․

– Ոչ, փետուր է։ Բավական է։ Պարզ է՝  քեզ հարկավոր է երեքուկես համարի ակնոց։

– Իսկ լա՞վ կտեսնեմ, վարպետ։ 

– Կարող ես չկասկածել, հանգիստ գնա, հինգշաբթի օրն աքլորի կանչի հետ համեցեք։

Հերթով գալիս են ու պատվերներ տալիս։

Կրիան պատուհան է պատվիրում, որ իր խավար տան մեջ լույս թափանցի։

Ոզնին ասղաման է պատվիրում՝ խնդրելով․

– Այնպիսի ասղաման, վարպետ, որ հանովի-հագցնովի լինի․ բարեկամներիս հյուր գնալիս ծածկեմ փշերս, որ չվախենան, թշնամիներիս տեսնելիս՝ հանեմ ու ծակծկեմ։

Նապաստակը ճերմակ ձեռնոցներ է պատվիրում, որ չմրսի։

Զեբրն էլ՝ պատվիրում է, որ փայտփորիկն իր  համար մի գույնի զգեստ կարի, քանի որ շատերը կարծում են, թե տնային խալաթով է դուրս եկել փողոց, ու ծիծաղում են վրան։

Կկուն էլ՝ բույն է պատվիրում, որովհետև ինքը չի կարողանում սեփական բույն պատրաստել ու սրա-նրա բներում է ձու ածում, ձագ հանում։

Փայտփորիկը մի քանի տասնյակ պատվերներ է ընդունում, գրանցում հաստ մատյանի մեջ, բոլորին հույսով ճանապարհ դնում, որ գան շաբաթվա մեջ՝ աքլորականչին, վերջալույսին, կեսօրին, անձրևին, քամու փչոցի հետ, գայլի ոռնոցի ժամին, կաչաղակի ձայնի հետ, ագռավի կռռոցին․․․ Անցնում են երկուշաբթին, կիրակին, շաբաթներ, ամիսներ․․․ Հերթով գալիս են ու դժգոհ-դժգոհ հարցնում, բողոքում, սպառնում․

– Ոտքերս սառեցին, ու՞ր են գուլպաներս․․․

– Այ, մուրճը գլխիդ կպչի, ու՞ր է իմ պատվիրած մուրճը,- ասում է սկյուռն ու այլևս փայտփորիկի հետ հարևանություն չի անում։

– ՈՒ՞ր է սունդուկս, խաբեբա,- դժգոհում է կենգուրուն։

– Գդալն ու ափսեն քեզ լինեն, միայն թե՝ իմ լորենու ճյուղը ետ վերադարձրու,- ասում է կապիկը։

– Քո հույսին մնացի, ու ամբողջ տարին մի կաթիլ մեղր էլ բերանս չմտավ,- փնթփնթում է արջը։

– ՈՒ՞ր է իմ պատուհանը, խավար տան մեջ ես ինչպե՞ս ապրեմ հարյուր տարի,- բողոքում է կրիան։

Դժգոհում են ու հեռանում։ Այսպես տխուր է վերջանում վարպետ փայտփորիկի մասին հեքիաթը։ ՈՒ մինչև հիմա էլ՝

Բուն ակնոց չունի։

Ծիտիկն էլ՝ առանց գուլպաների է թռչում ցրտին, ձյան մեջ։

Զեբրն էլ՝ խայտաբղետ տնային խալաթով է ման գալիս։

Կկուն էլ՝ սեփական բույն չունի։

Ոզնին էլ՝ ասղաման։

Իսկ փայտփորիկն էլի կտկտացնում է հին սովորությամբ։

Պատվիրատուներին տեսնելիս՝ ամոթից մտնում է փչակի մեջ։ Բայց ուզում է ցույց տալ, որ, իբր՝ չի մոռացել պատվերները, և մեկ-մեկ աշխատում է․․․ թրըխկ, հա թրըխկ։

Անցել են տարիներ, նույնիսկ դարեր, բայց մինչև օրս փայտփորիկը ոչ մի պատվեր դեռ չի կատարել։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում