Արմեն Ամիրյանը՝ 2017-ին կինոոլորտի ձեռքբերումների և վրիպումների մասին

Արմեն Ամիրյանը՝ 2017-ին կինոոլորտի ձեռքբերումների և վրիպումների մասին

Հայաստանի Մշակույթի նախարարությունը 2017 թվականին աննախադեպ առաջընթաց է գրանցել հայկական և համաշխարհային արվեստը, պատմա-մշակութային արժեքները երկրում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այս մասին պատմող 4 րոպեանոց հոլովակով իր տարեվերջյան ամփոփումն սկսեց նախարար Արմեն Ամիրյանը:

Թատրոններում ու թանգարաններում նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է այցելուների թիվը: Մշակույթի ոլորտում մասնավորը շուրջ մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել: 2017-ին մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվեց նաև դեպի մարզեր: Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին և մասնավոր ստեղծագործողներին պետբյուջեից հատկացված գումարը բաշխվել է 52 և 46 տոկոսների համամասնությամբ:

Անդրադառնալով կինոոլորտին՝ նախարարը նկատեց՝ Կինոկենտրոնում այս պահին քննարկվում է այն կարգը, թե ինչ չափաբաժիններով են ֆինանսավորվելու ֆիլմերը: Սակայն մի բան հստակ է՝ աջակցության 30 տոկոսը բաժին է հասնելու դեբյուտներին:

«Մենք պետք է առավելություն տանք երիտասարդ կինոգործիչներին՝ իրենց նոր ծնված առաջարկները կյանքի կոչել, որպեսզի մեր կինոյում նոր շունչ և թարմ խոսք գա: Ունենք 6 դեբյուտային առաջարկ, որոնցից մեկն արդեն գեղխորհրդի կողմից ընտրվել է ու 2018 թվականի ընթացքում կիրականացնի: Մենք կինոդպրոցի բյուջեն ուղղել ենք պետություն-մասնավոր համագործակցությանը, և ստացել ենք շատ լավ արդյունք», – նշեց Ա. Ամիրյանը:

Դիտողությանը, որ 2017-ին կինոլորտին մեծ ուշադրություն դարձնելով ու առաջընթաց գրանցելով հանդերձ՝ անդրադարձ չեղավ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմին, որը հայ կինոյի պատմության մեջ շրջադարձային էր ու այս տարի դարձավ 50 տարեկան, նախարարը խոստովանեց.

«Ես ընդունում եմ այդ դիտողությունը, մեկ շաբաթ առաջ Նարինե Մալյանի հետ ցավով արձանագրեցինք այդ փաստը: Դա, իսկապես, մեր վրիպումն էր»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում