Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում կատարվեց սարկավագական ձեռնադրություն

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում կատարվեց սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն: Այս մասին տեղեկացնում է ter-hambardzum.net-ը։

Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության տվչության արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 13 սաներ ստացել էին դպրության, Դ լսարանի 16 սաներ ուրարակրության, իսկ 5-րդ լսարանի 12 և Քահանայից պատրաստության լսարանի ավարտած 4 սաներ` կիսասարկավագության աստիճան:

Ս. Ստեփանոսի բերկրառատ տոնի առիթով, օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Վարդան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 16 սաներ:

Ձեռնադրության ավարտին Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի իմաստին ու Ս. Ստեփանոսի նահատակության պատմությանը՝ նշելով, որ Սուրբ Ստեփանոսը համաքրիստոնեական առաջին նահատակը դարձավ իր հավատքի ապրումով և վկայությամբ: «Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը մեզ համար նախնյաց կողմից հրավեր է` նորոգելու մեր ծառայության ուխտը, որ է` ծառայություն ընտանիքին, ազգին ու ժողովրդին, և մանավանդ`Աստծուն և եկեղեցուն», — ասաց Սրբազանը:

Նորընծա սարկավագներին ուղղված իր խոսքում Սրբազան Հայրը նշեց. «Տիրոջ լուծը խորհրդանշող ուրարը, որ այսօր ձեր ուսերին դրվեց, նաև ձեր միջավայրի, ժողովրդի կողմից երբեմն չհասկացվելու, փշոտ, դժվարին ճանապարհով ընթանալու նշան է: Սակայն ինչպես մեր ամենքի հավատքի աղբյուր Հիսուս է ասում, եթե հավատաք Նրան, Նրա հետ միության կատարյալ գիտակցությամբ ապրեք, ձեր կյանքում կխոսի Հիսուս, և ձեր շուրթերից Տիրոջ խոսքը կհորդա ու կտարածվի հավատացյալների սրտերում ու հոգիներում, դուք ձեր ծառայությամբ մի մասնիկը կդառնաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, և այդպիսով այդ լուծը կքաղցրանա ձեր կյանքում»:

Սարկավագական ձեռնադրություն կատարելու կապակցությամբ Վարդան Սրբազանն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Բ Հայրապետին` նշելով, որ այսօր Վեհափառ Հոր առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունները նոր ավյունով` հավատքով, նոր սխրանքների, մեծ գործերի պատրաստ երիտասարդներով բերում են լրացնելու միաբանության շարքերը:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա ժողովուրդը հնարավորություն ունեցան համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից հանված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից ճառագող օրհնությունը:

Հավարտ սուրբ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի:

Սարկավագաց դասն ընկալյալ ավանդության համաձայն երգեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղը, ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց սարկավագներին:

Շնորհավորելով ամենքին տոնի կապակցությամբ` Նորին Սրբությունը հորդորեց սարկավագներին մշտապես իրենց աչքի առջև ունենալ Ստեփանոս Նախավկայի ոգեշնչող օրինակը, սիրել Աստծուն, անմնացորդ ու անսակարկ ծառայել Քրիստոսի սուրբ Եկեղեցուն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր ուրախությունն արտահայտեց 16 սարկավագների ձեռնադրության առիթով` վստահություն հայտնելով, որ նորընծաներն իրենց անձնդիր աշխատանքով ու նվիրյալ ջանքերով իրենց նպաստը կբերեն մեր ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հաղթահարման գործին` հույս ներշնչելով դեպի Հայոց Եկեղեցու վաղվա օրը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նաև միաբան սարկավագներին` պատգամելով նույն ոգով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց սպասավորությունը Մայր Աթոռին և անբասիր ծառայությամբ հայորդիների համար սիրելի դարձնել Հայոց Եկեղեցին:

Հայոց Հովվապետը մաղթեց, որ Երկնավոր Տերն իր առատ օրհնությունը հեղի սարկավագների վրա, որպեսզի տերունապարգև շնորհներով արդյունավետ դարձնեն իրենց հոգևոր սպասավորությունը:

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին` տոնի առթիվ ամենքին ընծայելով հոգևոր գրականություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 141 միաբան սարկավագ, ևս 39 սարկավագներ ուսանում են Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում