Գուցե հենց այստեղ

Գուցե հենց այստեղ

Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեո
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
– Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:

Համո ՍԱՀՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում