Հոգևոր ծառայություն դժվարին վոլորտներում Բոլորս էլ մեղավոր ենք․․․

Հոգևոր ծառայություն դժվարին վոլորտներում
Բոլորս էլ մեղավոր ենք․․․

Սիրելի՛ ընթերցող, վերոնշյալ խորագիրը կրող շարքի շրջանակում մեր հերթական հանդիպումը Արգավանդի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ է: Արդեն մոտ մեկ տասնամյակ նա իր ծառայությունն է բերում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ աշխատելով դատապարտյալների հետ: Հարցազրույցի ընթացքում ծանոթացել ենք ոլորտում եղած խնդիրներին ու նրբություններին:

Քառորդ դարից ավելի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բանտերում ունի իր հոգևոր սպասավորները: Աշխատանքը տարիների ընթացքում դարձել է ավելի կանոնակարգված:

Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը նշանակվել է ծառայության հոգևոր պատասխանատու:

Ներգրավված հոգևորականները, որ սպասավորում են ՀՀ-ում առկա գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում, տվյալ տարածքի քահանաներն են, որոնք շաբաթվա մեկ-երկու օրը լինում են բանտերում:

-Տե՛ր Գրիգոր, ինչո՞վ է տարբերվում հոգևոր ծառայությունը բանտերում Ձեր առօրյայի այլ բաղկացուցիչ մասերից:

-Իմ ծառայությունը և՛ տարբերվում է, և՛ չի տարբերվում: Քահանայի հիմնական խնդիրը մարդկային հոգիների փրկությունը պետք է լինի, զղջման, ապաշխարության, խոստովանության միջոցով մարդկանց դեպի երկնքի արքայություն առաջնորդելը, բայց մյուս կողմից բանտն ունի իր առանձնահատկությունները, որովհետև մարդիկ սահմանափակումների մեջ են գտնվում: Օրինակ՝ բանտարկյալը չի կարող մասնակցել Ս․ Պատարագներին, եկեղեցական խորհուրդներին՝ բացառությամբ այն խորհուրդների, որ հնարավոր է բանտում կատարել: Թեև փորձում ենք ինչ-որ ելք գտնել: Արդեն մոտ հինգ տարի Ս․ Ծննդյան և Ս․ Հարության տնօրհնեքներ ենք անում ցմահ դատապարտյալների բանտախցերում․ մի քանի անգամ խաղողօրհնեքի կարգ ենք կատարել․ մկրտություններ և պսակներ ենք արել, ինչպես նաև ավելի պատրաստված և դրա պահանջը գիտակցող բանտարկյալների համար խոստովանության և ապաշխարության կարգեր ենք կատարում ու Ս․ Հաղորդություն տալիս:

-Ի՞նչ դեր ունի հոգևորականի ներկայությունը բանտում:

-Այսօր հոգևորականի դերը մեծ է բանտերում, որովհետև մեր ներկայությունը, զրույցները բանտարկյալների հետ աշխարհայացք են փոխում: Գրեթե բոլորը գիտակցում են հոգևոր խոսքի անհրաժեշտությունը: Եվ քանի որ այն քրեակատարողական հիմնարկ է, հանդիպումները, որպես կանոն, լինում են անհատական, ինչն ավելի է բարդացնում հոգևորականի աշխատանքը: Մարդիկ, նեղության մեջ լինելով, առավել կարիք ունեն մխիթարության, այդ վիճակից դուրս գալու, որովհետև շատերը, մանավանդ ցմահ բանտարկյալները, ընկճված են լինում հատկապես իրենց դատապարտության առաջին տարիներին: Եվ եթե այստեղ մարդը չունենա հոգևոր գիտակցություն, հավատք, աստիճանաբար կկորցնի ապրելու ազդակները:

Մենք առաջին հերթին մարդկային մոտեցում ենք ցուցաբերում բանտարկյալի հանդեպ՝ սկսելով պարզ զրույցներից, ինչից հետո միայն անցում ենք կատարում հոգևոր թեմաներին: Չմոռանանք՝ բանտում կան մարդիկ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանք չունեն, կան աղանդավորներ, անհավատներ: Բայց անգամ վերջինները պատրաստ են զրույցի՝ ելնելով հոգևորականի սրտացավ ու ջերմ վերաբերմունքից: Շատ կարևոր է, որ բանտարկյալը վստահի քեզ, ինչն այդ պայմաններում լուրջ խոչընդոտ է, նրանք շատերի հանդեպ անվստահություն ունեն, և հոգևորականին էլ սկզբում նույն դիտանկյունից են մոտենում, բայց երբ հասկանում են, որ շատերի նման չես եկել, որ գործդ անես ու գնաս, սկսում են վստահել, կիսվել իրենց խնդիրներով:

Ուստի հոգևորականի կեցվածքն ու պահվածքը շատ կարևոր են: Ես փորձում եմ իրենց բերել ապաշխարության, մեղքերից ազատագրման՝ հանուն երկնքի արքայության, ինչի կարիքը բոլորս ունենք, պարզապես, ի տարբերություն այս մարդկանց, որոնց հանցանքները հայտնի են հասարակությանը, մեր մեղքերի մասին գիտի, թերևս, միայն Աստված:

-Տե՛ր հայր, Դուք ինքներդ այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարություններ եք ունեցել, և արդյոք միայն գիտելիքները բավարա՞ր են բանտում արդյունավետ հոգևոր ծառայություն իրականացնելու համար:

-Միայն հոգևորականի այցերը բավարար չեն լուրջ փոփոխությունների համար, եթե դիմացինն ինքը չցանկանա: Ձգտում ունեցողները լուրջ առաջընթաց ունեն քրիստոնեական առումով: Բանտում ես սովորել եմ որևէ մեկին չարհամարհել, չանտեսել:

Բանտարկյալներից ոմանք անգամ առաջնորդվում են բարոյական ու քրիստոնեական բարձր արժեքներով: Մարդիկ կան այդ պայմաններում պահք են պահում, ծոմապահություն ունենում, Սուրբ Գիրքն ընթերցում և աղոթում: Ինչ վերաբերում է հոգևորականի գիտելիքներին, դրանք կարևոր են (շատ մարդիկ հենց դրանցով են հրապուրվում), բայց առավել կարևոր են հավատքն ու սերը, հոգածությունը և ուշադրությունը: Բանտում կան ծանր պատիժների դատապարտված մարդիկ, որ իրականում այդ հանցանքը չեն գործել, կամ իրենց հանցանքն ավելի փոքր է, քան սահմանված պատիժը:

Նրանց հարցերին պատասխանելն ու մխիթարելը շատ դժվար է, եթե քրիստոնեական գիտակցություն չունեն՝ հասկանալու համար, որ Աստված ամեն ինչ գիտի, և եթե թույլ է տալիս, որ առանց մեծ հանցանքի պատիժ կրես, ուրեմն դա քեզ օգտակար է, քանի որ Տերն ուզում է դժվարության, նեղության, փորձության ճանապարհով քեզ հասցնել մեղքերից ազատագրության և փրկության: Իհարկե, արդյունքը միայն Աստված գիտի, բայց Նա տալիս է երկնքի արքայություն տանող նեղ և անձուկ ճանապարհը: Այս ամենից ելնելով էլ՝ ամեն անգամ բանտ գնալը հոգեբանական դժվարությունների առջև է կանգնեցնում, սակայն դեռ չի եղել մի օր, որ բանտից ճնշված հեռանամ: Միշտ դուրս եմ եկել թեթևացած սրտով, որովհետև բանտարկյալների հետ շփվելիս ավելի եմ մխիթարվել, քան իրենք:

-Ի՞նչ ընդհանուր բնութագիր ունեն բանտում գտնվող մարդիկ, ի՞նչ ապրումներ ու նպատակներ:

-Կան և՛ գրեթե անգրագետ, և՛ միաժամանակ գիտելիքների լուրջ պաշարով մարդիկ: Կյանքի ձգտում ունեցողները փորձում են ոչ թե ժամանակը սպանել, այլ ապրել կյանքը:

Ցմահ դատապարտյալների մեջ գրողներ ունենք, ուսանողներ, համալսարաններ ավարտածներ, բանտից հեռահար աշխատողներ, ամենատարբեր ոլորտների թղթակիցներ ու ծրագրավորողներ: Նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ․ ձգտում են ազատության, նորմալ կյանքի: Ուղղակի հենց այդտեղ է, որ խնդիր է առաջանում․ հիմնականում չգիտեն՝ ինչպես նորմալ ապրել: Հարցն այն է, որ մարդը ոչ թե ուզում է բանտ գալ, այլ չգիտի՝ ինչպես ապրել կյանքը:

Երկար տարիներ բանտում գտնվող դատապարտյալներից գրեթե նույն խոսքերն եմ լսել: Եթե ընտանիք չունեն, ուզում են ընտանիք կազմել, եթե ընտանիք ունեն, ուզում են գնալ մի հեռու գյուղ՝ մարդկանցից հեռու, աշխատել ու ապրել: Այս ընթացքը մի քիչ երազային է, ուստի այստեղ է, որ հոգևորականը պիտի օգտակար լինի՝ սովորեցնելով, որ Ճանապարհը, Ճշմարտությունն ու Կյանքը Քրիստոսն է, և որևէ մեկը չի կարող հասնել երկնքի արքայության, եթե ոչ Նրա միջոցով:

-Տե՛ր Գրիգոր, ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը՝ ելնելով այս խնդրի շրջանակներից:

-Փաստում եմ՝ մարդիկ կան, որ բանտախցի ճաղերի հետևում ավելի ազատ են, քան մենք, այսինքն՝ Աստծո մեջ ազատություն են գտել, մեղքերի հետ պայքարելով՝ հասել են հոգու ազատության: Պարզապես մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունելու այս մարդկանց: Միայն ցմահ դատապարտյալ անունը բավարար է, որ ցանկացած լսող պատկերացնի ինչ-որ մարդասպան: Հասարակության մեջ կարծրատիպ կա, որ պետք է հաղթահարել, և ինչքան շատ լինեն նրանց մասին հրապարակումները, այնքան ավելի ճանաչելի կդառնան:

Եթե նույնիսկ այդ մարդիկ իրենց կյանքի ինչ-որ հատվածում սխալվել ու սայթաքել են՝ չպետք է մոռանալ՝ բոլորս էլ մեղավոր ենք, և մի օր անպայման զղջում ենք՝ փորձելով շտկել մեր կյանքը: Այդ դեպքում ինչո՞ւ մենք դրա իրավունքն ունենք, ցմահ դատապարտյալը կամ բանտարկյալը՝ ոչ: Մենք տարբեր չենք նրանցից, և եթե այդ մարդիկ այսօր են կրում իրենց պատիժը, ապա մենք բոլորս մի օր պետք է Աստծո դատաստանի առջև կանգնենք: Ուրեմն հիշելով դա՝ այնպես ապրենք մեր կյանքը, որ խուսափենք հավիտենական դատապարտությունից, ինչը շատ ավելի ծանր ու սոսկալի է, քան ցմահ դատապարտված լինելը:

Զրուցեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Շողակն Արարատյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում