Հոգու՝ մարմնից բաժանման և հոգիների հետագա վիճակի մասին

Հոգու՝ մարմնից բաժանման և հոգիների հետագա վիճակի մասին

«Նրա աճիւնը, ինչպէս որ հող էր, հող պիտի դառնայ, եւ հոգին, որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ» (Ժողովող ԺԲ 7):

«Մարդու հոգին մարմնից բաժանվում է Աստծու հրամանով, և բոլոր մարդկանց հոգիները մահվանից հետո ավանդվում են հրեշտակներին՝ թե՛ մեղավորների, թե՛ անմեղների:

Դևերը իշխանություն չունեն և չեն կարող մարդկանց հոգին հանել մարմնից»:

Ս. Գր. Տաթևացի

«Հոգու՝ երկնային բնույթ ունենալը ցույց է տալիս այն, որ մարմնից ելնելով՝ այն չի իջնում ներքև՝ դեպի հողը, այլ բարձրանում է դեպի իր ծննդյան բուն վայրը՝ իմանալի երկիր: Իսկ մարմինը, իմանալի հոգուց բաժանվելով, չի բարձրանում դեպի վեր, այլ իջնում է դեպի հողը՝ իր ծնողը: Եվ բաժանումից հետո գնում է դեպի իրենը և մնում է այնտեղ՝ ըստ այն խոսքի, որ ասում է. «Մարդը գնաց իր յաւիտենական տունը, իսկ հոգին գնաց Աստծու մոտ, ով այն տվեց» (տե՛ս Ժողովող ԺԲ 5, 7):

Ս. Եղիշե Վարդապետ

«Երբ հոգին բաժանվում է մարմնից, ինչպես չար կապանքից, յոթնապատիկ իմաստնանում և թեթևանում է, որովհետև ազատվեց: Գիտակցում է, որ ազատագրվեց, տեսնում է հրեշտակներին ու ճանապարհը, տեսնում և իմանում է նաև, թե ինչ է ժառանգելու վերջին օրը»:

Վարդան Այգեկցի

«Սուրբ և մաքուր հոգու վախճանը ուրախությամբ է լինում, քանի որ գնում է դեպի պսակը՝ ազատված բանտից և մարմնի խավարից. այդպիսի հոգուն հրեշտակները խնդությամբ են վերցնում և սաղմոսելով ու օրհնություններով տանում, իսկ մեղավորի հոգուն՝ սգով ու տրտմությամբ՝ ամաչելով նրա չար գործերից, իսկ դևերը ուրախանում են յուրաքանչյուր մեղավորի համար, պար գալիս և չարությամբ ծափ տալիս»:

«Սուրբերը տեսնում են այն պատիվները, որոնք իրենց տալու է Աստված, իսկ մեղավորները, տեսնելով դառը տանջանքները, որոնք պահված են նրանց համար, դողում են տանջանքի ահավոր սպառնալիքներից, անմխիթար սուգով արտասվահեղ կոծում են նախքան այն ստանալը, որովհետև տեսնում են բազմակերպ տանջանքներն ու գիտեն, որ դրանք պահված են իրենց համար»:

«Համաձայն Աստծո հրամանի՝ հոգու կայանում յուրաքանչյուր հոգու կարգում են իր նմանների հետ: Մեղավոր հոգուն դասում են այլ մեղավորների հետ ձախակողմյան խորանում, իսկ արդարին՝ արդարների հետ աջակողմյան խորանում»:

Վարդան Այգեկցի

«Այսպես է սուրբ և մաքուր հոգիների վախճանը. նրանք ուրախությամբ ընթանում են դեպի պսակները. ազատվելով բանտից ու խավարային մարմնից՝ իբրև խավար բանտից, տեսնում են լույսը: Հոգիները, որոնք բաժանվում են մարմնից, լույսի և երանելի հանգստի մեջ են, սակայն սպասում են Քրիստոսի մեծ հարսանիքին և վախճանի օրվան, ինչպես ասում է Դավիթը. «Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ» (Սաղմոս ՃԽԱ 8):

«Արդարների հոգիներն իրենց կայաններում տեսնում են իրենց բարի հատուցումը և Աստծու աթոռի առաջ գոչում են ու ասում, որ Տերը գա և յուրաքանչյուրին հատուցի»:

«Նախքան Քրիստոս՝ բոլոր հոգիները դժոխքում էին, Քրիստոսից հետո բոլորն էլ տեղափոխվեցին հոգու համապատասխան կայանները, իսկ վախճանից հետո, երբ կբաժանվեն արդարները մեղավորներից, նրանց տեղերը համապատասխանաբար կլինեն Երկնքի արքայությունը և գեհենը: Դժոխքը Ադամի պատժի պատճառով եղավ, հոգու կայանները՝ Քրիստոսի շնորհներով, իսկ արքայությունը և գեհենը՝ ըստ գործերի»:

Սբ. Գր. Տաթևացի

«Ոչ ոք չգիտի բաժանման օրն ու ժամը: Երբ անհոգ շրջում ենք և ուրախանում այս աշխարհում, մեզ հանկարծակիի է բերում հոգին մարմնից առնելու ահեղ հրամանը, և մեղավորը, որի հոգին լի է մեղքերով և արդարացում չունի, այն ժամին կգնա, երբ չի սպասում»:

«Շատերն են մտածում, թե երկար են ապրելու երկրի վրա, սակայն անսպասելի գալիս է մահը և բռնում մեղավորին ու հարուստին, երբ նրան թվում է, թե շատ տարիներ ունի ապրելու, մտածում է շքեղության մեջ ապրելու, իր հարստությունը երկար տարիներ վայելելու մասին, սակայն անսպասելիորեն գալիս է մահը. մի վայրկյանում ոչինչ են դառնում նրա բոլոր հաշիվները նրա հարստության և ունայն ժամանակի հոգսերի հետ միասին»:

«Գալիս է մահը և գտնում բարեպաշտին, որն աղոթքով ու պահքով հավաքում է գեղեցիկ ու երկնային հարստությունը, մշտապես իր աչքերի առջև ունի մահը, չի վախենում նրա գալուց և մարմնից բաժանումից»:

«Մոտեցել է Տիրոջ գալուստը, և Նա պիտի հատուցի յուրաքանչյուրին ըստ իր գործերի. Իր ընտրյալներին պիտի ընդունի հավիտենական լույսերի մեջ, և պիտի պատժի մեղավորներին, որոնք զայրացրին Իրեն»:

«Երանի՛ այն մարդուն, ով համարձակություն կունենա այն ժամին և կլսի այն երանելի ձայնը. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը» (Մատթեոս ԻԵ 34):

Սբ. Եփրեմ Ասորի

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում