ԱՍԱԼԱ-ն, թուրքերն ու տասնհինգամյա պատանին

ԱՍԱԼԱ-ն, թուրքերն ու տասնհինգամյա պատանին

2004 թ-ի ամառն էր: Համալսարանի երկրորդ կուրսի քննությունները մի կերպ վերջացրել էի ու երջանկության գերադրական աստիճանով սպասում էի, թե երբ եմ գյուղ գնալու, երբ հայրս մի երեկո եկավ տուն ու պարտադրական իմպերատիվ ոճով հրահանգեց՝ Հոլանդիայում սեմինար կա, պիտի մասնակցես: Իհարկե, 15-16 տարեկան պատանու համար Հոլանդիան, ինչպես և արդեն հասկացաք, ասոցացվում է Վան Գոգի, Ռեմբրանդի, «Մադամ Թյուսո»-ի թանգարանի, ծաղիկների ինդուստրիայի, նախկին գաղութատիրության, բայց ոչ երբեք մարիհուանայի և համասեռամոլների հետ, ուստի և բավական երկար պայքարեցի՝ գյուղ գնալն ավելի հրապուրիչ էր թվում: Հորս դեմ պայքարելը, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, բացարձակ անշնորհակալ և ոչ մի տեղ չտանող գործ է, ուստի Գերմանիայի դեսպանատանն իմ առաջին շենգեն վիզան ստանալուց հետո կրկին առաջին անգամ օդանավ նստեցի ու մի խումբ այլ «սեմինարիստների» հետ երջանկահիշատակ «Արմավիա» ավիաուղիներով թռա ու հասա Ամստերդամ: Իմ պատկերացումները Հոլանդիայի մասին դոմինոյի էֆեկտով փշրվեցին, որովհետև օդանավակայանի սահմանապահը համասեռամոլ չէր, իսկ փողոցում օրը ցերեկով սեքսով չէին զբաղվում: Ինչևիցե, մի կերպ մարսելով դաժան անակնկալները, այնտեղից գնացք նստեցինք ու հասանք Գերմանիայի սահմանին գտնվող Օմմեն բարի ու ոչինչ չկատարվող մի գյուղ, որն առաջին հայացքից իմ մոտ զզվանք ու խորը հակակրանք առաջացրեց՝ ոչ աթարի հոտ կար, ոչ էշերի քարավաններ և ոչ էլ աղբյուրի մոտ հավաքված ու ջրի համար կռվող տղեկներ ու հաստամարմին կանայք: Չնայած, ո՛չ, ավանակ կար՝ ավելի ճիշտ ավանակի մի արձան, որը հետո, ինչպես իմացա, նվիրված է երանելի մի իշուկի, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իմաց է տվել խոր քնով անցած բնակիչներին գերմանական զորքերի մասին, ուղիղ այնպես, ինչպես ժամանակին սագերը փրկեցին Հռոմը: Բայց, ի տարբերություն հռոմեացիների, հոլանդացիները խոր քնից արթնանալուց հետո ոչ թե մերկացրել են սրերն ու վազել դեպի իրենց վրա արշավող բարբարոսները, այլ քաղաքակիրթ ձևով սպիտակ դրոշ բարձրացրել ու առաջին իսկ մոտեցած ֆրիցին «Հայլ Հիտլեր» բոռացել:

Բայց այս ամենը լիրիկա է: Հոլանդիան Հոլանդիայով, բայց մասիվների փողոցներում կրթությունս ինքն իր փոխարեն խոսում էր: Շուրջ 10 երկրներից ժամանած երիտասարդական պատվիրակություններին հատկացված 18-րդ դարի մի հսկա առանձնատան սենյակներից ամենալուսավորը երկար կռիվներից ու ղալմաղալներից հետո բաժին հասավ ինձ ու երկու երեսուն տարեկան վրացի ազնվական երիտասարդների, ովքեր այն աստիճան արիստոկրատ էին, որ ժամանման հաջորդ վայրկյանից իսկ արդեն մեկնել էին Օմմենի կենտրոնում գտնվող հագուստի խանութներ՝ այնտեղից նրբանկատ կերպով հագուստներ գողանալու ազնվագույն մղումներն ի կատար ածելու:

Բուն սեմինարը բաժանվում էր երկու մասի՝ Օմմենի ներսում և եռօրյա outdoor training, որն իրենից ենթադրում էր քարտեզի կոնկրետ կետը հասնելու հանձնարարություն, ինչի համար մասնակիցները բաժանվել էին մի քանի խմբերի: Գետով, անտառով, հեծանիվներով՝ սոված-ծարավ, թաց քնապարկերով արշավին կարող էին նախանձել անգամ կռիվ-կինոների ամերիկյան հատուկջոկատայինները, որոնց գոնե ուտելու բան էին տալիս, իսկ մեզ, ըստ անիծյալ խաղի կանոնների, բաժին էր ընկել ուտելիք հայթայթելու հանձնարարությունը, որի ֆինանսական մասը բացառելու համար նախօրոք բոլորիս մոտից վերցրել էին մոտներս եղած գումարները: Ավելի շատ սպիտակ ստրկություն հիշեցնող այս առաքելության մեջ, իհարկե, խաղի կանոններ խախտողներ համարյա չկային, բացառությամբ ինձ ու իմ վրացի Դաթիկո անունով ընկերների՝ կոշիկների ներբանների մեջ փող պահելու հնագույն սովորությունը ոչ մեկ չէր արգելել: Եվ երբ հույները, հունգարացիները, լեհերն ու ուկրաինացիները սոված տեսքով հոլանդական խուլ գյուղերի տատիկ-պապիկներին բացատրում էին, որ իրենք Սոմալիի որբեր չեն, այլ խաղի են մասնակցում, ես ու իմ ազնվական վրացի ընկերները ցանկացած սուպերմարկետից գնում էինք այն, ինչ անհրաժեշտ էր: Լավ, հանուն ազնվության պետք է նշեմ, որ գնում էի ես, իսկ վրացիներն ուղղակի մոռանում էին վճարել գնածի համար, և այդ ամենն անում էին խորհրդային ջեբկիրին վայել կատարելությամբ:

Երբ եռօրյա անիծյալ արկածներն էլ ավարտվեցին, մեզ հասավ մեկ երեկո ազատություն: Չմոռանամ նշել, որ սեմինարին նաև մասնակցում էր Ռուբեն անունով մի հիասքանչ երիտասարդ, ով բանտից էր հատուկ գործուղվել այդ սեմինարի տեխնիկական հատվածին օգտակար լինելու համար: Իսկ բանտում սույն սուբյեկտը հայտնվել էր իր ուսուցչին առանձնապես ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Քանի որ 15 տարեկանում կրիմինալ ռոմանտիզմի նկատմամբ որոշակի համակրանք կար, իսկ «Վլադիմիրսկիյ ցենտրալ» երգն էլ բոլոր ժամանակների լավագույն հիթն էր, իմ ու Ռուբոյիս հարաբերություններն ի սկզբանե դրական նոտայով սկսեց: Այն երեկո, երբ մենք ստացանք այդքան բաղձալի ազատություն, Ռուբոն ինձ առաջարկեց գնացքով մեկնել հարևան Զվոլե՝ տուրիստական շրջագայության, և ես էլ, առանց երկար մտածելու, համաձայնեցի:

Պետք էր միայն տեսնել, թե ինչ հպարտությամբ ես վերջապես առիթ ունեցա հագնելու Հայաստանից հետս հատուկ այս նպատակով բերված շապիկը, որն իրենից ավելի շատ հիշեցնում էր հայ ժողովրդի պատմության, Ցեղասպանության համար լուծվելիք վրեժի, Ծովից Ծով Հայաստանի քարտեզ, քան տասնհինգ տարեկան պատանու հագուստ: Վրան մեծ տառերով գրված էր «ԱՍԱԼԱ», թևերին՝ Հայաստանի և Արցախի զինանշանը, որին ես ֆլոմաստերով ավելացրել էի հավերժության նշանն ու Անիի Սմբատյան պարիսպների վրա հայտնաբերված կեռ խաչը: Վերջինիս սկզբնաղբյուրի մասին բովանդակ Օմմենում և հարակից գյուղերում, կարող եմ գրազ գալ, միայն ես գիտեի՝ մյուսների համար այն ընդամենը ֆաշիզմի խորհրդանիշն էր: Ինչևիցե, զինված հայ ժողովրդի 10 000-ամյա պատմության ամբողջ պատասխանատվությամբ, ես ու Ռուբոն, ով արդեն հասցրել էր ընդունել մարիհուանայի հերթական չափաբաժինը, գնացքով հասանք Զվոլե, որն իսկապես հիասքանչ էր: Միջնադարյան ճարտարապետության լավագույն ձեռքերը հոլանդական այս փոքր քաղաքը դարձրել էին անկրկնելի և, 9-րդ մասիվի գոթիկային սովոր երիտասարդի աչքերի և ուղեղի համար չափից առավել գեղեցիկ: Չհասցրեցի անգամ անդրադառնալ, թե երեկոն ինչպես վրա հասավ, իսկ վերջին գնացքը Օմմեն մեկնում էր մոտ 40 րոպեից:

-Ռուբո՛,-հա՛րցնում եմ մարիհուանայի ազդեցության տակից նոր-նոր դուրս եկող ընկերոջս,-կայարանը ո՞ր կողմում մնաց:

Ապուշի պես աչքերն է ճպճպացնում ու վրաս նայում:

-Ա՛յ ախպեր, հետդ եմ, կայարանը որ կողմում մնաց:

Դարձյալ չի պատասխանում: Արդեն հունից դուրս եմ գալիս, Զվոլեյում գիշերելու հեռանկարը, հավաստիացնում եմ, այդքան էլ հրապուրիչ չէ, մանավանդ եթե հյուրանոցի փող չունես: Հասկացա, որ Ռուբոյիս ուղեղը մարիհուանայի ազդեցությունից վերջնականապես քայքայվել է, և որոշեցի, գլխիս ճարն ինքս տեսնել: Հեռվում երևաց կովկասյան արտաքինի մի երիտասարդ, ում քիթն ու սև մազերն այնքան հարազատ թվաց, որ քիչ էր մնում «կորած զարմիկի» էֆեկտով փաթաթվեի ու արտասվեի:

-Բարև ախպեր ջա՛ն,-անգլերենով հարազատիս դիմեցի ես,- կայարանն ենք փնտրում, կարո՞ղ է՝ օգնես:

-Անգլերեն լավ չեմ հասկանում,-ինձ ու հատկապես հայ ազգայնականության խորհրդանիշ շապիկիս ուշադիր ուսումնասիրելով՝ քթի տակ մռլտաց նորահայտ ազգականս ու ձեռքով ոտքով հասկացրեց, թե եկեք էս փաբ մտնենք՝ այնտեղ կօգնեն:

Զևս ու Արամազդ, Անահիտ ու Աթենաս, Հադես ու Սպանդարամետ, անգամ հիմա լեղիս չորանում է, երբ հիշում եմ, թե ինչպիսի զգացողություններ ինձ համակեցին, երբ Ռուբոյի ու էդ քթովի հետ մտա փաբ: Ակնկալվող հոլանդացի տատիկ-պապիկների փոխարեն մեզ այնտեղ դիմավորեցին երեք արևելյան արտաքինով ամրակազմ երիտասարդներ, որոնց միջից ամենատպավորողը երկար մազերով ու բարակ մորուքով մեկն էր, ում շապիկին արտացոլված էր գրեթե նույնը, ինչ իմ շապիկի վրա, մեկ բացառությամբ՝ 10 000 տարվա պատմությունը թուրքերին էր վերաբերվում: Փաբի պատերից կախված էին թուրքական եկու դրոշ ,որոնց մեջտեղում երեք մահիկի նշանն էր՝ Գորշ գայլերի որջում էի հայտնվել:

Մինչ ես փորձում էի գնահատել այն խոր ու համապարփակ վատ բանը, որի մեջ մինչև ականջներս ընկղմվել էի, Ռուբոն շվշվացնելով արդեն գարեջուր էր խնդրվում, իսկ թուրքերը մի քիչ արհամարհական ու անթաքույց հեգնանքով ուսումնասիրում էին Ծովից Ծով Հայաստանի քարտեզն ու վրայիս ASALA գրությունը:

-Ովքե՞ր եք,-մի քանի վայրկյան դադարից հետո հարցրեց երկար մազերով սրիկան:

-Կայարանն ենք փնտրում, տեղը կորցրել ենք,-պատասխանեցի ես՝ կրկին գիտակցելով, որ էն վատ բանը, որի մեջ հայտնվել ենք, արդեն ականջներս ծածկելով հասնում է մազերիս:

-Ո՞րտեղից ես, ախպեր ջան:

-Հայաստանի՛ց:

-Ո՞րտեղից:

-Էրմենիստանից, կայարանն եմ փնտրում:

Մի քանի վայրկյան տևած անբռնազբոս դիալոգն ինձ համար դարեր թվաց: Բայց դե քանի որ վախենալն արդեն անօգուտ էր՝ տեղում հավաքեցի ինձ ու դեմքիս խոժոռ արտահայտություն տալով սկսեցի ես էլ հաթաթա տալով պատասխանել:

Սևահերն ինձ էր նայում ու դեռ չէր կողմնորոշվում, ինչ պատասխան տալ: Հետո մնաց, թե աջ տանող ճանապարհով գնացեք, կգտնեք, էդքան էլ հեռու չի:

Զվոլեից մինչև Օմմեն Ռուբոյին շան տեղ չդրեցի: Ո՛չ խոսում էի, ո՛չ արձագանքում ասածներին: Միայն մեկ բան էր տանջում՝ հիմա ես վա՞տ հայ եմ, որ ինձ թուրքերը հերիք չի չվնասեցին, մի հատ էլ կայարանի տեղը ցույց տվեցին: Երբ հասա սենյակ, դարձյալ լուռ էի, ինքս իմ մեջ ամփոփված, անգամ ուշադրություն չէի դարձնում, թե ինչպես են վրացի թավադները բարձր իրար «շենի դեդա» հայհոյում ու կիսում այդ օրվա հագուստային գողոնը…

Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում