Ակնթարթ

Ակնթարթ

Անձրևում էր օրը հաշիշ, և մշուշ էր ճանապարհին,
Եվ բարի էր օրը այնպես, ու մոտիկ էր հեռուն այնքան,
Սև թմբիրի փափկատեսիլ պատուհանը հանկարծ բացվեց,
Ու հակինթվեց մի մեղեդի ՝ երազացիր, ցնորական:

Շրջանակի կապույտ միգում լուսաօծվեց դեմքը նրա,
Եվ իմ միջով ձեռքը նրա պարզվեց, ձգվեց դեպի հեռուն.
Հարբեցողի ձայնը հնչեց որպես սաղմոս, տաղ լուսնկա,
Մեռնող օրը դարձավ ոսկի, դարձավ ծնծղա, դարձավ արյուն:

Իմ խորքերում մշուշն իսպառ տեղը զիջեց պարզ գույներին,
Եվ աղջկա շուրթերն անուշ բուրվառեցին ժպիտ մի տաք,
Խավարածին խորհուրդները կամաց- կամաց նահանջեցին.
Եվ ինձնից դուրս, և իմ ներսում արյան հոսք էր, արյան կրակ:

Եվ ինձնից դուրս, և իմ ներսում ջահել մի երգ էր մղկտում,
Ջահել մի սիրտ երկփեղկվել էր հմայքի դեմ անդիմադիր.
Դեղի՜ն, դեղին մի ժապավեն լուսապսակ էր, լուսաշող,
Լուսատեսիլ, լուսաերիզ, լուսավարար և լուսացիր:

Ինձ կանչում էր անհայտության մոգական ուժը դավադիր,
Սրբազան հուր էր նկարվել հեռուների պարանոցին,
Մութ վարսերի մութ ծերպերում ծվարել էին շողիկներ,
Արեգակն էր երկուտակվել նրա ճերմա՜կ, ճերմակ ծոցին:

Ու չգիտեմ, ու չեմ հիշում՝ սուզվում էի, թե սավառնում,-
Իմ մատները հյուսած նրա բոց մատներին աներկրածին,-
Հոգուս գրկում բարուրվում էր ճերմակ տեսիլն այն աղջկա,
Անձրևում էր օրը հաշիշ, և մշուշ էր ճանապարհին:

Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում