Հայ գրչությունն ու մանրանկարչությունը Կիպրոս կղզում

Հայ գրչությունն ու մանրանկարչությունը Կիպրոս կղզում

Կիպրոսը՝ հայերի հանգրվան: Կիպրոս կղզում, որը գտնվել է Արևմտյան Հայաստանի, Հայկական Կիլիկիայի և մերձավոր Արևելքի հայաշատ շրջանների հարևանությամբ, վաղ միջնադարից սկսած հաստատվել է հայ բնակչություն: Կղզին նաև ծառայել է որպես աքսորավայր, ուր բյուզանդացի կայսրերը բռնի բնակեցնում էին ապստամբ հայ բնակչությանը: Կիպրոսահայ գաղութի վերընթացը հիմնականում կապված է 11-րդ դարում Կիլիկիայում հայկական պետության հաստատման և հզորացման հետ:

Կիպրոսում Լուսինյան հարստության հաստատման ժամանակ (1192 թ․) հայերը կղզու քաղաքներում և գյուղերում պատկառելի թիվ էին կազմում: 1210 թ․ կիլիկյան հայ թագավոր Լևոն Բ-ն ամուսնանում է Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դստեր՝ Սիպիլի (Զապելի) հետ: Այսպիսով հաստատվում են նաև հայ-կիպրական բարեկամական կապեր:

14-րդ դարում (Կիլիկիայի անկումից հետո) Կիպրոսի թագավորները երկար ժամանակ կրում էին «թագավոր Երուսաղեմի, Կիպրոսի և Հայաստանի» տիտղոսները:

Կղզու հայ հոգևոր-մշակութային կյանքը: Կիպրոսահայերը ապրել են եկեղեցական և կրթական-մշակութային կյանք: Հայերի թվաքանակի մեծացմանը զուգահեռ կազմակերպվել է նաև հոգևոր-եկեղեցական կյանք, ստեղծվել առանձին հոգևոր թեմ, որի առաջնորդ Թեոդոս եպիսկոպոսը մասնակցել է 1179 թ․ Հռոմկլայի ժողովին: Հետագայում հայերը կղզում ունեցել են երկու թեմ՝ իրենց առաջնորդ եպիսկոպոսներով: 13-15-րդ դդ․ կիպրոսահայ գաղութը ծաղկում է ապրում: Հայերը առաջատար էին հատկապես ցամաքային և ծովային առևտրական և զինվորական գործերում: Այս աշխուժությունը շարունակվում է մինչև 15-16-րդ դարի վերջ՝ Կիպրոսում իր տիրապետությունը հաստատած Վենետիկյան հանրապետության գոյության տարիներին:
Կիպրոսի հայ բնակչությունը հաստատվել էր հիմնականում կղզու խոշոր քաղաքներում՝ Նիկոսիա, Լիմասոլ, Լառնակա, Ֆամագուստա։

Հայերը, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այստեղ ևս հիմնել են եկեղեցիներ, շարունակել հայկական գրչության ավանդները՝ գրել ու ծաղկել են հայ մտքի գոհարներ՝ ձեռագիր մատյաններ: Կիպրոսահայերի եկեղեցական կենտրոններից նշանավորներն են Նիկոսիայի Սուրբ Աստվածածին (1310 թ․), Սուրբ Վարվառա, Սուրբ Սարգիս, Ֆամագուստայի Սուրբ Աստվածածին (Գանչորի) եկեղեցիները և այստեղից ոչ հեռու գտնվող Սուրբ Մակար (Կապույտ վանք) վանական համալիրը:

Ֆամագուստայի հայկական եկեղեցին յուրահատուկ է հայ միջնադարյան կերպարվեստի պատմության մեջ այստեղ կիսով չափ պահպանված որմնանկարչական շարքով, որ համադրումն է հայկական և բյուզանդական գեղարվեստական ոճերի և պատկերագրական տիպերի:

Հայ ձեռագրարվեստը «ի կղզիս, որ կոչի Կիպրաւս»: Կիպրոսի հայ գրչությունից մեզ հասած առաջին մատյանն Ավետարան է՝ ընդօրինակված կիլիկեցի Պետրոս գրչի կողմից 1280-ին (Նոր Ջուղայի ձեռագրատուն« ձեռ․ N3): Ընդօրինակություններ են արել նաև Խաչատուր գրիչը (1287 թ․ Ավետարան), Ստեփանոս Գոյներիցանց, Սմբատ, Հովհաննես, Թորոս գրիչները: Հայտնի են նաև Գասպար Համթեցու ընդօրինակած Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն Կաթողիկէից թղթոց» 1426 թ․ աշխատությունը, Ստեփանոս երեցի «Մաշտոց»-ը` 1641թ․, Սարգիս կրոնավորի ժողովածուն՝ 1671թ․, Հովհաննես եպիսկոպոսի «Շարակնոց»-ները` 1670, 1674 թթ․ և այլ մատյաններ:

Հիշատակություններ կան նաև կղզու եկեղեցիներին նվիրած կամ այստեղ ձեռք բերված գրչագրերի մասին: Գրքերի հիշատակարանները հարուստ պատմական տեղեկություններ են հաղորդում գրիչների ապրած ժամանակի մասին: Հիշատակարանների շնորհիվ կարելի է նաև բազմաթիվ փաստեր գտնել այն վայրերի մասին, որտեղ հաստատվում էին հայ գրիչները: Այսպիսով կարելի է հետաքրքիր տեղեկություններ քաղել Կիպրոսի պատմության, մշակույթի, բազմազգ միջավայրի մասին:

Մանրանկարչական ոճի զարգացումը կիպրոսահայ գրչարվեստում: Վաղ շրջանից հայտնի հայկական ձեռագրերը համեմատաբար պարզ ոճավորված, գրեթե նկարազարդումներից զուրկ մատյաններ են: Այս շարքից իր առանձնահատկությամբ և լատինական գրքարվեստի ազդեցությամբ աչքի են ընկնում 1287 թ․ Խաչատուր գրիչից հասած Ավետարանի Մատթեոս ավետարանչի պատկերն ու լուսանցազարդերը:

Պատկերը փոխվում է 14-րդ դարի սկզբին․ կիպրոսահայ ձեռագրերը աչք են զարնում կիլիկյան հայ մանրանկարչությունը հիշեցնող հարուստ նկարազարդումներով:

Լատինամետ Հեթում թագավորի և նրա եղբոր՝ Օշինի վարած քաղաքականությունը միանշանակ չէր ընդունվում հայ բնակչության և հոգևորականության մի մասի կողմից: Եվ սովորաբար այդ «ապստամբները» բռնի արտաքսվում էին երկրից, որոնց մեջ Կիպրոս գաղթեցված հայերը մեծամասամբ գրիչներ ու ծաղկողներ էին: Այստեղ նրանք հովանավորություն ստացան Կիլիկիայի Կերան թագուհու քրոջ կողմից և շարունակեցին իրենց գործը Կիպրոսում: Այսպիսով կիլիկյան և փոքրասիական հայկական մանրանկարչական ոճերը իրենց շարունակությունը գտան նաև Կիպրոսում գործող գրչության կենտրոններում՝ կրելով նաև կղզում տեղայնացված բյուզանդական և խաչակիրներից հետո հաստատված լատինական արվեստի ազդեցությունները:

Անի ԵՆՈՔՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում