Թեբեական

Թեբեական

Նա իմ ննջարանը մտավ խարխափ ու անորոշ՝
որպես կեսգիշեր,
և հեռացավ առավոտի քայլերով՝ դեռ պաղլույս ու անարև։

Քաղա’ք, միշտ մուտք ու վերադարձ,
ո՞ւր տարար առավոտս հենց նոր տեսած․
ես փնտրել եմ նրան ամբողջ մի կյանք,
սպասել բոլոր ժամերի մեջ`
վստահելով այս հանդիպմանը առանց պայման։

Ամեն օր քո մեջ շրջած այգի,
չտեսա՞ր նրան․
իմ աչքերն ուներ,
իմ մարմնի գույնն ու
իմ հայացքով էր․
անհնար էր շփոթել։

Փողոցներ, որ խնամքով պահում եք ոտնահետքերս,
և կամուրջներ՝ կախված ջրանցքներին,
իմ խոսքն է նրա լեզուն,
իմ բառն է նրա շուրթերին,
և ամեն սեթևեթն իմ բանաստեղծությունն է․
չէիք կարող չճանաչել։

Նրա ափերի մեջ իմ սիրտն է,
իսկ մատների տակ բարակում է հոգիս,
և իմ սպասման կում-կում ծարավն է պարանոցին․
դուք պե՛տք է ետ պահեիք նրան,
ծառուղում ու նստարանին համբուրվող զույգեր:

Ի՜նչ ճամփաների հիմա դիմեմ ես՝
արևածա՞գ, թե՞ մայրամուտ,
որ մինչև օրը և ժամս վերջին տեղ հասնեմ։

Իսկ դու, քաղաքի դարպասը հսկող
թեբեական հայացքով կույր գուշակ,
ասում ես՝ քո ննջարանը գնա,
եթե նա է, կգա առավոտի քայլերով,
որ չի գնացել։

Հուսիկ ԱՐԱ

Հետևեք մեզ նաև Telegram-ում