Տոնածառի հանդեսում

Տոնածառի հանդեսում

Էհե՜յ, ո՞ւր եք լռել, ո՞ւր,
Ձմեռ Պապն է եկել հյուր,
Շրջան կազմեք, պար բռնեք,
Երգենք, ծափ տանք ու թռնենք:

Մեջտեղ արի´, Զարուհի,
Այ իմ Ձյունիկ-պարուհի,
Ի՞նչ Նոր տարի առանց քեզ.
Ուրախացրու մի քիչ մեզ:

Բա դո՞ւ, շլդիկ փափկամազ,
Ինձ մոտ արի վազեվազ,
Ցույց տուր ծուռտիկ քո պարը,
Թող զարմանա աշխարհը:

Ի՞նչ ես քնել, այ բրդոտ,
Վեր կաց, դու էլ արի մոտ,
Եվ դու, փոքրիկ իմ սկյուռ,
Կաղին կտամ քեզ մի բուռ:

Դուք էլ եկեք, գայլ, աղվես,
Միայն կարգին պահեք ձեզ,
Նոր տարի է, Նոր տարի,
Եղեք խելոք ու բարի:

Դե՜հ, հավաքվեք, պար բռնենք
Երգենք, ծափ տանք ու թռնենք,
Որ բոյ քաշենք մեծանանք,
Այսպես փոքրիկ չմնանք:

ՄԵՏԱՔՍԵ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում