Քեզ․․․ Սիրով․․․

Քեզ․․․ Սիրով․․․

Քեզ…

Սիրով…

Եվ այս գորշ ու մառախլապատ, որբ քաղաքում,

որտեղ ցերեկն ու գիշերը իրար գրկած չեն ուզում բաժանվել,

ուրվական ենք դառնում ու թաքնվում ցեխոտ փողոցներում,

այն տեղերում, որտեղ հայացքդ, ծորալով իմ աչքերից,

քո հետևից զուր է գոռում.

Քեզ…

Սիրով…

Վաղուց մեռած տերևներով լղոզված մայթերում,

ուր ամեն նոր անձրև թրջում է չթաղված հուշերը քո սրտում,

տերևները վաղուց համբարձում են խնդրում անցած աշնան համար,

ու անհույս, ցածրաձայն գոռում.

Քեզ…

Սիրով…

Վառ լույսերի միջից հուր առկայծող ու այրված ժպիտով,

Զիլ ձայներց հառնող լուռ ժպիտով՝

Կարոտիս խոսքերը կամքից, եղանակից անկախ դուրս են պրծնում

ու դառնում են մի անհանգ, չսանձվող բանաստեղծություն,

որից ես էդպես էլ գլուխ չեմ հանում,

որի վերջում միշտ գրված է.

Քո…

Սիրով…
Չգիտեմ՝ ով…

Դավիդ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում